15/10/2025

Սյունիքում իրավական բեսպրեդելը հանգեցրել է ողբերգությունների

Սյունիքում իրավապահ կառույցների անգործության, ամենաթողության հետեւանքով օրերս սկանդալային միջադեպ է տեղի ունեցել։ Անցած շաբաթավերջին հայտնի դարձավ, որ Տաթեւ համայնքի ղեկավար Գոռ Մինասյանն ու եւս երկու անձ ծեծի են ենթարկել ՔՊ-ական Վարուժան Մարտիրոսյանի որդուն եւ դստերը՝ Կարո եւ Մարո Մարտիրոսյաններին, նախաձեռնվել է քրեական վարույթ, Գոռ Մինասյանը ձերբակալվել է:

Հրապարակ թերթը գրել է․ Մեր տեղեկություններով, ուրբաթ օրն էլ նրան երկամսյա կալանքի են տարել՝ խուլիգանության հոդվածով։ Մարզի որոշ ՔՊ-ականներ համոզված են՝ եթե Գոռի դեմ ՔՊ-ից չաշխատեին, ապա շատ դեպքերի պես, նրա մասնակցությամբ միջադեպն էլ գուցե ջրվեր, կամ էլ առնվազն կալանքի որոշում չկայացվեր։ Իսկ կալանքի հարցում, ասում են՝ իրենց դերակատարումն են ունեցել մարզի որոշ կարկառուն ՔՊ-ականներ, մասնավորապես՝ պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Կարեն Համբարձումյանը, ինչպես նաեւ՝ նախկին մարզպետ, պաշտպանության նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանը։

Բանն այն է, որ Գոռ Մինասյանը մարզի ազդեցիկ դեմքերից է, կարելի է ասել` «ռուլիտ է անում» Տաթեւի շրջանը, մեկ ամիս առաջ հենց Գոռ Մինասյանին պատկանող «Տաթեւ» ֆուդկորտում էլ անցկացվել է «Կրթվելը նորաձեւ է» շարժման հերթական միջոցառումը, որին Մինասյանն էլ է ներկա եղել, հյուրընկալել է Փաշինյանին ու կնոջը: Բացի դրանից, Նիկոլ Փաշինյանը նրան ջերմ ընդունելության է արժանացրել, ինչ-ինչ հարցեր են քննարկել, ենթադրում են՝ նախընտրական։ Նա նաեւ ջերմ հարաբերություններ ունի մարզպետի հետ եւ դարձել է իշխանության «տասովշչիկը»՝ չլինելով «յառի» ՔՊ-ական։ Թերեւս սրանով է պայմանավորված, որ դեռեւս երկու տարի առաջ հայտնվել է մարզի իշխանական կարկառունների թիրախում, եւ փորձել են նրան վարկաբեկել, մրոտել։

Շուրջ երկու տարի է՝ 2023 թվականի հոկտեմբերից սկսած, Գոռ Մինասյանի հարազատներին, բարեկամներին, ընկերներին, նրան ճանաչող եւ չճանաչող բազմաթիվ մարդկանց Telegram եւ WhatsApp հավելվածներով ուղարկվել են վերափոխված ձայնագրություններ եւ կեղծ հաղորդագրություններ, հաղորդագրություններ են ուղարկել նաեւ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավար Մարի Թեւոսյանին, որոնք անձնական մտերմություն ունեն, այդ մոնտաժված ձայ­նագ­րու­թյուններով փորձել են վարկաբեկել երկուսին էլ: Մինասյանը մի շարք անձանց է կասկածել, Մարի Թեւոսյանն էլ անգամ հաղորդում է տվել իրավապահներին, սակայն՝ ապարդյուն, որեւէ մեկը չի պատժվել, իրավապահները մատը մատին չեն խփել։ Կասկածյալների շարքում են եղել նաեւ Վարուժան Մարտիրոսյանի որդին եւ դուստրը: Նշենք, որ այս մասին Մինասյանի պաշտպանական խումբը ոչ այնքան բաց տեքստով ներկայացրել է հանրությանը։ Հենց այս անպատժելիության հետեւանքով է տեղի ունեցել միջադեպը, եւ Մինասյանը փորձել է իր ձեւով արդարադատություն իրականացնել իրեն վարկաբեկողների նկատմամբ։ Ասում են՝ Մինասյանին վարկաբեկելու, արանքից հանելու ծրագիր են ունեցել մարզի ՔՊ-ականները, մասնավորապես՝ պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Կարեն Համբարձումյանը, որոնք, ի դեպ, նույնպես մասնակցում էին Տաթեւում անցկացված կրթարշավին, բայց Փաշինյանի եւ Գոռի զրույցին ներկա չեն եղել։

Գոռ Մինասյանի դեմ արշավին ակտիվ ներգրավված է նաեւ նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։ 2021 թվականի մայիսին Գոռ Մինասյանն ու եղբայրը ծեծի են ենթարկվել, որից հետո տեղեկություններ են շրջանառվել, որ նրանք առեւանգել են Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդուն: Դրանից հետո Գոռ Մինասյանն ազատվել է աշխատանքից, հրապարակային քննադատել Փաշինյանին, բայցեւ հետո նշանակվել է Տաթեւ գյուղի վարչական ղեկավար: Հայտնի է, որ Մելիքսեթ Պողոսյանի որդիներից մեկը մարզի դատախազն է, եւ հենց նրա միջնորդությամբ են Մինասյանի նկատմամբ արշավողներն անպատիժ մնացել ու օրերս Լինչի դատաստանի ենթարկվել Տաթեւի վարչական ղեկավարի կողմից։