Իրանի Սպահան քաղաքում տեղակայված միջուկային օբյեկտում վնասվել է չորս շենք, մինչդեռ այլ միջուկային օբյեկտներ չեն վնասվել, հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Գրոսսին։
Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է ԻՀՊԿ հետախուզության ղեկավարի և բարձրաստիճան սպաների սպանությունը։ «Կիրակի օրը Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածել են Թեհրանում մի շենքի, որտեղ եղել են Իրանի ռեժիմի հետախուզական կազմակերպությունների մի քանի բարձրաստիճան անդամներ։ Հարձակման հետևանքով զոհվել են ԻՀՊԿ հետախուզության ղեկավարը (Մոհամմադ Քազեմին) և նրա տեղակալը (Մոհամմադ Հասան Մոհակեքը), ինչպես նաև ԻՀՊԿ «Ղուդս» ուժերի հետախուզության ղեկավարը (Մոհսեն Բաղերին) և նրա տեղակալը (Աբու ալ-Ֆաչել Նիկուին)», – ասվում է հայտարարության մեջ։
Իրանական հնարավոր հարձակման պատճառով Իսրայելի Կնեսեթի նիստը տեղափոխվել է նկուղ։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերը երկուշաբթի առավոտյան՝ Իսրայելի վրա հարձակման ժամանակ, օգտագործել են հիպերձայնային հրթիռներ:
Այս մասին հաղորդել է իրանական Tasnim պետական լրատվական գործակալությունը:
«Իրանի կողմից այսօր առավոտյան Իսրայելի վրա իրականացված հրթիռային հարձակումը նախորդներից տարբերվում էր հիպերձայնային հրթիռների ավելի ակտիվ օգտագործմամբ։ Ինչպես երևում է լրատվամիջոցներում հրապարակված կադրերից, կարելի է հասկանալ, որ ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերը հաշվի են առել երկու կարևոր հարց՝ հրթիռների կործանարար ուժի և արագության մեծացումը։ Այս գործողության ընթացքում մի քանի լուսանկարներ են ստացվել, որոնցում երևում են Թել Ավիվում և Հայֆայում թիրախներին հարվածող հիպերձայնային հրթիռները, ինչը ցույց է տալիս, որ այդ հրթիռները հեշտությամբ անցել են Իսրայելի հակահրթիռային պաշտպանության համակարգերի միջով և հարվածել դրանց թիրախներին»,- ասվում է հայտարարության մեջ։
Tasnim-ը ենթադրել է, որ նման հարձակումները «Իսրայելին դժվարին դրության մեջ կդնեն պատերազմը շարունակելու համար»:
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) հունիսի 15-ին հայտարարել է, որ Իրանում սպառազինության արտադրության օբյեկտներին հարվածների լայնածավալ ալիքն ավարտվել է։
«Առավոտյան «Ղուդս» ուժերին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին և իրանական զինուժին պատկանող ենթակառուցվածքներին պատկանող ենթակառուցվածքին Թեհրանում հարվածների լայնածավալ ալիքից հետո Իրանի ողջ տարածքում հարվածներ են հասցվել զենքի արտադրության բազմաթիվ օբյեկտների»,- ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հրապարակած հաղորդագրության մեջ:
Իսրայելի՝ երեք օր շարունակվող հարձակումների ընթացքում առնվազն 14 իրանցի միջուկային գիտնական է զոհվել։ Այս թիվը ներառում է ականապատ մեքենաների պայթյունների հետևանքով զոհվածները:
ՑԱՀԱԼ-ի հայտարարությանը հաջորդել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարության պատասխանը:
Հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ Իրանի գործողությունները Իսրայելի դեմ կշարունակվեն «մինչև թշնամու լիակատար ոչնչացումը»:
«Հանցավոր ռեժիմի (Իսրայելի) կողմնակիցները պետք է իմանան, որ (Իրանի) արդյունավետ, նպատակային և մահացու գործողությունները ռեժիմի նշանակալի և զգայուն թիրախների դեմ կշարունակվեն մինչև դրա լիակատար ոչնչացումը»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշենք, որ Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման 65 ժամվա ընթացքում զոհվել է 224 մարդ, շուրջ 1,500-ը վիրավորվել է։ Այս մասին հայտնել է Իրանի առողջապահության նախարարությունը։
Իրանի ԱԳՆ-ից հայտնել են, որ Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի արտգործնախարարության շենքին, ինչի հետևանքով կան տուժածներ, այդ թվում՝ դիվանագետներ։
Ավելի ուշ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարվածներ են հասցվել Իրանում գտնվող ԻՀՊԿ «Ղուդս» ուժերին պատկանող հրամանատարական կենտրոններին։
Հիշեցնենք՝ Իրանի և Իսրայելի միջև հունիսի 13-ից լարված իրավիճակ է, որը սկսվել է Իսրայելի կողմից Իրանի ուղղությամբ հրթիռային հարվածներից հետո:
Առաջին հարձակումները իրականացվել են Իրանի միջուկային օբյեկտների վրա: Սպանվել են Իրանի առանցքային զինվորականներն ու միջուկային գիտնականները:
Թեհրանը պատասխանել է՝ հարյուրավոր հրթիռներ արձակելով Իսրայելի ուղղությամբ՝ իսրայելական ինքնաթիռները շարունակել են հարվածել Իրանի տարածքում գտնվող թիրախներին: Փոխադարձ հարվածները դեռ շարունակվում են:
Նեթանյահուն հայտարարել է, որ ռազմական գործողությունն ուղղված է Իրանի միջուկային ենթակառուցվածքին հարվածելուն:
Բաց մի թողեք
Իսրայելը չի բացառում Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին չեզոքացնելու սցենարը
Գերմանիան պատրաստվում է Իսրայելից և Իրանից 5000 մարդու տարհանել
Իրանի անակնկալը․ Մենք կարող ենք ստիպված լինել անել մի բան, որը կխաթարի ամբողջ տարածաշրջանը