03/07/2025

Նիկոլ Փաշինյանը հաշվեհարդար է տեսնում Անկարայի և Բաքվի թշնամիների հետ

«Հայաստանը պայթյունի եզրին է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կանխվել է իշխանությունը զավթելու փորձը։ «Քրեաօլիգարխիկ հոգևորականությունը» մեղադրվել է դավադրության մեջ։

Հրապարակ թերթը գրել է․ Վաղ առավոտից անվտանգության ուժերը խուզարկություններ են անցկացնում արքեպիսկոպոս Գալստանյանի կողմնակիցների տներում։ Մեղադրյալների թվում է նաև միլիարդատեր Սամվել Կարապետյանը։ Ի՞նչ է կանգնած «Սրբազան պայքար» շարժման դեմ գործողության հետևում։ Արդյո՞ք սա իսկական հեղաշրջում է»։

Այս մասին Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումներին անդրադառնալով՝ իր ծավալուն հոդվածում գրում է ադրբեջանական իշխանական քարոզչակայքերից «Մինվալ»-ը: Կայքը մեջբերում է Փաշինյանի ֆեյսբուքյան հետևյալ գրառումը, ըստ որի՝ «Իրավապահները կանխեցին Հայաստանի Հանրապետությունը ապակայունացնելու և իշխանությունը բռնազավթելու «քրեաօլիգարխիակղերական» խոշոր ու եղկելի պլանը»:

«Վաղ առավոտից ուժայինները սկսել են խուզարկել «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների տները, որը գլխավորում է Փաշինյանի վերջին ամիսներին գլխավոր հակառակորդ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը։ Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ խուզարկություններ են անցկացվել մոտ 30 տներում։ Ավելի ուշ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հարցաքննության է կանչել Գալստյանին, ով հայտնի է իր ռևանշիստական ​​հայացքներով»,-ասվում է հոդվածում։

Հրապարակման մեջ հիշեցվում է, որ «միլիարդատեր Սամվել Կարապետյանը, որը աջակցում էր եկեղեցուն, նույնպես ավելի վաղ ձերբակալվել էր։ Նա մեղադրվում է կառավարության տապալման հրապարակային կոչ անելու մեջ»։

«Քննչական կոմիտեն պնդում է, որ արքեպիսկոպոս Գալստանյանը ոչ միայն կոչ է արել իշխանափոխության, այլև ենթադրաբար նախապատրաստել է բռնի զավթում։ Հետաքննիչների կարծիքով՝ նա միջոցներ է ձեռք բերել ահաբեկչական հարձակումներ իրականացնելու համար և ստեղծել է պայմաններ իշխանության զավթման համար՝ որպես խմբի մաս։ Վարչապետի և եկեղեցու միջև հակամարտությունը շարունակվում է արդեն մի քանի ամիս։ Փաշինյանը մեղադրում է իր հակառակորդներին դավադրության, իսկ ռուսամետ ընդդիմությանը՝ քաղաքական բռնաճնշումների մեջ»,-շարունակում է «Մինվալ»ը։

Բաքվի քարոզչակայքը պնդում է նաև. «Ռուսաստանը համարվում է Հայաստանում տեղի ունեցողի նախաձեռնողը։ Ինչպես հաղորդվել էր ապրիլի վերջին, Սերգեյ Կիրիենկոն և նրա վերահսկողության տակ գտնվող կառույցները սկսել են վերահսկել հայկական ուղղությունը։ Իսկ մայիսի վերջին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի թիմը մշակում էր սցենարներ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների համար։ Մինչդեռ Փաշինյանի վարկանիշը շարունակում է ընկնել. CRRC հարցման համաձայն՝ հարցվածների միայն 15%-ն է վստահում նրան»։

Ըստ «Մինվալ»-ի, «վերջին ամիսներին Հայաստանում նկատվում է ռևանշիստական ​​տրամադրությունների և ադրբեջանաֆոբիայի աճ՝ մտահոգիչ միտում, որը անմիջական սպառնալիք է ներկայացնում ոչ միայն Ադրբեջանի, այլև ամբողջ տարածաշրջանի կայունության համար»։ Ալիևյան ռեժիմին սպասարկող քարոչզակայքը հեռուն է գնում և ընդգծում.

«Բաքվի և Երևանի միջև հարաբերություններում դեռևս շատ խնդիրներ կան վերջինիս պատճառով։ Այնուամենայնիվ, կասկած չկա, որ Երևանում տեղի ունեցող իրադարձությունները ձեռնտու են Ադրբեջանին, որտեղ ուշադիր հետևում են վերջին զարգացումներին։ Ռևանշիստական ​​էլիտայի քաղաքական դիրքերի թուլացումը, այդ թվում՝ Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչների, ինչպես նաև քաղաքական «դարն ապրած» Քոչարյանի և Սարգսյան, ինչպես նաև դաշնակցական ընդդիմության կողմնակիցների վրա ճնշումը, որոնք հետևողականորեն դեմ են խաղաղ կարգավորմանը և կարոտով են վերաբերվում ադրբեջանական տարածքների օկուպացիայի ժամանակներին, Բաքվում ընկալվում է որպես դրական և ռացիոնալ տեղաշարժ Երևանի քաղաքական ճարտարապետության մեջ»։

Պարբերականի հավաստիացմամբ, մի շարք փորձագետներ արդեն ենթադրել են, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև անցյալ շաբաթ Թուրքիայում կայացած հանդիպման ժամանակ հիմնական հարցերից մեկը հենց գաղափարական թուրքաֆոբիայի՝ որպես Հայաստանում ներքաղաքական մոբիլիզացիայի գործիքի ապամոնտաժումն էր։

«Արդյո՞ք Փաշինյանը լսեց թուրք առաջնորդի խոսքերը։ Եվ որքանո՞վ է նա պատրաստ իրական քաղաքական վերափոխման։ Անկասկած, ռևանշիստների դեմ հանրային հաշվեհարդարից հետո Փաշինյանը ստիպված կլինի կատարել ևս մեկ քաղաքական «տնային աշխատանք». դադարեցնել Անկարայի և Բաքվի հետ երկակի խաղը և զբաղվել ռևանշիստական ​​​​պատմության ներքին ապակառուցմամբ, որը, ցավոք, դեռևս ակնհայտ է նույնիսկ իր սեփական քաղաքական թիմում։

Բայց, ինչպես ասում են, սառույցը կոտրվել է։ Եվ հիմա մնում է միայն պաշարներ հավաքել պոպկորնի համար և ուշադիր հետևել հայկական քաղաքական տեսարանի հետագա զարգացմանը»,-եզրափակում է հոդվածագիրը։