20/06/2025

ԿԳՄՍՆ հորդորը առաջին դասարանցիների ծնողներին

Առաջին դասարանցիների հայտագրման հետ կապված՝ ԿԳՄՍ նախարարությունը հաղորդագրություն է տարածել, հորդորելով լինել ուշադիր, քանի որ haytru.emis.am կայքը, որը նախատեսված է ռուսերենով ուսուցման դասարաններում հայտագրման համար, այս փուլում չի գործելու։

Ինչպես հայտնի է, պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացն իրականացվելու է 3 փուլով։ Հունիսի 9-ից մեկնարկած հայտագրումը hayt.emis.am կայքում բաց է եղել որոշակի արտոնություններ ունեցող անձանց համար, իսկ արդեն հունիսի 24-ից մեկնարկում է ՀՀ պետական դպրոցներ առաջին դասարանցիների հայտագրման հիմնական փուլը՝ hayt.emis.am կայքի միջոցով։

Համաձայն ԿԳՄՍՆ-ի, այս փուլում հայտագրվող երեխաների միջին թիվը 15 հազար է, սակայն նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ համակարգի գործարկման առաջին վայրկյաններին միաժամանակյա հարցումների թիվը գերազանցում է 45 հազարը, ինչը նշանակում է, որ նույն երեխային տարբեր սարքերից փորձելու են հայտագրել: «Դրա արդյունքում համակարգն ունենում է մեծ ծանրաբեռնվածություն, եւ դժվարանում է երեխային նախընտրած հաստատությունում հայտագրելու գործընթացը»։ Ուստի, որպես համակարգի խափանումը լուծելու միջոց՝ ԿԳՄՍՆ-ն առաջարկել է ծնողներին՝ մեկ երեխային հայտագրելու համար օգտագործել մեկ սարք։

«Խնդրում ենք՝ հայտագրման ժամանակ նման ծանրաբեռնվածության դեպքում պահպանել հանգստություն եւ եւս մեկ անգամ հանգիստ, առանց ժամանակ կորցնելու՝ փորձել իրականացնել հայտագրումը: Հայտագրման համար նախընտրելի է օգտվել google chrome browser-ից։ Այլ browser-ներ կարող են հայտագրման կայքը բեռնել ձեր սարքի հիշողությունից, որի պատճառով լրացված հայտը կարող է չուղարկվել՝ պարզապես պահվելով սարքի հիշողության մեջ, ինչի արդյունքում հայտագրումը տեղի չի ունենա:

Հայտագրման գործընթացը տեւում է միջինում 30 վայրկյան: Հաշվի առնելով, որ համակարգում կան մեծ պահանջարկ ունեցող դպրոցներ, որոնցում հայտագրելու ցանկություն ունեցող երեխաների թիվն ավելի մեծ է, քան տվյալ դպրոցի համար լիցենզիայով սահմանված տեղերի քանակը, ապա նշված դպրոցներում հաշված րոպեների ընթացքում լրանում են լիցենզիայով նախատեսված տեղերը, եւ նոր հայտագրում այլեւս հնարավոր չի լինում իրականացնել»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ hayt.emis.am կայքը շաբաթներ առաջ եւս խափանվել էր, քանի որ հանրակրթական դպրոցների մանկավարժերը միաժամանակ բոլոր դասարանների կիսամյակներն էին փակում, ինչի առիթով ԿԳՄՍՆ-ն երկարացրեց ժամկետը, բայց, որպես այդպիսին, չլուծեց խնդիրը։