Հայ ժողովրդի ամենամեծ խնդիրը ինքնորոշվելու եւ քաղաքական ազգի կարգավիճակ ձեռք բերելու անկարողությունն է։ Հայոց պետականության վերածննդից ի վեր մի ամբողջ դար հայերը չեն կարողացել հասնել ազգային ինքնորոշման։
Ըստ այդմ՝ պատմական Հայաստանի մի կտորի վրա հավաքված մարդիկ, ովքեր իրենց հայ են անվանում եւ իրենց հայ են զգում, չեն կարող հասկանալ, թե ինչու է նրանցից յուրաքանչյուրը մրցակից տեսնում բոլորի մեջ, այլ ոչ թե հոգով մտերիմ մարդ՝ միավորված մեկ մշակույթով եւ նույն հասարակության քաղաքացու իրավական կարգավիճակով։
Փոխադարձ մերժվածության բարձր աստիճանը, իրենց խնդիրները ուրիշների հաշվին լուծելու ցանկությունը Հայաստանի բնակչության մեծամասնւթյան բնորոշ գծերն են։ Կարելի է նույնիսկ պնդել, որ քաղաքական որոշ իրավունքներ ձեռք բերած ՀՀ քաղաքացիները մահացու վտանգ են ներկայացնում միմյանց համար՝ կարողանալով օրենքով զոհաբերել այլ քաղաքացիների շահերը հանուն իրենց։
Միեւնույն ժամանակ՝ ոչ ոք դրա համար պատասխանատվություն կրելու պարտավորություն չունի։ Հայաստանի յուրաքանչյուր բնակիչ ունի իր ճշմարտությունը. չկա մեկ ճշմարտություն ամբողջ համայնքի քաղաքացիների համար:
Համայնքը երբեք կոնսենսուսի խնդիր չի բարձրացրել համակեցության հիմնական կանոնների որոշման հարցում՝ դրանց շուրջ համընդհանուր համաձայնության հասնելու միջոցով։ Ազգային իշխանություն ընտրելու միասնական մոտեցում չկա. այստեղ որոշիչ գործոնը ուժեղի կարծիքն է։ Ամբողջ քաղաքական կյանքը սկսվում ու ավարտվում է արտաքին հովանավորի փնտրտուքով։
Իսկ այլ պետությունների հետ հարաբերություններում գերիշխում է որոշակի արտաքին ուժերի քաղաքական օրակարգին մասնակցելու սկզբունքը։ Ուրիշ վիճակ չէր կարող լինել. չի կարող լինել բնակչություն, որը չի ինքնորոշվել, ուղղակի անտեր զանգված է քաղաքական եւ իրավական առումով։
Նման զանգվածի հավերժական կարգախոսը «ազգային միասնության» անհրաժեշտության ճիչն է։ Ինչ է սա նշանակում՝ ոչ ոք չգիտի: Եվ բոլոր զարգացած ազգերը վաղուց գիտեն այս գաղտնիքը։ Գիտեն այս կամ այն համայնքի քայքայման համատեքստում «ազգային կոնսենսուսի» հասնելու ամենաարդյունավետ ձեւը։
Գիտեն, որ եթե հասարակությունը ցանկանում է «լինել», ապա պետք է ընդունի սկզբունքորեն նոր ինքնորոշում. աճի ու առաջադիմական զարգացման, քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների սկզբունքորեն նոր հարացույց:
Ժողովրդի ինքնորոշման երեւույթի փիլիսոփայությունը՝ նրա համընդհանուր կարգավիճակը որոշելու, հաստատելու, ապահովելու գործընթացն է։ Ինքնորոշման ակտն ինքնին ժողովրդին քաղաքական ազգի վերածելու մեթոդ է՝ քաղաքական միավորի, որն ընտրում եւ հռչակում է իր ռազմավարական նպատակը, իրավունքները, արժեքներն ու սկզբունքները։
Եվ գալիս է համընդհանուր համաձայնությունը դրա շուրջ: Այստեղ ամենակարեւորն այն է, որ ինքնորոշմամբ ձեւավորված ինքնիշխանությունը բազմապատկում է ազգի ուժի աղբյուր եւ ապահովում բավարար ռեսուրս՝ ունակ ապահովելու նրա անվտանգությունը, կենսունակությունը եւ ճկունությունը։
Հասարակական եւ անձնական գիտակցության վրա պրոյեկցիայում նոր հանգամանքներն ու հարաբերությունները դրսեւորվում են հիմնովին նոր համոզմունքների եւ վարքագծի նոր ձեւերի արմատավորման մեջ: Հասարակությունը փոխում է բոլոր պատկերացումներն այն մասին, թե ինչն է արժանի, ինչն է ճիշտ, ինչն է արժեքավոր:
Ի հայտ է գալիս հասարակության բոլոր անդամների միմյանց հանդեպ պատասխանատվության ֆենոմենը։ Միաժամանակ մարդիկ սկսում են գիտակցել սեփական անվտանգության մեխանիզմը։
Ընդհանուր նպատակների անվան տակ անձնազոհություն հասկացությունը չի ընկալվում որպես խելագարություն կամ անիմաստություն։ Արտաքին հարթությունում արմատական փոփոխություն է տեղի ունենում ինքնորոշված սուբյեկտի հարաբերություններում միջազգային հարաբերությունների այլ սուբյեկտների հետ։
Ճիշտ է ասվում, որ եթե դու ինքդ ընդունակ չես, սովորիր ուրիշներից, հատկապես հաջողակ թշնամիներից։ Հայերը հեռու գնալու կարիք չունեն՝ թուրքերի բացառիկ օրինակը հենց կողքին է։ Հայերը հակված են աշխարհին նայել 10-րդ դարի սերունդների աչքերով: Բայց մենք պետք է սովորենք նայել 20-րդ դարի մարդկանց աչքերով, երբ ձեւավորվեցին այսօրվա աշխարհի ուրվագծերը։
Վերջին իմ ֆեյսբուքյան գրառման մեջ ներկայացվածը վերաբերում է աշխարհի քարտեզի վրա իրեն թուրք կոչող ազգի հայտնվելուն։ Ի՞նչ ազգ է սա եւ ե՞րբ է հայտնվել պատմության մեջ։ Այս հարցի պատասխանը հեշտ է ստանալ, եթե բարձրացված խնդրին նայենք 20-րդ դարի սկզբին օսմանյան մահմեդականների՝ նախկին Օսմանյան կայսրության բնակչության քաղաքական ամենաառեղծվածային կոնտինգենտի ինքնորոշման պրիզմայով։
Ուսումնասիրվող ժամանակահատվածում նոր ազգի առաջնորդները ցուցադրեցին համակարգային մտածողության եւ գործողության հրաշքներ՝ ապացուցելով, որ պետություն կարելի է կառուցել անգամ իրենց ինքնությանը անտեղյակ մարդկանց ռեսուրսի վրա։
Սա այն ժամանակաշրջանն էր, երբ ազգ դարձող թուրքերը կարող էին համարձակորեն հայտարարել՝ «ամբողջ աշխարհը մեր դեմ է», եւ հաղթել բոլորին։ Սա ազգային ինքնորոշման արդյունք է:
Մանվել Սարգսյան
Բաց մի թողեք
Ի՞նչ արդյունք են քողարկում ստանդարտ արձանագրումները
Հայ-թուրքական հարաբերության հեռանկար կա արդյոք
Իսրայել-իրանական պատերազմի դադարեցման առնչությամբ ձեւավորվում է առնվազն երկու դիվանագիտական առաջարկ