02/07/2025

Շնորհավոր, աշխարհ, խաղաղության ժամանակն է․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառում է արել սոցցանցի իր էջում՝ շնորհակալություն հայտնելով Իրանին ԱՄՆ ռազմաբազաներին հարվածների մասին նախազգուշացնելու համար, որը թույլ տվեց խուսափել զոհերից։

ԱՄՆ նախագահը նաև Իրանի արձագանքն անվանել է «շատ թույլ»՝ նշելով, որ արձակված 14 հրթիռներից 13-ը որսացել են, իսկ մեկը սպառնալիք չի ներկայացրել։

«Իրանը պաշտոնապես արձագանքեց մեր կողմից իրենց միջուկային օբյեկտների ոչնչացմանը շատ թույլ արձագանքով՝ ինչը մենք սպասում էինք, և որը մենք արդյունավետորեն հետ մղեցինք։ Արձակվել է 14 հրթիռ, որոնցից 13-ը խոցվել են, իսկ մեկը «բաց է թողնվել», քանի որ այն անվնաս ուղղությամբ էր շարժվում։ Ես ուրախ եմ հայտնել, որ ոչ մի ամերիկացի չի տուժել, և գրեթե ոչ մի վնաս չի պատճառվել։

Հուսով եմ՝ ատելության ալիքը չի կրկնվի։ Ես շնորհակալություն եմ հայտնում Իրանին վաղ նախազգուշացման համար, որը թույլ տվեց խուսափել զոհերից և վիրավորներից։ Հնարավոր է՝ Իրանը հիմա կարողանա շարժվել դեպի խաղաղություն և ներդաշնակություն տարածաշրջանում, և ես խանդավառությամբ խրախուսում եմ Իսրայելին անել նույնը»,- գրել է նա։

«Շնորհավոր, աշխարհ, խաղաղության ժամանակն է»,- մեկ այլ գրառում է կատարել ԱՄՆ նախագահը։

Մեկ այլ գրառմամբ Թրամփը շնորհակալություն է հայտնել Կատարին՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերի համար և հավելել, որ Կատարի բնակիչների շրջանում ևս տուժածներ չկան։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շտապ կերպով ազգային անվտանգությա նիստ է հրավիրել:

Fox News-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տունը դիտարկում է տարածաշրջանում ամերիկյան ռազմական օբյեկտների վրա ուղղակի հարձակման հնարավորությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանը գործողություն է սկսել Կատարում գտնվող ամերիկյան «Ալ Ուդեյդ» բազայի դեմ։