02/07/2025

Ադրբեջանից՝ Վրաստանով, Հայաստանը՝ լուսանցքում, նոր տնտեսական ուղին ու մենք

Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին և Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, իրադրությունը ռեգիոնում: Այս հեռախոսազրույցը սակայն դիտարկենք այլ լույսի ներքո, առավել ևս, որ իրան-իսրայելական թեման շոշափվել է բավականաչափ, և իհարկե դեռ տևական ժամանակ կլինի ակտիվ ուշադրության կենտրոնում:

Տվյալ պարագայում նկատենք չին-իրանական ԱԳ նախարարների մակարդակով հեռախոսաազրույցին զուգահեռ մեկ այլ պարագա՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցն է ազդարարված Չինաստան, որը տեղի կունենա վաղը, և Հայաստանի ԱԳ նախարարը Պեկինում կբանակցի նույն Վան Իի հետ:

Առանցքային հարցը, որ թերևս կլինի ուշադրության կենտրոնում, ըստ ամենայնի կվերաբերի Չինաստանի աշխարհաքաղաքական ուղենշային ռազմավարական ծրագրին՝ Մեկ գոտի մեկ ճանապարհ:

Իսկ այստեղ Կովկասը ստացել է առանցքային նշանակություն: Չինաստանն այդ իմաստով ռազմավարական գործընկեր է ընտրել Ադրբեջանին: Չինաստանը նաև բավականին սերտ հարաբերություն ունի Վրաստանի հետ, որտեղ իրականացնում է կոմունիկացիոն լուրջ ծրագրեր և մասնավորապես կառուցում նաև Վրաստանի համար ամենամեծ նավահանգիստը Անակլիայում:

Սա իհարկե վկայում է, որ Պեկինը դեպի Եվրոպա առեւտրային երթուղու առանցքային ճանապարհհ է դիտարկում Ադրբեջան-Վրաստան երթուղին:

Սակայն որոշակի չէ, թե ինչ պատկերացումներ ունի Պեկինը Հայաստանի առնչությամբ: Պեկինը դիտարկում է Ադրբեջան-Հայաստա՞ն երթուղին, թե Հայաստանի մասով դիտարկում է այլընտրանքային տրամաբանություն՝ Պարից ծոց, Իրան, Հայաստան և Վրաստան:

Համենայն դեպս, տրամաբանությունը հուշում է, որ Չինաստանին անհրաժեշտ կլինի Ադրբեջանին այլընտրանք: Այսինքն, Կովկասով անցնող ճանապարհների հարցում կախված չլինել միայն Բաքվից, այդպիսով նաեւ թերևս՝ Անկարայից:

Հետևաբար, կա թերևս բավականին աշխատանքի դաշտ՝ այդ թվում Իրանի ներգրավումով, որ Հայաստանը Պեկինի ուղենիշային աշխարհաքաղաքական ռազմավարության մեջ դիտարկվի հարավից հյուսիս-արեւմուտք տրամաբանության մեջ, այլ ոչ թե արևելք-արևմուտք:

Այդ հանգամանքը հնարավորություն կտա նաև հավելյալ շահերի բալանս ապահովել ռեգիոնում, այդպիսով բարձրացնելով ապաշրջափակման հարցում գոյություն ունեցող մարտահրավերների հակազդման հնարավորությունը: