22/06/2025

Փաշինյանը Զանգեզուրի միջանցքը նվիրած է վերադառնալու

Նիկոլ Փաշինյանն Էրդողանի հրավերով մեկնել է Թուրքիա: Այդ այցի մասին զրուցել ենք թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մհեր Աբրահամյանի հետ:

– Փաշինյանին օդանավակայանում դիմավորել է Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալը:

– Որքանով տեղյակ եմ դիվանագիտական էթիկայից, դիմավորում են արտգործնախարարի կամ փոխարտգործնախարարի մակարդակով՝ կախված հյուրի եւ քննարկվող թեմայի կարեւորությունից: Իսկ Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին փոխարտգործնախարարի մակարդակով, կարծում եմ՝ այս պարագայում Թուրքիան աշխատում է մնալ դիվանագիտական էթիկայի սահմաններում:

– Բայց կարծիք կա, որ ամենաբարձր մակարդակով ընդունելություն չեն կազմակերպել:

– Այնպես, ինչպես ցույց են տալիս Ալիեւին եւ իրենց համար կարեւոր քաղաքական գործիչներին, տեղի չունեցավ: Փոխարտգործնախարարը դիմավորեց, մի քանի պատվո պահակ էր կանգնած, գցել էին այդ կապույտ գորգը, որը հայտնի է որպես Օսմանյան կայսրության խորհրդանիշներից մեկը, ու դրանով ավարտվեց դիմավորման արարողությունը:

– Թուրքական մամուլն ինչպե՞ս լուսաբանեց Փաշինյանի այցը:

– Անդրադարձը միայն տեղեկատվական տիրույթում էր, ե՛ւ թուրք մամուլում, ե՛ւ վերլուծաբանների մոտ կա, որ Փաշինյանն ընդունել է Էրդողանի հրավերը եւ գալիս է հանդիպելու Էրդողանի հետ: Ոչ մի խոսք չկա, թե ինչ է տեղի ունենում, սակայն կա մի շատ կարեւոր հանգամանք՝ երեկ Թուրքիայում էր գտնվում Ալիեւը, եւ Էրդողանը տարատեսակ ելույթներով եւս մեկ անգամ հաստատեց այն քաղաքականությունը, որ Հարավային Կովկասում միտված է իրականացնել ադրբեջանական եւ թուրքական քաղաքականությունը: Նա իր ելույթներում մի քանի անգամ նշեց Ադրբեջանի ու Թուրքիայի եղբայրության մասին, որ երկու սրտերն անհնար է բաժանել, եւ այսպիսի տոնայնության մեջ Ալիեւի հետ հանդիպում ունեցավ, որից հետո կայանալու էր Փաշինյանի հետ հանդիպումը:

– Էրդողանի այդ հայտարարությունները Հայաստանի համար ի՞նչ հետեւանքներ են ենթադրում:

– Հայտարարությունների ամենակարեւոր կետը, որը Հայաստանի համար վատ, ամենաբացասական հետեւանքն է ունենալու, միջանցքը կյանքի կոչելու հայտարարությունն էր: Նա, իհարկե, «Զանգեզուրի միջանցքի» անունը չնշեց, սակայն ներկայացրեց որպես միջանցք՝ օգտագործելով հենց «կորիդոր» բառը, եւ այստեղ հասկանալի է, որ նրանք՝ երկուսն էլ, հատկապես` Թուրքիան, ակտիվորեն զբաղվելու են միջանցքի բացմամբ:

– Արդյոք Թուրքիան եւ Ադրբեջանը չե՞ն փորձում օգտվել իրանաիսրայելական կոնֆլիկտի հարմար պահից:

– Ես կարծում եմ, որ Իրան-Իսրայել հարաբերություններում Թուրքիան փորձելու է շահել, իր համար հարմարավետ դիրք գտնել եւ երկու կողմի թուլացումից էլ իր համար դիվիդենտներ է քաղելու: Իրանի թուլացման պարագայում նա անխուսափելիորեն միտվելու է «Զանգեզուրի միջանցքի» բացմանը եւ, բացի դրանից, ադրբեջանական ֆակտորն օգտագործելով` փորձելու է իրականացնել Իրանի հյուսիսային շրջանների թուլացում: Իսկ Իսրայելի թուլանալու պարագայում փորձելու է իրականացնել իսլամական աշխարհի բազմաթիվ տարիների երազանքը, որպեսզի Իսրայելը, որպես այդպիսին, վերանա, եւ Թուրքիան փորձի ստանձնել իսլամական աշխարհի ղեկավարի կամ կոորդինատորի դերը:

– Հայ համայնքի հետ հանդիպմանը Փաշինյանը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը» գրեթե պատրաստ է, ճանապարհները կառուցված են, եւ այդ պանթուրանական վտակից բոլորն էլ կարող են ջուր խմել: Նա Թուրքիայից վերադառնալու է «Զանգեզուրի միջանցքն» արդեն թուրք-ադրբեջանական տանդեմին նվիրա՞ծ:

– Այդ վտանգը միշտ կա, եւ այսօր Թուրքիա այցելությունը դա ավելի ակնառու է դարձնում: Նրա պրոթուրքական քաղաքականությունն ու այդ կեղծ խաղաղության օրակարգը, որը պարտադրվել է Թուրքիայի կողմից, ցույց է տալիս, որ Փաշինյանը կարող է ստորագրել մի այնպիսի փաստաթուղթ, որը Հայաստանի համար կունենա եւս մեկ կործանարար գործառույթ: Այնտեղ հանդիպումները, այդ խոսույթները վկայում են դրա մասին, եւ դրա ամենացայտուն ցուցիչը Թուրքիա այցելությունն է ու Էրդողանի հետ փակ հանդիպումը:

– Եթե «Սյունիքի միջանցքը»` թուրք-ադրբեջանական տանդեմի օգտին, իրականություն դառնա, Ռուսաստանն այդ հարցում կորցնողի դերում չի՞ հայտնվի:

– Միանշանակ, Հայաստանը հանդիսանում է այն փոքրիկ դարպասը, որը պահում է պանթուրքիզմի քաղաքականությունը, որն ի սկզբանե ուղղված է եղել Ռուսաստանի դեմ: Դեռեւս 1880-ական թվականներից, երբ պանթուրքիզմը սկսվեց, դա ուղղված էր Ռուսաստանի եւ ռուս-թուրքական պատերազմները կանխելու դեմ, որպեսզի միավորվեն թուրքախոս բոլոր ցեղերը, այժմ` պետությունները, որը կբերեր Ռուսաստանի թուլացման, քանի որ նրա տարածքների մեծ մասում ապրում են թուրքախոս ժողովուրդներ:

Սա ամենավտանգավորն է Ռուսաստանի համար եւ ամենավտանգավորն է Իրանի համար, քանի որ Իրանն իր հյուսիսային սահմանը կկորցնի, հատկապես որ Իրանի հյուսիսում բնակվում են թուրքախոս ժողովուրդներ: Սա կհանգեցնի նրան, որ Թուրքիան կկարողանա նաեւ այդ թուրքախոս ժողովուրդների մոտ իրականացնել իր պրոթուրքական եւ պանթուրքական քաղաքականությունը, ինչն էլ Իրանի հյուսիսում տարատեսակ խժդժություններ կառաջացնի, եւ այդ ժողովուրդների մոտ ցանկություն կառաջանա կտրվել Իրանից եւ թուրքական այդ խոշորագույն ծրագրին միանալ: