20/06/2025

Դոնալդ Թրամփը սպասում է ինչ-որ բանի` Պուտինի ու Ծինփինի առաջարկի՞ն

Սպիտակ տան մամուլի խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջիկա երկու շաբաթների ընթացքում կորոշի, թե արդյո՞ք ԱՄՆ կմտնի Իսրայել-Իրան հակամարտության մեջ: Փաստորեն, Սպիտակ տունը ժամանակ է վերցնում երկու շաբաթ, ինչը նշանակում է թերևս, որ Դոնալդ Թրամփը սպասում է ինչ-որ բանի:

Ի՞նչ պետք է տեղի ունենա այդ երկու շաբաթվա ընթացքում, որ կազդի Թրամփի որոշման այս կամ այն տարբերակի վրա: Սպիտակ տան հայտարարությունը, կարծես թե, զգալիորեն վկայում է այն տարբերակի հավանականության մասին, որին անդրադարձա նախորդ հոդվածով, խոսելով ռուս-չինական համատեղ առաջարկի մշակման մասին, որի վերաբերյալ պայմանավորվածություն է եղել Պուտինի և Սի Ցզինպինի հեռախոսազրույցի ընթացքում:

Անկասկած է, որ առաջարկը պատրաստ լինելու պարագայում այն չի ներկայացվելու որևէ այլ տեղ, այլ սուբյեկտի, քան հենց ԱՄՆ նախագահին:

Միայն Դոնալդ Թրամփի հետ եռակողմ քննարկումների արդյունքի հիման վրա այն «կիջեցվի» նաև անմիջականորեն պատերազմող կողմերին, և թերևս մեծ հավանականությամբ կիմպլեմենտացվի: Եթե ԱՄՆ, Ռուսաստանն ու Չինաստանը գան իրան-իսրայելական հարցում որևէ կայուն համաձայնության, ապա առնվազն կայուն հրադադարի հնարավորությունը էապես կբարձրանա:

Իհարկե, այստեղ նոր «կբարձրանա» հարցը, թե արդյո՞ք Եվրոպան կփորձի դարձյալ դիմադրել այդպիսի համաձայնությանը, ինչպես օրինակ դիմադրեց՝ և, ըստ էության, իր համար հաջողությամբ դիմադրեց ուկրաինական հարցում:

Թեև, Ուկրաինայի հարցում հրադադարի վերաբերյալ Չինաստանի ցանկությունը գուցե որոշակիորեն հարաբերական է: Ի վերջո, Ուկրաինայում պատերազմի շարունակությունը Պեկինի համար, թերևս, ոչ միայն խնդիր չէ, այլ պարունակում է գուցե շահավետ որոշակի շերտեր: Այլ է Չինաստանի շահագրգռությունը Իրանի պարագայում:

Բայց, այստեղ էլ կարող է խաղարկվել երկսայրի սցենար: Այսինքն, դիտարկել երկու հրադադարները «համատեղ»:

Մոսկվան ու Վաշինգտոնը կարող են Պեկինին «ընդառաջել» Իրանի հարցում հրադադարի հասնելու ուղղությամբ, թեև այստեղ հրադադարը զգալիորեն պետք է թերևս բոլորին էլ, բայց այս պահին ամենից զգայունը այդուհանդերձ Չինաստանն է, իսկ դրա դիմաց ակնկալեն, որ Պեկինը ավելի անմիջական ու առարկայական ջանքով կմիանա ուկրաինական հարցում հրադադարի հասնելու գործընթացին, եթե, իհարկե, Ռուսաստանը ստանա իր պայմանների բավարարում, որ ներկայացրել է Ուկրաինային:

Սա, իհարկե, որպես սցենարային տարբերակներից մեկը, այլ ոչ միակը: Բոլորովին փաստ չէ, որ երկու ուղղությունները դիտվելու են այսպես ասած զուգակցված: Ներկայումս դրանց «քաշային կատեգորիաները» խիստ տարբեր են, առավել ևս ԱՄՆ-ի համար, և հատկապես Թրամփի համար:

Ուկրաինայում խաղաղության բացակայությունից որոշակի ելք նա գտել է հանածոների վերաբերյալ պայմանագրի տեսքով, իսկ ահա Իրանի դեմ պատերազմի հարցում նրա այլընտրանքները մեղմ ասած մեծ չեն, իսկ պատերազմը կարող է առավել ծանրացնել Թրամփի խնդիրները ԱՄՆ ներսում իր քաղաքական ու գաղափարական հակառակորդների հետ պայքարում:

Տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության ու Չինաստանի նախագահների հեռախոսազրույցը, որն առաջինն է Իրանի դեմ Իսրայելի սանձազերծած պատերազմից հետո: Հենց պատերազմի հարցն էլ եղել է հեռախոսազրույց առանցքային թեման: Ավելի շուտ՝ պատերազմը կանգնեցնելու հարցը:

Ըստ էության, Չինաստանն ու Ռուսաստանը Իրանի հետ խոշոր պայմանագրային հարաբերություններով կապված երկրներ են, որոնց համար, սակայն Իրանի հարցը լոկ պայմանագրային պարտականություն չէ: Կամ՝ ամենևին պայմանագրային պարտականություն չէ, այլ աշխարհաքաղաքական կենսունակության հարց: Եթե Ռուսաստանն ու Չինաստանը կորցնում են Իրանը, ապա նրանք, թերևս, տանուլ են տալիս աշխարհաքաղաքական մեծ խաղի ներկայիս շրջափուլը:

Ըստ այդմ` զարմանալի չէ, որ Պեկինն ու Մոսկվան ի վերջո քննարկում են համատեղ լուծումներ: Պուտինն ու Սի Ծինփինը խոսել են դրանց արագ մշակման անհրաժեշտության մասին, որպեսզի, ըստ այդմ, հանդես գան նաև դիվանագիտական լուծման նախաձեռնությամբ: Հեռախոսազրույցի մասին մանրամասներ ներկայացնելիս այդ տեղեկատվությունը հաղորդել է Ռուսաստանի նախագահի օգնական Ուշակովը:

Ըստ ամենայնի, խոսքը այն մասին է, որ Մոսկվան ու Պեկինը մտադիր են առաջիկա օրերին համատեղ առաջարկ պատրաստել, որը կներկայացնեն, իհարկե, առաջին հերթին ԱՄՆ-ին: Բացառված չէ նաև, որ հենց այդ առաջարկի «սպասումով» է, որ ԱՄՆ նախագահ Թրամփը դեռևս որևէ որոշում չի կայացնում Իրանի ստորգետնյա միջուկային օբյեկտներին հարված հասցնելու Իսրայելի դիմումների առնչությամբ:

ԱՄՆ նախագահը անցնող օրերին տարբեր հայտարարություններ է անում այդ առնչությամբ, մի կողմից ստեղծելով հարվածի անխուսափելիության տպավորություն, մյուս կողմից, սակայն առկախելով որոշումը: Հնարավոր է, որ Թրամփի այդ հռետորաբանությունը ունի հենց Չինաստանի ու Ռուսաստանի նախագահների համատեղ առաջարկի հանդեպ ԱՄՆ խաղադրույքները բարձրացնելու նպատակ: