20/06/2025

ՀԷՑ-ի պետականացումը բացասական մեսսիջ օտարերկրյա ներդրողների համար

«Կարծում եմ՝ հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պետք է ազգայնացվի (պետականացվի)»,- օրերս իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց Փաշինյանը` այն բանից հետո, երբ «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը հայտարարեց, որ կանգնած է եկեղեցու կողքին եւ միջամտելու է եկեղեցու դեմ արշավին: 

Տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանից հետաքրքրվեցինք, թե ինչու հենց այս փուլում վարչապետը որոշեց, որ ՀԷՑ-ը պետք է ազգայնացվի, սա ուղղակիորեն պայմանավորված է Սամվել Կարապետյանի արած հայտարարություններո՞վ` ի պաշտպանություն Եկեղեցու, թե՞ կան այլ պատճառներ եւս: Բացի այդ, ի՞նչ կտա ՀԷՑ-ի պետականացումը, պետությունը դրանից ավելի շատ կշահի՞, թե՞ կտուժի, եւ ի՞նչ ռիսկեր կան դրա հետեւում:

«Արդեն վաղուց եւ հաստատակամ կերպով այս իշխանական խմբակի նեղկուսակցական, քաղաքական շահն ամբողջությամբ եւ բացարձակապես հակադրված է ՀՀ պետական, ազգային եւ հանրային շահերին: Սա է իրականությունը, եւ ամենօրյա ռեժիմով մենք դրա մեծ ու փոքր դրսեւորումները տեսնում ենք»,- Հրապարակ թերթի հետ զրույցում նկատում է տնտեսագետը:

«Մենաշնորհ հանդիսացող Հայաստանի էլեկտրացանցերը նրանց 7 տարվա իշխանության օրոք իրականացրել են տնտեսական գործունեություն, եւ հիմա հանկարծ իրենք ասում են, որ կան անդառնալի հետեւանքներ, խնդիրներ, ներդրումները չեն իրականացվել անհրաժեշտ չափով, սպառողի շահերն են ինչ-որ ոտնահարվել, էներգետիկ էֆեկտիվությունն է ցածր եւ այլն, եւ այլն: Հիմա, այս հարցերը որ իրենք բարձրացնում են, որպես կառավարություն, իշխանություն՝ մինչեւ վերջերս չեն կարողանում դրանց գոնե նվազագույն գնահատականներ տալ: Այսինքն՝ հնչում են լոկ պոպուլիստական խոսքեր, իսկ տակը կոնկրետ թվեր, վերլուծություններ, գնահատականներ չկան: Սա՝ առաջին, որը կոծկելու համար ասում են` դե, մենք ամեն ինչ լավ չգիտենք, պետք է դեռ ուսումնասիրենք, բայց եթե չգիտեք, ո՞նց եք պնդում, եթե պնդում եք, բա ո՞նց չգիտեք»,- ասում է տնտեսագետն ու ընդգծում, որ չիմանալը չի ազատում պատասխանատվությունից:

«Ի՞նչ է նշանակում՝ «չգիտենք», այսինքն՝ ՀՀ-ն թե՛ Սահմանադրությամբ, թե՛ օրենքներով, ունի 2 անկախ մարմին, որոնք իրենց կողմից նշված խնդիրների հասցեատերերն են եւ դրանց լուծման տիրույթում են, որի համար մենք՝ բոլորս, հարկատուներս, վճարում ենք հարկեր, որ իրենք ստանան աշխատավարձ, եւ կատարվեն ծախսեր: Խոսքն առաջինը վերաբերում է Մրցակցության պետական հանձնաժողովին` սպառողի շահերի պաշտպանության տեսանկյունից, եւ 2-րդը, որն ավելի կարեւոր է, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է: Հիմա ՀՀ քաղաքացին օբյեկտիվորեն հարց պետք է տա․ եթե 7 տարի այս խնդիրները կան, այս մարմինները, որոնք ամեն տարի ստացել են ֆինանսավորում, ավելին` իմ տեղեկություններով, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներն ամեն ամիս ստանում են նաեւ իրենց աշխատավարձի չափով պարգեւատրումներ, որ լավ աշխատեն: Բա 7 տարի աշխատել եք, ստացել եք բարձր աշխատավարձ, պարգեւատրումներ, ունեք հնարավոր բոլոր գործիքակազմը ձեր ձեռքի տակ, ի՞նչ եք արել, որ հանկարծ մի օր պարզեցիք, որ ամեն ինչ շատ վատ է, եւ մեր ազնիվ ցեղը կգնա կկորի, եթե ՀԷՑ-ը չպետականացվի: Սա՝ որպես 2-րդ արձանագրում․ ի՞նչ են արել կառավարությունը եւ օրենքով ստեղծված այդ 2 անկախ մարմինները»:

Որպես 3-րդ արձանագրում՝ Թ. Ավետիսյանը հետաքրքրվում է` արդյո՞ք այս բոլոր «հիվանդությունների» համար «դարման» է ՀԷՑ-ի պետականացումը։ «Այսինքն՝ պետականացումից հետո կլուծվե՞ն էներգետիկ էֆեկտիվության խնդիրները, սպառողի շահերի ոտնահարման խնդիրները, շատ ներդրումներ ներգրավելու ու համակարգը զարգացնելու խնդիրները: Սա կարեւոր հարցադրում է, որի պատասխանը շատ կարճ է, պարզ ու տրամաբանական` իհարկե, ոչ: Ավելին՝ այստեղ էլ օրինակներ կարող ենք բերել, որ այս իշխանության օրոք մենք լավ տեսել ենք պետություն-մասնավոր համագործակցության ելքը` ԱՆԻՖ-ի օրինակով: Առաջինը ես եմ խոսել դրա մասին եւ բերել եմ փաստեր, որ պետություն-մասնավոր, նույնիսկ միջազգային գործընկերության պարագայում ունեցել ենք ոչ միայն կոռուպցիոն բարձր ռիսկեր՝ իրենց հետեւանքներով, այլեւ միլիարդավոր դրամներ հանրության միջոցներից ուղղակի փոշիացել են, անհետացել, ու սա դասական դասագրքային օրինակ է` ինչպես չի կարելի պետություն-մասնավոր գործընկերություն ձեւավորել եւ գործարկել: Այդ օրինակն այս իշխանության օրոք է եղել, հետեւաբար՝ ես ունեմ նաեւ լեգիտիմ իրավունք՝ ասելու, որ պետականացնելու պարագայում այն բոլոր խնդիրները, որոնք կան՝ այս կամ այն չափի, երկրաչափական պրոգրեսիայով աճելու եւ խորանալու են»,-նկատում է զրուցակիցս:

Այս 3 եզրահանգումները դնելով կողք-կողքի, ըստ Ավետիսյանի, կարելի է գալ մի պարզ եզրակացության, որ խնդիրը ոչ թե տնտեսական է, մասնագիտական կամ արդյունավետությանն ու սպառողի շահերին վերաբերելի, այլ, ակնհայտորեն` քաղաքական. «Սեփականատերն անում է հայտարարություն, որը սրանց սրտով չէ, եւ որն իրենք ընկալում են սվիններով, որից հետո ինչքան գործիքակազմ, ուժ եւ հնարավորություն ունեն, բոլորը կիրառում են, որպեսզի հարստահարեն, սեփականությունը խլեն եւ, ի վերջո, լռեցնեն ու դրանով չեզոքացնեն իրենց աթոռին, իշխանությանը սպառնացող որեւէ ռիսկ: Սա ուղղակի պետական տեռորի գործադրում է՝ քաղաքական նպատակներով»:
Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի հնարավոր պետականացման հետեւանքներին, ապա. «Դրանք լինելու են շատ առարկայական եւ բավականին մեծ ծավալի, որովհետեւ առանց այն էլ մեր երկրի վիճակը՝ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու տեսանկյունից, ու դրա միտումը բավականին բացասական է, հենց միայն 2024-ին օտարերկրյա ներդրումների կամ կապիտալի փախուստ է արձանագրվել ՀՀ-ից, եւ այստեղ շատ կարեւոր է արձանագրել հետեւյալ վիճակագրական փաստերը․ միայն 2024-ին օտարերկրյա ներդրումների զուտ հոսքը թե ինչքան է եկել Հայաստան, եւ հանած` ինչքան է Հայաստանից գնացել, բացասական է եղել, այսինքն՝ ավելի շատ Հայաստանից օտարերկրյա ներդրումներ գնացել են, քան եկել են, եւ դա եղել է շուրջ 291 մլն դոլարի չափով։ Եվ 2-րդ․ ուղղակի օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքը, այսինքն՝ այն, ինչ գալիս է եւ դառնում է կոնկրետ աշխատատեղ, հարկ ու մեր տնտեսությունը զարգացնում է, այդտեղ էլ վիճակագրությունը եղել է բացասական՝ շուրջ 115 մլն դոլարի չափով: Այսինքն՝ մենք այսպիսի վիճակում գտնվելով փաստացի ներդրումների նկատմամբ, քաղաքական շահից դրդված՝ օրվա իշխանությունն այն անկարգ շարժումները, որ կատարում է, սա ուղղակի հաղորդագրություն է լինելու ի վնաս ՀՀ ներդրումային միջավայրի, հատկապես՝ օտարերկրյա ներդրումների մասով: Ի դեպ, ՌԴ ներդրումները ՀՀ տնտեսության մեջ ամենամեծ տեսակարար կշիռն ունեն, եւ վերջին տարիներին էլ դրանց աճի տեմպը գերազանցել է միջին աճի տեմպը»։

Տնտեսագետը նկատում է, որ սրանից հետո մարդիկ վախենալու են ներդրումներ կատարել Հայաստանում։ Սրան գումարվում են նաեւ անվտանգային ռիսկերը, հարկային տեռորը, անորոշությունների դաշտը եւ բարձր հարկային բեռը, որին կավելանա նաեւ քաղաքական դրդապատճառներով պետության կողմից տնտեսությունը տեռորի ենթարկելու վարքագիծը, իսկ դրանք ունենալու են կոնկրետ եւ անդառնալի հետեւանքներ: