Նիկոլ Փաշինյանը շարունակում է հայհոյել Հայ առաքելական եկեղեցու հոգեւորականներին, բանտարկել նախկիններին եւ անգամ Հայաստանի ու Արցախի համար շատ բան արած բարերարին չի խնայում:
Հրապարակ թերթը գրել է․ Դաժան է հայերի, բայց ինչքան սրտաբաց ու սիրալիր է մեր հազարամյա թշնամիների հանդեպ: Վիզը ծուռ լուսանկարները Ստամբուլից` Էրդողանի եւ թրքահպատակների հետ հարաբերվելիս, ամբողջությամբ ի ցույց են դնում նրա էությունը: Չնայած ՔՊ-ական ուսապարկերն այդ այցը որակում են որպես պատմական:
Ռազմական փորձագետ, հասարակական գործիչ Դավիթ Ջամալյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Թուրքիա կատարած այցին, նրա հայտարարություններին, Հայաստանում սկսած հակաեկեղեցական արշավին, նկատում է. «Գործ ունենք բացահայտ թուրքական դրածոյի հետ, որն ամեն կերպ առաջ է մղում թուրքական շահը՝ զբաղեցնելով ՀՀ վարչապետի պաշտոնը:
Նրա խունտան, ավելի ճիշտ` բոլուկը, առաջ է մղում թուրքական շահը, որովհետեւ իրենք՝ համարյա բոլորը, թուրքական դրածոներ են: Այսքանով ամեն ինչ ասված է: Բավական է միայն այս մարդկանց կենսագրությունն ուսումնասիրել՝ հասկանալու համար, որ նրանց մեծ մասն առնվազն շատ վաղուց եղել է թուրքական ազդեցության տակ, իսկ հիմա, լինելով իշխանություն, բնականաբար, առաջ են մղում թուրքական շահերը: Սրանց գործողություններում որոնել հայկական շահ՝ պարզապես անհնար է:
Նիկոլ Փաշինյանի բոլոր հայտարարությունները հստակ տեղավորվում են թուրքական ռազմավարական, հեռահար շահերի տրամաբանության մեջ: «Զանգեզուրի միջանցք» ասվածը նա անխուսափելիորեն բացելու է թուրքերի առաջ: Այստեղ հարցն այն է` կռվի միջոցո՞վ է բացելու, թե՞ առանց կռվի: Անկախ այն բանից՝ դրա անունը միջանցք կդնեն, ճանապարհ կդնեն, թե ինչ, սրանք հարցի մյուս կողմերն են: Էքստերիտորիալ կարգավիճակով հաղորդակցության ուղի, որը Նախիջեւանը կկապի Ադրբեջանին եւ լայն առումով Թուրանի ճանապարհը կդարձնի անխոչընդոտ, դա «Զանգեզուրի միջանցքն» է` Սյունիքը:
Նիկոլ Փաշինյանն այդ ճանապարհն ամեն գնով տալու է: Նա իր այս հայտարարություններով փորձում է հայ հասարակությանը նախապատրաստել իր դավադիր նպատակներին: Բայց արդյո՞ք մեր հանրությունը մարսելու է այս ամենը, արդյո՞ք հանդուրժելու է, որ նման բան տեղի ունենա: Ես ենթադրում եմ, որ` ոչ:
Նիկոլ Փաշինյանի վարկանիշը գահավիժում է, եւ այդ պարագայում չկա հեռանկար, որ հայ ժողովուրդը կարող է աչք փակել այդ ամենի վրա: Այս ամենին զուգահեռ, Փաշինյան կոչվածը ձեռնոց է նետում Հայ առաքելական եկեղեցուն, կալանավորում է գործարար Սամվել Կարապետյանին: Ակնհայտ է, որ նա մեծ վախեր ունի, եւ նրա ագրեսիայի պատճառը հենց վախն է, ուստի, իմ կարծիքով, նախքան 2026 թ. ընտրությունները նա ոչ մի քայլ Հայաստանի դեմ չի կատարի, կսպասի ընտրություններին, եթե, Աստված մի արասցե, հաղթի ընտրություններում, ապա դրանից անմիջապես հետո Հայաստանը ոչնչացնելու ծրագիրը կյանքի կկոչի:
Նա այժմ չի վտանգի իր վերընտրվելու հնարավորությունը, այսօր նա ինչ հայտարարում է, կյանքի է կոչելու 2026-ին, բայց այստեղ էլ հարց է առաջանում` արդյո՞ք կհավաքի բավարար ձայներ, թե՞ ոչ: Մեր հանրությունն օր-օրի սթափվում է, մարդիկ գիտակցում են, թե Նիկոլին ընտրելով ինչ աղետների առջեւ կարող են կանգնել»:
Ստամբուլում օրերս տեղի է ունեցել Իսլամական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանը, եւ Փաշինյանի այցից անմիջապես հետո բանաձեւ է ընդունվել, այսպես կոչված՝ «Արեւմտյան Ադրբեջանի համայնքի» բնակիչների վերադարձի մասին:
Այսինքն` Էրդողանը սիրախաղերի մեջ է Փաշինյանի հետ, իբրեւ թե հարաբերություններ են զարգացնում, սակայն Թուրքիան փորձում է ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու ծրագիրն իրականացնել՝ նկատեցին մենք։ «Թուրքիան երբեք չի կարող Հայաստանի հետ սիրախաղի մեջ մտնել եւ հայերին մոտենալ բարեկամաբար:
Այդ սիրախաղը, այո, կարող է լինել բացառապես իր դրածոյի հետ: Թուրքի համար հայը երբեք չի կարող լինել դաշնակից կամ բարեկամ: Բացի քաղաքականությունից, կան նաեւ հոգեբանական որոշակի նյուանսներ: Թուրքերը որեւէ քրիստոնյա ազգի հավասարը հավասարին չեն ընկալում: Նրանք հրաշալի հասկանում են, որ Հայաստանում ունեն գործիքներ, եւ այդ գործիքներն իրենց տալիս են աննախադեպ հնարավորություններ:
Նիկոլի իշխանությունը նրանց համար Ալլահի պարգեւ է: Մինչեւ վերջ, որքան հնարավոր է, կօգտագործեն նրան, հետո ինչ-որ պահի դեն կնետեն՝ հրաժարվելով նաեւ Հայաստանի հետ բարեկամական կապեր հաստատելու կեղծ խոստումներից: Խնդիրը շատ հստակ են դրել թուրքերը` կոնֆլիկտը սահմաններից բերել ներս` Հայաստանի գյուղեր եւ քաղաքներ: Ասեմ, որ Նիկոլ Փաշինյանի այս բացահայտ թրքահպատակ կեցվածքը վատ չէ, այն եւս մեկ անգամ հայ հանրությանը սթափեցնում է, նրա հայտարարությունները մեր ժողովրդի վրա մեծ ազդեցություն են թողնում, 1-2 տարի առաջվա համեմատ այսօր մարդիկ բավականին սթափ են, էլ չենք խոսում այն մասին, որ այսօրվա իրականությունն աղերս չունի 2021-ի հետ, երբ հանրության մեծամասնությունը մոլորության մեջ էր:
Յուրաքանչյուր քաղաքացի ինքն իրեն պետք է հարց տա. ի՞նչ է սպասվում մեզ, եթե 2026 թ. հունիսին Նիկոլ Փաշինյանը հաղթի ընտրություններում: Ընտրությունների հենց հաջորդ օրը Հայաստանի պետականության անկման վերջին փուլի մեկնարկը կտրվի: Արդեն 7 տարի է՝ նա կառչած է վարչապետի աթոռից եւ մեզ բոլորիս տանում է կործանման: Նա ունի արտաքին աջակցություն, ինչպես նաեւ քիչ չէին մոլորյալները, որոնք օր-օրի նվազում են: Այս արհավիրքին մնացել են ամիսներ: Ինչ վերաբերում է Եկեղեցու դեմ սկսած արշավին, ապա Եկեղեցին մենք՝ բոլորս ենք, պարտադիր չէ ամեն օր եկեղեցի գնալ եւ մասնակցել պատարագներին, Հայ առաքելական եկեղեցին մեր մեջ է: Եկեղեցու հանդեպ հարգանքն ու հավատը հայ ժողովրդին մոբիլիզացնում է:
Վստահ եմ, որ Հայաստանի պետականակենտրոն ուժերը, եթե ոչ նախքան ընտրությունները, ապա ընտրությունների արդյունքում կարողանալու են լուրջ հաջողությունների հասնել: Ամփոփելով զրույցը՝ ասեմ, որ գործ ունենք հայ ժողովրդի շահի հետ աղերս չունեցող մի մարգինալացված խմբի հետ, որը եկել է իշխանության հայրենասիրական լոզունգներով, ստով ու կեղծիքով: Զարմանալու փոխարեն պետք է գիտակցենք, թե ինչ տեղի կունենա, եթե մեկ տարի անց այս թուրքի խամաճիկները վերարտադրվեն»:
Բաց մի թողեք
Նախկին ՀՀԿ-ական, հիմա ՔՊ-ական Պապոյանը, որ 4 տարում 2 տուն է գնել, 1992 թ. «Ժիգուլի» ունի, բայց աղմկում է․ Լուսանկար
200 մլն դրամ՝ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025»-ի համար. ինչ ծախսեր են արվել․ Փաստաթղթեր
Մեծ խաղը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում»