Երկու օր առաջ ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը, որը Հայաստան էր եկել՝ մասնակցելու հոր մահվան քառասունքին, հայտնվեց Նիկոլ Փաշինյանի եւ նրան հլու-հնազանդ ծառայող իրավապահների թիրախում:
Հրապարակ թերթը գրել է․ Նիկոլ Փաշինյանն արդեն մեկ ամիս է՝ պայքար է սկսել Հայ առաքելական եկեղեցու դեմ` եկեղեցականներին ամենաանպարկեշտ ու գռեհիկ պիտակավորումներն է տալիս, խառնվում ներքին կանոնակարգին, այն դեպքում, երբ ՀՀ Սահմանադրությամբ՝ Եկեղեցին եւ պետությունն անջատ են, գործադիր իշխանությունն իրավունք չունի միջամտելու Եկեղեցու գործերին եւ «Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքով էլ սահմանված է. «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում»:
Սամվել Կարապետյանը Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ է, Եկեղեցու բարերարներից է, նա նաեւ եկեղեցիներ է կառուցում, աջակցել է մայր տաճարի բարենորոգմանը, Վեհափառի ձեռքից «Սուրբ Էջմիածին» շքանշանով է պարգեւատրվել, եւ բնական է, որ, ինչպես շատ հայ քրիստոնյաներ, պետք է արձագանքեր Նիկոլ Փաշինյանի հայհոյանքներին ու ճնշումներին:
Ընդ որում, շատ բարեկիրթ է արձագանքել. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձեւով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»:
Այս մի քանի տողը իշխանությունները համարել են իշխանազավթման կոչ, եւ Նիկոլ Փաշինյանն անձամբ է ղեկավարել Սամվել Կարապետյանին կալանավորելու գործընթացը՝ «Միջամտելը կտեսնես, ստահակ», «Ընդմիշտ կլռեցնեմ» գրառումներով:
Եվ քանի որ իրավապահ համակարգը Փաշինյանի կամքով մեզանում այլեւս գոյություն չունի, Քննչական կոմիտեն, ոստիկանությունը, դատարանը, ենթարկվելով նրա կամքին, արագորեն մեղադրանք առաջադրեցին, տարան դատարան եւ կալանքի որոշում կայացրին: Ինչպե՞ս կարելի է անձին խոսքի համար կալանավորել, կալանքը խափանման միջոցների մեջ ամենածանր տեսակն է, որը կիրառվում է եզակի դեպքերում:
Ոչ միայն մեղադրանքը պետք է ծանր լինի, արարքը` վտանգավոր, այլեւ պետք է նախաքննության մարմինը կոնկրետ ապացույցներ ունենա, որ անձը կարող է ազդել վկաների վրա, խոչընդոտել գործի քննության ընթացքին, շարունակել հանցանքը կամ փախուստի դիմել: Բայց խնդիրն այն է, որ Կարապետյանի հայտարարություններում չկա որեւէ հանցակազմ, նրան առաջադրված հոդվածը միջին ծանրության է, եւ պատիժը սկսվում է տուգանքից, բայց անիմաստ է այս ամենը քննարկելը Փաշինյանի Հայաստանում:
Այս հոդվածով 2021 թվականի ձմռանը քրեական գործ է հարուցվել նաեւ ՀՀ նախկին վարչապետ, պաշտպանության նախարար, Հայրենիքի փրկության շարժման ղեկավար Վազգեն Մանուկյանի նկատմամբ:
Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը), որը նախկին օրենսգրքի համարժեք հոդվածն էր, եւ որպես խափանման միջոց էր կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: 2021թ. մարտի 9-ին Վազգեն Մանուկյանին առաջադրված մեղադրանքը լրացրել էին 2021թ. փետրվարի 26-ին Բաղրամյան պողոտայում անցկացված հանրահավաքի ժամանակ Վազգեն Մանուկյանի հնչեցրած կոչերով, որոնք եւս իբրեւ թե պարունակում էին իշխանությունը զավթելու եւ սահմանադրական կարգը տապալելու բռնի կոչեր: Իսկ 2023-ի ապրիլին գործի քննությունն ավարտվել էր, եւ դատարանը վճռել էր Վազգեն Մանուկյանին 500 հազար դրամով տուգանել: Իհարկե, սա էլ էր աբսուրդ, բայց, փաստորեն, 2023-ին դատարաններն ավելի անկախ էին, քան՝ 2025-ին:
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի նվաստացուցիչ պարտությունից հետո Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարել էր. «Ցանկացած պահ, դա կլինի այսօր, դա կարող է լինել մեկ շաբաթ հետո, կարող է լինել 10 օր հետո, պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ` ապստամբելով, վերցնել իշխանությունը»: Նիկոլ Փաշինյանը, պարզ է, սարսափում է իշխանափոխության մտքից: Բայց տարբեր մարմիններ` դատախազությունը, դատարանը, ՄԻՊ-ն ու կոռուպցիայի դեմ պայքարող մյուս մարմինները նրա համար են, որ թույլ չտան՝ ինչ-որ մեկն իր վախերի պատճառով երկիրը դարձնի Հյուսիսային Կորեա կամ 37 թվի ստալինյան ՍՍՀՄ: Որքան էլ Նիկոլ Փաշինյանը սարսափի իշխանությունը կորցնելու մտքից եւ փորձի ամեն գնով չեզոքացնել իրեն ուղղված բոլոր վտանգները, հասարակությունը պետք է փորձի կանխել ամենաթողությունը եւ վերականգնել սահմանադրական կարգը մեր երկրում:
Բաց մի թողեք
Փաշինյանն այդ քայլով կենտրոնացված կառավարման համակարգը շուռ կտա և կանցնենք նորից Սովետի. Բոստանջյան
Փաշինյանը Զանգեզուրի միջանցքը նվիրած է վերադառնալու
ՍԱՏՄ-ն «ազարտի մեջ է ընկել»` մեկը մյուսի ետեւից փակում է «Տաշիր պիցցա» պիցցերիաների ցանցի մասնաճյուղերը