22/06/2025

Հայ-թուրքական հարաբերության հեռանկար կա արդյոք

Իրանի դեմ Իսրայելի սանձազերծած պատերազմը անկասկած իր ստվերն է գցելու հայ-թուրքական հարաբերության հեռանկարի վրա:

Իրանի հարցն իր աշխարհաքաղաքական մասշտաբով անհամեմատ առավել ընդգրկուն է, ու այդ հարցում մեծ հաշվով բացված է «Պանդորայի արկղը»:

Իհարկե, հնարավոր է ասել, որ այն բացված չէ մինչև վերջ, դեռ ունի բացվելու տեղ:

Բայց, համենայն դեպս բացված է բավականին շոշափելի ծավալով՝ որպեսզի արձանագրի ռեգիոնալ հարաբերությունների և ճարտարապետության էական, հիմնարար փոփոխություն:

Բացվածքի հետագա աստիճանը պարզապես կորոշի փոփոխությունների սցենարանին ընթացքը, բայց դրանց հիմնարար բնույթը արդեն իսկ անխուսափելի է: Եվ այդ ազդեցության գոտում է նաև Կովկասը:

Հայ-թուրքական հարցն իհարկե ոչ միայն կովկասյան նշանակության է, բայց իր ընդգրկումով և աշխարհաքաղաքական խորքով անշուշտ համեմատելի չէ Իրանի հարցի հետ:

Հետևաբար, առավել ուժեղ, խորը և ազդեցիկ հարցն է կանխորոշելու հարակից ռեգիոններում, մերձավորարևելյան ավազանում գոյություն ունեցող մնացյալ էական հարցերի այս կամ այն վեկտորը:

Այդ իմաստով, ներկայումս հայ-թուրքական տիրույթում ծավալվող զարգացումները լայն առումով թերևս կրում են տակտիկական բնույթ, քանի դեռ ռազմավարական նշանակության զարգացումները ծավալվում են հարևանությամբ:

Մեծ իմաստով ռեգիոնի «ելքը» որոշվում է այնտեղ, ճարտարապետությունը ձևավորվում է այնտեղ: Առանձին դետալները, թեկուզ իրենց նշանակալիությամբ, այդուհանդերձ առանցքային իմաստ և բնույթ կստանան միայն ընդհանուր ճարտարապետության մեջ: Սա ամենևին չի նշանակում դրանց թերագնահատում, արժեզրկում:

Բացարձակապես: Այդ հարաբերակցությունը ոչ թե արժեզրկման մասին է, այլ պարզապես չափումների ելակետային տվյալների դասակարգման, որպեսզի համաչափ լինի տակտիկական ու ռազմավարական պրոցեսների՝ մեզ առնչվող հանգամանքների կառավարումը: