21/06/2025

Ռեստորանում ընթրել են, ալկոհոլ օգտագործել, վիճաբանել. կինը հայտնել է, որ ծանոթը բռունցքով հարվածել է իր գլխին

Հունիսի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։

Ժամը 22։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վայքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է «Տարոնի սննդի կետ», որտեղ մի կին ոչ ադեկվատ վիճակում հայտնել է, որ գլխի շրջանում հարված է ստացել, ինչի հետևանքով գլուխը ցավում է։

Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 45-ամյա Գոհար Ս․-ն հայտնել է, որ իր ծանոթի՝ Երևանի բնակիչ 50-ամյա Արայիկ Մ․-ի հետ միասին վերջինիս «BMW» մակնիշի ավտոմեքենայով շրջագայելու նպատակով ուղևորվել են Վայք քաղաք, որտեղ ժամը 19։30-ի սահմաններում ընթրել են «Որսկան» ռեստորանային համալիրում, որի ժամանակ օգտագործել են ալկոհոլ։

Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ կինը ոստիկաններին հայտնել է, որ ընթրիքի ժամանակ վիճաբանություն է առաջացել իր և Արայիկ Մ․-ի միջև, որի ընթացքում վերջինս բռունցքով 3-4 անգամ հարվածել է իր գլխին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

Դեպքի փաստով ոստիկանության Վայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։