ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ երկու շաբաթ է տալիս՝ վերջնական որոշում կայացնելու համար Իրանի հետ կապված հնարավոր քայլերի շուրջ։
«Հաշվի առնելով, որ կա էական հնարավորություն, որ առաջիկայում կարող են կամ չեն կարող լինել բանակցություններ Իրանի հետ, ես իմ որոշումը՝ գնալ-չգնալու մասին, կընդունեմ առաջիկա երկու շաբաթում», — նշված է նախագահի հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տան մամուլի խոսնակը։
Այսպիսով, Թրամփը փաստացի ժամանակ է տալիս Թեհրանին՝ վերանայելու իր դիրքորոշումը և ընդունելու բանակցությունների ճանապարհը՝ հակառակ դեպքում ամերիկյան պատասխանը կարող է լինել շատ ավելի կոշտ։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իրանն ունի «ընտրության վերջին հնարավորությունը»՝ խուսափելու լայնածավալ հակահարվածից, եթե հրաժարվի հրթիռային հարձակումներից և վերադառնա բանակցությունների սեղան։ Նրա այս ուղերձը ընկալվում է որպես դիվանագիտական պատուհան՝ ուղիղ հղում Թեհրանին՝ առանց ուղղակի սպառնալիքի, սակայն հստակ նախազգուշացմամբ։
ԱՄՆ-նը և Իրանը՝ նոր ուղիղ կապի մեջ՝ դիվանագիտական լուծում որոնելու համար
Ամերիկայի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիթքոֆն ու Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին վերջին օրերին մի քանի անգամ հեռախոսազրույց են ունեցել՝ փորձելով դիվանագիտական լուծում գտնել Իրանի և Իսրայելի միջև սրված ռազմական հակամարտությանը։ Այս մասին Reuters-ին հայտնել են երեք դիվանագետներ։
Ըստ Ռոյթերզի, Արաղչին հայտնել է, որ Թեհրանը չի վերադառնա բանակցությունների, քանի դեռ Իսրայելը չի դադարեցրել հրթիռային հարվածները, որոնք սկսվել են հունիսի 13-ին։ Քննարկվել է նաև մայիսին ԱՄՆ-ի կողմից Թեհրանին փոխանցված առաջարկը՝ ստեղծել տարածաշրջանային կոնսորցիում, որը կհարստացնի ուրան Իրանից դուրս։ Թեհրանը մերժել է այդ տարբերակը։
Սա ամենաբովանդակային ուղիղ շփումն է Վաշինգտոնի և Թեհրանի միջև այս տարվա ապրիլից ի վեր, երբ կողմերը մի քանի անգամ մասնակցել էին անուղղակի բանակցությունների Օմանում և Իտալիայում։
Տարածաշրջանային դիվանագետներից մեկը նշել է, որ Արաղչին Վիթքոֆին ասել է՝ Թեհրանը կարող է ճկունություն ցուցաբերել միջուկային հարցում, եթե Վաշինգտոնը ճնշում գործադրի Իսրայելի վրա՝ պատերազմը դադարեցնելու համար։
Մեկ այլ եվրոպացի դիվանագետ հավելել է․ «Արաղչին Վիթքոֆին ասել է, որ Իրանը պատրաստ է վերադառնալ միջուկային բանակցությունների, բայց չի կարող, քանի դեռ Իսրայելի ռմբակոծությունները շարունակվում են»։
Նախագահ Դոնալդ Թրամփը պահանջում է, որ Իրանը դադարեցնի ուրան հարստացնելը իր տարածքում, մինչդեռ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին պնդում է, որ Իրանի հարստացման իրավունքը չի կարող լինել բանակցության առարկա։
Թեև Թրամփը չի հայտնել՝ արդյոք մտադիր է միանալ Իսրայելի ռազմական գործողություններին, նա նշել է, որ իրանական պաշտոնյաները ցանկություն են հայտնել ժամանել Վաշինգտոն՝ հանդիպման նպատակով։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշել է, որ Կանադայում կայացած G7 գագաթնաժողովում Թրամփը մյուս առաջնորդներին ասել է, որ ԱՄՆ-ն հրադադար է առաջարկել՝ բանակցությունները վերսկսելու համար։ Սակայն Թրամփը հերքել է՝ հայտարարելով, որ Մակրոնը «չգիտի իրական պատճառը», թե ինչու ինքը շուտ վերադարձավ Վաշինգտոն։
Եվրոպացի պաշտոնյաները համակարգում են շփումները ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, որը ևս ներկա է եղել G7 գագաթնաժողովին։ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան՝ որպես 2015-ի միջուկային համաձայնագրի կողմեր (E3), կիրակի օրը հեռախոսազրույց են ունեցել Արաղչիի հետ։ Նրանց հանդիպումը նախատեսված է այս ուրբաթ՝ Ժնևում։
Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետներից մեկն ասել է. «Թրամփը ցանկանում է, որ ռազմական գործողությունները հնարավորինս արագ ավարտվեն և ուզում է իրանցիների հետ ուղիղ խոսել։ Բայց հստակ է՝ եթե Իրանը ցանկանում է, որ պատերազմը ավարտվի, պետք է ընդունի ԱՄՆ-ի պայմանները»։
Տարածաշրջանի դիվանագետների հայտնում են, թե Թեհրանի համար ներկայումս ավելի իրատեսական է Եվրոպայի հետ կապի միջոցով դիվանագիտությունը առաջ մղել, քանի որ շարունակվող իսրայելական հարվածների և Թրամփի կոշտ հռետորաբանության ֆոնին Թեհրանը չի կարող պաշտոնապես բանակցել ԱՄՆ-ի հետ։
Բաց մի թողեք
Եվրոպական եռյակն ու Իրանը, ինչ սպասել
Ի՞նչ իրավիճակ է Թեհրանում․ Իսրայելի հարվածները նպատակ ունեն քանդել Իրանում Խամենեիի իշխանության հիմքերը
Հայաստանը «կպատանդառվի» նաև տնտեսապես` սթափվել է պետք