21/06/2025

Ատոմ Ջանջուղազյանի որոշումը դատարանն ապօրինի է ճանաչել, մեծ փոխհատուցում սահմանել

ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի դեմ Երեւանի քաղաքացիական դատարանում այս պահի դրությամբ դատական 7 հայց կա: Դրանցից առաջինը դատարանը բավարարել է մայիսի 31-ին:

Հրապարակ թերթը գրել է․ Մյուսները, հավանաբար, նույնպես կբավարարվեն: Բոլոր հայցվորները Պալատի նախկին աշխատակիցներն են, որոնց Ատոմ Ջանջուղազյանն ազատել է աշխատանքից՝ «Հաշվեքննիչ պալատի մասին» նոր ընդունված օրենքի հիմքով:

Այդ օրենքի համաձայն՝ հաշվեքննիչները պետք է պարտադիր ունենան աուդիտորի որակավորում, իսկ եթե չունեն, ապա պետք է քննություն հանձնեն, ինչը նշանակում է, որ օրենքի խստացնող դրույթին հետադարձ ուժ են տվել:

Նրանց, ովքեր քննություն չեն հանձնել կամ չեն կարողացել այդ քննությունը հանձնել, Ատոմ Ջանջուղազյանն ուղղակի ազատել է աշխատանքից` հաշվի չառնելով ո՛չ աշխատանքային ստաժը, ո՛չ հմտությունները: Աշխատողներն էլ դիմել են դատարան եւ, ամենայն հավանականությամբ, մեկը մյուսի հետեւից հաղթելու են դատարանում:

Արդեն կա մեկ բավարարված հայց: Դատարանն անվավեր է ճանաչել Հաշվեքննիչ պալատի նախկին աշխատակից Մուշեղ Սաֆարյանին աշխատանքից ազատելու հրամանը: Դատարանն իր որոշումը պատճառաբանել է նրանով, որ օրենքի պահանջը` աշխատողների որակավորման վերաբերյալ, ուժի մեջ է մտնում 2027-2028 թվականներին, իսկ այս պահի դրությամբ նման պահանջ չկար, հետեւապես նոր օրենքի հիմքով մարդկանց աշխատանքից ազատելն ապօրինի է:

Մուշեղ Սաֆարյանի նախկին պաշտոնը Պալատում՝ վեցերորդ վարչության պետի տեղակալ, տեղի ունեցած կառուցվածքային փոփոխություններից հետո գոյություն չունի, բայց օրենքով նրան պետք է իր պաշտոնին համապատասխան այլ աշխատանք առաջարկեին:

Սակայն այդ օրենքն ուժի մեջ է մտնելու 2027-2028 թվականներին, եւ քանի որ այս պահին այդ պաշտոնը չկա, եւ այն անհնար է զբաղեցնել, դատարանը փոխհատուցում է սահմանել Սաֆարյանի համար՝ նրա աշխատավարձի 6-ապատիկը եւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի չափով` մինչեւ վճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Սա նշանակում է, որ փոխհատուցման գումարը շատ մեծ է լինելու, հասնելու է մոտ 10 մլն դրամի: «Օրենքով կարգավորվում է, թե որ հաստիքը նոր ծառայությունում ինչ պաշտոնի է համապատասխանում, եւ օրենքի ուժով պետք է նշանակում անեն: Բայց որակավորման հետ կապված օրենքի պահանջն ուժի մեջ է մտնում 2027-2028 թվականներին, սա անվիճելի է, եւ դատարանն արձանագրել է պաշտոնի վերականգնման անհնարինությունն ու սահմանել է փոխհատուցում: Ստացվում է, որ սահմանադրական կառույցը, որը հանրային միջոցների հաշվեքննությունն է իրականացնում, փաստորեն, ինքն է պետական միջոցները վատնում եւ մսխումներ կատարում: Ես չգիտեմ՝ հետագայում արդյոք Ջանջուղազյանից եւ Վազգեն Հարությունյանից կգանձվե՞ն այդ միջոցները` հօգուտ պետության, բայց այս պահին, քանի որ իրենց հրամաններն ակնհայտ ապօրինի են, կարծում եմ, մասսայական վերականգնումներ են լինելու»,- ասում է Մուշեղ Սաֆարյանը: Մի դիտարկում էլ մենք անենք` օրենքի տառով առաջնորդվելու պարտականություն ունեցող գերատեսչությունում չեն եղել գրագետ իրավաբան, իրավական բավարար գիտելիքներ, որ մարդկանց աշխատանքից չազատեն` օրենքի խախտմամբ, եւ չկանգնեն դատարանում պարտություն կրելու հեռանկարի առաջ:

Մեր տեղեկություններով, Հաշվեքննիչ պալատում դատարանի այս որոշումը հակասական էմոցիաներ է առաջացրել: Աշխատողները ոգեւորված են իրադարձությունների նման զարգացմամբ, իսկ Պալատի ղեկավարությանը դատարանի որոշումը շոկի մեջ է գցել: Հատկապես ցնցող է եղել փոխհատուցման չափը: Պալատը պատրաստվում է բողոքարկել դատարանի վճիռը, բայց քիչ հավանական է, որ հաջողության կհասնի: