«Ակադեմիական քաղաքն» իր պաշտոնական կայքում ներկայացրել է 2024 թվականի տարեկան հաշվետվությունը, որը ներկայացված է թե՛ բովանդակային, թե՛ ֆինանսական բացվածքով։
Հրապարակ թերթը գրել է․ Ֆինանսական հաշվետվությունը մանրամասն ներկայացնում է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի ֆինանսական գործունեությունը, որի շրջանակներում միայն մեկ տարվա ընթացքում ուղղվել են ահռելի գումարներ՝ հարյուրավոր միլիոններ։
Համաձայն հաշվետվության, 2024թ. «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակներում իրականացվել են ֆինանսական ներդրումներ ծրագրի կառավարման, ճարտարապետական նախագծման, քաղաքաշինական պլանավորման, կառուցվածքային եւ կառավարման մոդելների մշակման եւ տրանսպորտային համակարգի զարգացման ուղղություններով։
Ընդհանուր փաստացի ծախսերը կազմել են 88 մլն 429 հազար 217 ՀՀ դրամ՝ ծրագրի կառավարման եւ աշխատավարձերի համար, եւ 934 հազար 100 եվրո ու 212 մլն 475 հազար ՀՀ դրամ՝ պայմանագրային ծախսերի համար։ Ֆինանսավորումն ամբողջությամբ ստացվել է ՀՀ պետական բյուջեից։
Ծախսերի բաշխումն արվել է մի քանի ուղղությամբ․ օրինակ՝ ծրագրի կառավարման եւ աշխատավարձային ընդհանուր բյուջեն կազմել է 117 մլն 320 հազար ՀՀ դրամ, որից փաստացի ծախսվել է 86 մլն 252 հազար 167 ՀՀ դրամ: ՀՀ գանձապետարան է վերադարձվել 31 մլն 067 հազար 833 ՀՀ դրամ։
Աշխատավարձերից դուրս, առանձին տողով՝ «Պարգեւավճարներն ու այլ վճարները» կազմել են 5 մլն 686 հազար 615 դրամ։
«Այլ ծախսերը» ընդհանուր կազմել են 12 մլն 955 հազար 001 ՀՀ դրամ, այստեղ առանձին տողով ներկայացված են այն ծառայությունները, որոնց դիմաց վճարումներ են արվել․ այսպես, օրինակ, աուդիտորական ծառայություններ՝ 684 հազար դրամ, սարքավորումներ՝ 1 մլն 239 հազար, գործուղումների ծախսեր՝ 2 մլն 630 հազար 359 դրամ, ներկայացուցչական ծախսեր՝ 559 հազար 900 դրամ, մարքեթինգ եւ գովազդ՝ 555 հազար 480 դրամ, միջոցառումների կազմակերպման ծախսեր՝ 3 մլն 493 հազար 160 դրամ, այլ ծախսեր՝ 3 մլն 793 հազար 102 դրամ։
«Պայմանագրային ծախսեր»-ին առանձին կլորիկ գումարներ են ուղղվել։ Օրինակ, GMP International ընկերության հետ՝ Գլխավոր ճարտարապետական նախագծի, ընդհանուր տարածական կազմակերպման, շենքերի դիրքավորման մշակման, բնապահպանական վերլուծության համար, կնքվել է 934 հազար 100 եվրոյի պայմանագիր, իսկ ՃՇՀԱՀ-ին (Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարան)՝ տարածքի մոդելավորման, տեղանքի ընդհանուր հետազոտության, տեխնիկական փաստաթղթերի մշակման, ճարտարապետական նախագծման ստանդարտների ներդրման համար, տրվել է 212 մլն 475 հազար դրամ։
2024թ. կնքված պայմանագրերից մեկն իրենից ներկայացնում է Խորհրդատվական ծառայությունների պայմանագիր` միտված «Ակադեմիական քաղաքի» երկարատեւ հաջողության ձեւավորմանը։ Պայմանագիրը կնքվել է ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի, ԹՈՒՄ Ինթերնեյշնալ Ջի Էմ Բի Էյչ (ԹՈՒՄ) կողմերի միջեւ։ Գնումների ընթացակարգի արդյունքում կառավարությունը 2024 թվականի սեպտեմբերի 26-ի թիվ 1535-Ա որոշմամբ հաստատել է ծրագրի իրականացման համար ԹՈՒՄ-ից խորհրդատվական ծառայությունների գնումը՝ մեկ անձից գնման ընթացակարգով: ԹՈՒՄ ընկերության ծառայությունների դիմաց պայմանագրով նախատեսված վարձատրությունը կազմում է 685 հազար եվրո։
Մեկ այլ՝ տրանսպորտի եւ շարժունակության վերաբերյալ ուսումնասիրություն կատարելու ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքվել 2024 թվականի նոյեմբերի 29-ին՝ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի եւ «Սիստեմատիկա Էս Ար Էլ» (Սիստեմատիկա) կազմակերպության հետ։ Գնումների ընթացակարգի արդյունքում կառավարությունը 2024 թվականի հոկտեմբերի 17-ի թիվ 1645-Ա5 որոշմամբ հաստատել է ծրագրի իրականացման համար «Սիստեմատիկայից» տրանսպորտի եւ շարժունակության վերաբերյալ ուսումնասիրություն կատարելու ծառայությունների ձեռքբերումը՝ մեկ անձից գնման ընթացակարգով: «Սիստեմատիկայի» ծառայությունների դիմաց պայմանագրով նախատեսված վարձատրությունը կազմում է 296 հազար եվրո։
Քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակի մշակման ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքվել 2024 թվականի հոկտեմբերի 17-ին՝ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի եւ «Ար Էս Յու Փի Րաբե Սթրաթիջիք Ուրբան Փլենինգ (Ար Էս Յու Փի)» կազմակերպության հետ։ Գնումների ընթացակարգի արդյունքում կառավարությունը 2024 թվականի սեպտեմբերի 26-ի թիվ 1516-Ա որոշմամբ հաստատել է ծրագրի իրականացման համար «Ար Էս Յու Փի»-ից քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակի մշակման ծառայությունների գնումը՝ մեկ անձից գնման ընթացակարգով: «Ար Էս Յու Փի» ընկերության ծառայությունների դիմաց պայմանագրով նախատեսված վարձատրությունը կազմում է 261 հազար 950 եվրո։
Հիշեցնենք, որ «Ակադեմիական քաղաք», իսկ իրականում՝ բուհերի եւ գիտական ինստիտուտների միավորման ու խոշորացման ծրագիրը, որն արդեն հասցրել է մասնագետների կողմից ստանալ «Նյու Վասյուկի» բնորոշումը, հաստատվել է կառավաության դեռ 2023 թվականի հոկտեմբերի 19-ի՝ որոշմամբ։ Հետագայում ծրագրի մշակման, իրականացման, համակարգման եւ կառավարման նպատակով ստեղծվեց «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը վարչապետի աշխատակազմի ղեկավարն է՝ Արայիկ Հարությունյանը։
Ինչպես հայտնի է, «Ակադեմիական քաղաքը» զբաղեցնելու է երկու հիմնական տեղամասերից բաղկացած 700 հա տարածք՝ Երեւանի 17-րդ թաղամասին հարող տարածքում եւ Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում: Խոշորացման գործընթացի արդյունքում «Ակադեմիական քաղաքում» ձեւավորվելու է 6 հիմնական կլաստեր՝ տեխնոլոգիական, արվեստների, կրթական, սպայական, դասական, բժշկական։ Իսկ նախատեսված ենթակառուցվածքները ներառում են ուսումնական հաստատություններ եւ գիտահետազոտական կենտրոններ, կացարանային համալիրներ ուսանողների եւ աշխատակիցների համար, մարզական, մշակութային եւ առողջապահական օբյեկտներ, ազգային ստադիոն՝ 35 հազար հանդիսականի համար, տրանսպորտային ցանց՝ էլեկտրական տրանսպորտով եւ հեծանիվներով երթեւեկելու հնարավորությամբ։
Բաց մի թողեք
Էս ի՞նչ «բեսպրեդել ա», Ստեփանավանից Տաշիր էինք գալիս, մեքենան անհիմն տարան տուգանային հրապարակ․ քաղաքացի
ՀԷՑ-ի պետականացումը բացասական մեսսիջ օտարերկրյա ներդրողների համար
Ինչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը