Հունիսի 20-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Ստամբուլում էր, նաեւ հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Ապա նույն օրվա երեկոյան Դոլմաբահչե պալատում տեղի է ունեցել Թուրքիայի նախագահի հետ հանդիպում։
Փաշինյանի այցը Թուրքիա ՔՊ-ականները որակում են պատմական: Փորձագետները եւս կարծում են, որ այս հանդիպումը պատմական է, սակայն ոչ թե դրական, այլ՝ բացասական առումով: Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցի մասին «Հրապարակը» զրուցել է թուրքագետ Հակոբ Չաքրյանի հետ:
– Նիկոլ Փաշինյանը Թուրքիա կատարած այցի ժամանակ արեց հայտարարություններ, որոնք հայ հասարակության մոտ նոր հարցեր առաջացրին: Հայաստանի վարչապետը մասնավորապես նշեց. «Վայ, վայ, ուզում են Թուրան… ուզում են ՀՀ տարածքով գնան գա՞ն, թող գնան գան, վա՞տ է դա… թող գան ու գնան», եւ ներկայացրեց իր «խաղաղության խաչմերուկը», որը, նրա խոսքով` կարող է դառնալ Թուրքիայի Միջին միջանցքի բաղադրիչը: Նա մանիպուլյատիվ հայտարարություններ արեց, թե երբ Հայաստանը կոմունիկացիաները բացի Թուրքիայի համար, Հայաստանում այն կորակեն որպես Սյունիքի միջանցքի հանձնում, իսկ ինքը ընդամենը տարբեր կետերից կոմունիկացիաներ է առաջարկում Հայաստանի տարածքով: Ըստ էության` Փաշինյանը խոստովանեց, որ առաջիկայում պատրաստվում է հանձնել միջանցքը: Ձեր տպավորությամբ` ո՞րն էր Թուրքիա կատարած այցի նպատակը:
– Հանդիպումը թուրքական կողմի հրավերով եղավ: Ինձ ավելի շատ հուզում են հանդիպման ժամանակահատվածը եւ տեւողությունը: Իբրեւ բազմաթիվ հարցեր են քննարկել, խոսել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից, «խաղաղության խաչմերուկից», Իրան-Իսրայել փոխհրաձգություններին են անդրադարձել: Էրդողան-Փաշինյան զրույցը տեւել է մեկ ժամ, շփվել են թարգմանիչների միջոցով, ինչը հանդիպման ժամկետը կիսով չափ կրճատում է: Ստացվում է, որ նրանց զրույցը տեւել է ընդամենը կես ժամ: Կես ժամվա մեջ նույնիսկ մի հարց հնարավոր չէ նորմալ քննարկել: Թե ինչպես են այդքան հարցեր քննարկել Փաշինյանն ու Էրդողանը, ինձ մոտ հանելուկ է մնում:
– Այսինքն` ստո՞ւմ է Փաշինյանը, որ նման հարցեր են քննարկվել:
– Քննարկվել են, սակայն նայած թե ինչպես, հպանցիկ անդրադարձները քննարկում որակելը… Նախորդ չորս տարիների ընթացքում հայ-թուրքական հարաբերությունները եկեք ֆիքսենք, որ ոչ մի առաջընթաց չեն գրանցել, չհաշված այն հանգամանքը, որ Թուրքիան իր սահմանը բացել է երրորդ երկրների դիվանագետների համար: Բայց այս ամենն անտրամաբանական է, Հայաստանի հետ Թուրքիան իբրեւ հարաբերությունների նորմալացման գործընթաց է սկսել դեռ 2021 թվականին, սահմանը բացվում է երրորդ երկրների քաղաքացիների համար, իսկ թե որ երկրներն են դրանք, այդպես էլ մնում է գաղտնի: Բայց եթե գործընթացը Հայաստանին եւ Թուրքիային է վերաբերում, ապա առաջին հերթին սահմանը հայ քաղաքացիների եւ հայ դիվանագետների համար պետք է բացվի: Ֆիքսենք, որ մինչ այս պահը Թուրքիայի սահմանները փակ են միայն Հայաստանի