02/07/2025

Թրամփը «կհանձնի՞» Եվրոպան, Իրանի «փրկության» գինը դա՞ է

Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովը «վտանգված է»: Նման տեսակետ հրապարակայնացրել է հեղինակավոր Financial Times-ը՝ հղում անելով եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների: Նրանցից մեկն ուղղակի խոստովանել է, որ բոլորը նստած սխասում են, թե երբ Թրամփը կասի՝ կպաշտպանի՞ ինքը Եվրոպան:

Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահին հարց է ուղղվել՝ հավատարի՞մ է կոլեկտիվ պաշտպանության սկզբունքին, որ ամրագրված է Հյուսիս-ատլանտյան դաշինքի մասին 1949 թվականի պայմանագրի 5-րդ հոդվածով, ինչին Դոնալդ Թրամփը ոչ միանշանակ պատասխան է տվել․ «Կախված է նրանից, թե ինչ ձևակերպման եք դուք նախապատվություն տալիս»:

«Գագաթաժողովի արդյունքը կախված է նրանից, թե ինչ որոշում կընդունի Թրամփը»,- ասել է Financial Times-ի զրուցակից եվրոպացի պաշտոնյան: ՆԱՏՕ-ի գագաթաժողովի օրակարգում հիմնականը պաշտպանության ծախսերն անդամ երկրների ՀՆԱ-ի հինգ տոկոսի չափով ծրագրավորելու հարցն է:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Թրամփը և բարձրաստիճան մի քանի պաշտոնյաներ պարզորոշ հայտարարել են, որ Միացյալ Նահանգները պարտավոր չէ հոգալ Եվրոպայի անվտանգության ծախսերի առյուծի բաժինը:

Թրամփի վերջին հայտարարությունը, որ վերաբերում է ՆԱՏՕ-ի կոլեկտիվ պաշտպանության հայեցակարգի տարընթերցմանը, արդեն ռազմական ծախսերի հետ կապ չունի, զուտ քաղաքական է, ինչից վերլուծաբանները ենթադրում են, որ Միացյալ Նահանգները «չի բացառում դեպք, երբ Հյուսիս-ատլանտյան դաշինքի անդամ որևէ երկրի դեմ հարձակման կասեցմանը չի միջամտի»: Փաստացի խոսքը ՆԱՏՕ-ի «լուծարման հավանականության» մասին է:

Քչերն ուշադրություն դարձրին փաստին, որ ԱՄՆ նախագահն Իրանի դեմ հարձակումները դադարեցրեց Մոսկվայում Վլադիմիր Պուտին-Աբաս Արաղչի բանակցություններից տառացիորեն ժամեր անց, երբ Մոսկվան հավաստիացրեց, որ Թեհրանին ռազմական օգնություն չի ցուցաբերի, զինված հակամարտության կողմ չի դառնա:

Ռուսաստանը, սակայն, մինչ այդ իր գլխավոր ուղերձը հրապարակայնացրել է Անվտանգության խորհրդի նախագահի, այսինքն՝ Վլադիմիր Պուտինի, տեղակալ Դմիտրի Մեդվեդևի սոցցանցային գրառմամբ, որտեղ նա միանշանակորեն պնդել է, որ ամերիկյան օդային հարվածներն Իրանի միջուկային ծրագիրը չեն կարող ոչնչացնել, իսկ հարկ եղած դեպքում կան երկրներ, որ պատրաստ են Իրանին միջուկային զենք տրամադրել:

ԱՄՆ նախագահ Թրամփի արձագանքն այդ գրառմանը նկատելիորեն նյարդային էր: Նա հույս էր հայտնել, որ նման որոշում, այնուամենայնիվ, ընդունում է Ռուսաստանի նախագահը, ինչին ի պատասխան Մեդվեդևը հիշեցրել է, որ եղել է ՌԴ նախագահ և «կառավարել միջուկային զինանոցը», բայց Իրանին միջուկային զենք տրամադրելու պատրաստ երկրների շարքում Ռուսաստանին նկատի չի ունեցել:

Որքան էլ ռուսաստանցի փորձագետները պնդեն, թե Մեդվեդևը «խոսել է իր անունից, և դա բոլորովին այլ նորություն է», դժվար է հավատալ, թե ԱՄՆ նախագահի հետ իր տեղակալի նման ռիսկային և ենթատեքստով բազմաշերտ «փոխհրաձգությունից» Պուտինը «տեղյակ չէր»:

ՆԱՏՕ-ի գագաթաժողովի նախօրեին դադարեցնելով Իրանի դեմ հարձակումները՝ Դոնալդ Թրամփն առաջին ուղերձը հղել է Սի Ծինփինին: «Այժմ Չինաստանը կարող է Իրանից նավթ գնել, բայց չպետք է մոռանա նաև Միացյալ Նահանգների նավթը»: Չինաստանի արտգործնախարարությունն այս «պատգամին» արձագանքել է բավական կոշտ:

«Մենք էներգետիկ անվտանգության հարցերը լուծում ենք ինքնուրույն՝ ըստ մեր ազգային շահերի առաջնահերթության»:

Պեկինը գրեթե միանշանակորեն հասկացնում է, որ Իրանի շուրջ լարվածության թուլացումը Չինաստանին նվեր չէ, որպեսզի փոխարերենն ինքը ենթարկվի Թրամփի «տնտեսկան պատերազմի կանոնններին»:

Համանման, ինչպես նաև մաքսատուրքերի հետ կապված լրջագույն տարաձայնություններ Թրամփն ունի նաև Եվրամիության հետ, որի անվտանգության երաշխավորն առայժմ Միացյալ Նահանգներն է:

Ռուս-ուկրաինական պատերազմը շարունակվում է: Իրավիճակի, երևի, ամենաճիշտ բնութագիրը տվել է Գերմանիայի կանցլեր Մերցը, երբ ասել է, որ տասնամյակներ շարունակ Արեւմտյան Եվրոպան անտեսել է Ռուսաստանի ագրեսիայի մասին Մերձբալթիկայի երկրների զգուշացումները, և եկել է այդ սխալն ուղղելու ժամանակը, ինչին ձեռնամուխ ենք եղել:

Բայց մինչ այդ պետք է Եվրոպայի անվտանգության հարցը լուծվի «այստեղ և այժմ» սկզբունքով: Թրամփը «կհանձնի՞» Եվրոպան, Իրանի «փրկության» գինը դա՞ է: