21/06/2025

Ինչի՞ մասին են խոսում ռեպրեսիվ անկանոն շարժումները

Այնպիսի տպավորություն է, որ վախը, ավելի ճիշտ՝ սաստիկ վախերը դարձել են Փաշինյանի ու նրա իշխանության «գործունեության» միակ մոտիվատորը:

«Փաստ» օրաթերթը գրում է. Երեկ Փաշինյանը Թուրքիա մեկնեց, և մինչ նա սրտատրոփ սպասում էր Էրդողանի հետ հանդիպմանը, հայ հասարակությունն էլ սպասում էր, թե ինչ տհաճ անակնկալ է նա Թուրքիայից հրամցնելու Հայաստանին ու հայությանը: Մեծամասնությունը, բնականաբար, ընդհանրապես ոչ մի լավ բանի սպասում չունի Փաշինյանից, նրա իշխանությունից, երեկ առավել ևս չուներ նրա թուրքական այս այցից: Չէր կարող ունենալ՝ հատկապես հաշվի առնելով այցին նախորդած ու այցի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները:

Նախ՝ պատերազմ հայտարարվեց Եկեղեցուն, ապա կալանավորեցին Սամվել Կարապետյանին, իսկ երեկ, երբ Փաշինյանն արդեն մեկնել էր Թուրքիա և լայնածավալ ժպիտով սեղմում էր երրորդ-չորրորդ-տասներորդ ռանգի թուրք պաշտոնյաների ձեռքերը, Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնն ուղղակիորեն խճողված էր ոստիկաններով, ոստիկանական զորքերով, քաղաքացիական հագուստով «օպերներով»:

Հետո արդեն տեղեկություններ տարածվեցին «Սրբազան պայքարի» կողմնակիցների, քաղաքական այլ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների զանգվածային ձերբակալությունների, բերման ենթարկելու, «զրուցելու» մասին: Հատկանշական է պատահական անցորդներից մեկի դիտարկումը. «Տեսնես էս անգամ ինչ են տալու թուրքին, որ էս կարգի իրար են խառնվել…»:

Այո, ժողովրդական խոսքերը, որպես կանոն, ամենից տարողունակն ու դիպուկն են:

Ուրեմն, ինչի՞ մասին են վկայում Փաշինյանի ռեպրեսիվ անկանոն շարժումները:

Նախ՝ այս ամենը խոսում է իշխանությունը կորցնելու հետ կապված Նիկոլ Փաշինյանի ակնհայտ վախերի մասին: Նույն վախերի հետևանք են նաև վերջին օրերին նրա անհավասարակշիռ վարքն ու «ելույթները» Ազգային ժողովում, որից նույնիսկ իր շատ թիմակիցներ են ապշել: Մյուս պատճառն, իհարկե, թուրքական այցն էր, ինչպես նաև այդ այցի հետ կապված հետևանքները:

Այսինքն, նա իր ջղագրգռությամբ, «հոսանքահարմամբ», իրավական «բեսպրեդելով» ու, ընդհանրապես, բոլոր անկանոն շարժումներով մատնում է, որ այս ամենի մեջ ոչ թե բուն ներքաղաքական պատճառ կա, այլ աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ըստ այդմ էլ՝ մատնում է իր ակնհայտ վախերն առ այն, որ Հայաստանի համար վտանգավոր պայմանավորվածություններ ձեռք բերելու հետևանքով ժողովուրդն, ի վերջո, ոտքի կկանգնի և այդպես հոտնկայս հրաժեշտի «ողջույն» կուղղի Փաշինյանին՝ իր ՔՊ-ով հանդերձ: Ինքը հո գիտե՞ր, թե ինչու էր գնում Թուրքիա, ինչ էր սպասվում այնտեղ, առավել ևս՝ ինչ է սպասվում դրանից հետո…