համար, երրորդ երկրներն ազատ կարող են ելումուտ անել, ԱՄՆ-ի առաջ բաց է, Եվրամիության համար բաց է, աֆրիկյան երկրների համար բաց է, բոլորի համար բաց է: Ըստ իս, թուրքական քաղաքականությունը հակասում է Արեւմուտքի հարավկովկասյան քաղաքականության սկզբունքներին, այն առումով, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ռուսական ազդեցության գոտի համարվող Հարավային Կովկասում անհաշտ մրցապայքար է սկսվել, մի կողմից՝ Ռուսաստանն է պայքարում, մյուս կողմից` Արեւմուտքը: Թուրքիան, որպեսզի անհաշտի տպավորություն չթողնի, Նիկոլ Փաշինյանին որոշել է հրավիրել Ստամբուլ, բայց այդ այցն ի՞նչ ազդեցություն ունեցավ, ողջ խնդիրը սա է:
– Ստամբուլում անցյալ շաբաթ տեղի ունեցավ Իսլամական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանը։ Այն Ադրբեջանի համար արգասաբեր էր, քանի որ առաջին անգամ բանաձեւ ընդունվեց, այսպես կոչված, «Արեւմտյան Ադրբեջանի համայնքի» օգտին, որպեսզի ադրբեջանցի տասնյակ հազարավոր անձինք բնակություն հաստատեն Հայաստանում, իբր վերադառնան իրենց պատմական հայրենիք: Այսինքն` Էրդողանը մի կողմից Հայաստանի բարեկամն է ձեւանում, մյուս կողմից՝ հարվածներ է հասցնում Հայաստանին:
– Այսինքն` Էրդողանը Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու քողի տակ ադրբեջանցիներին տեղակայում է Հայաստանում: Ես կարդացի թուրքական թերթերը: Նիկոլ Փաշինյանի դեմ ոչ մի թթու խոսք չեն գրել, Հայաստանի դեմ` նույնպես, բայց արդյունքը սա է` ադրբեջանցիներին ցանկանում են բնակեցնել Հայաստանում: Թեպետ Ազգային ժողովի նախագահը Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցը որակում է պատմական, սակայն այն ընդամենը աշխատանքային այց էր, եթե այս այցը լիներ պաշտոնական, Փաշինյանին Էրդողանը կընդուներ Անկարայում, նա ոչ մի պաշտոնական, կարեւոր այց Ստամբուլում չի անցկացնում:
– Հայաստանի վարչապետն ակնարկեց, որ սահմանները բացելուց հետո խոսակցություններ են սկսվելու, որ ինքը հանձնել է Սյունիքի միջանցքը: Կարո՞ղ ենք այս մանիպուլյատիվ հայտարարությունից եզրակացնել, որ Փաշինյանն անպայման հանձնելու է նաեւ Սյունիքի միջանցքը:
– Սյունիքի միջանցքը միայն Հայաստանի եւ Թուրքիայի խնդիրը չէ, այն մեծ նշանակություն ունեցող միջանցք է: Թուրքերն այն չեն կարող իրենց զոդի պես բացել: Նրանք իրենց հարավում` հինգ կիլոմետր լայնությամբ միջանցք ունեն. հյուսիսային հատվածը վերահսկում են թուրքական զորքերը, հարավում` ռուսական զորքերը: Այդ միջանցքը Բաղդադը կապում է Միջերկրական ծովին: Ինչ վերաբերում է Սյունիքին, ապա արդեն չորս տարի է՝ իբր հայ-թուրքական հարաբերությունները կարգավորում են, սակայն ոչ մի առաջխաղացում:
Բաց մի թողեք
Նախկին ՀՀԿ-ական, հիմա ՔՊ-ական Պապոյանը, որ 4 տարում 2 տուն է գնել, 1992 թ. «Ժիգուլի» ունի, բայց աղմկում է․ Լուսանկար
200 մլն դրամ՝ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025»-ի համար. ինչ ծախսեր են արվել․ Փաստաթղթեր
Մեծ խաղը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում»