15/10/2025

Միավորվելու, մի բռունցք դառնալու ունակությունը Նիկոլ Փաշինյանը 7 տարվա մեջ իսպառ փոշիացրեց

Ասում է. երբ մենք ասում ենք անվտանգություն եւ առաջին հերթին հասկանում ենք բանակ, երկրորդ հերթին հասկանում ենք բանակ, երրորդ հերթին հասկանում ենք բանակ… նշանակում է՝ մենք անվտանգություն չունենք:

Հրապարակ թերթը գրել է․ Եվ որպեսզի ունենանք, պետք է ինտեգրվենք թուրքական տնտեսությանը: Մարդն այդպես էլ չի հասկացել, որ մենք անվտանգություն ասելով միայն բանակ չենք հասկանում, լիքը ուրիշ բաներ ենք հասկանում: Մեր պետության անվտանգությունը, օրինակ, Սամվել Կարապետյանն է, իր գործունեությունը, իր կապերն ու կապիտալը:

Անվտանգությունը նաեւ Հայ առաքելական եկեղեցին է` իր թեմերով ու հազարամյակների գործունեությամբ: Անվտանգությունը մեր սփյուռքն է, որից ինքը կա՛մ երես է թեքում` ասելով. «ինձ վրա հույս չդնեք», կա՛մ խառնակչություն է սերմանում` տարբեր զարեհսինանյանների միջոցով սփյուռքի հին կառույցները քանդելով, նոր հենարաններ փնտրելով եւ Հայոց ցեղասպանության դեմ խոսելով:

Մեր անվտանգությունը նաեւ մեր երկրի ընդդիմությունն է, որին օտարի գործակալ ու 5-րդ շարասյուն է անվանում եւ իր անձնական թշնամին դիտարկում: Մեր անվտանգությունը նաեւ մեր մյուս հարեւան երկրների, հատկապես` Ռուսաստանի, Վրաստանի ու Իրանի հետ հարաբերություններն են, որոնք շատ հեռու են բարվոք համարվելուց, իսկ կարող էին այնքան ջերմ ու դաշնակցային լինել, որ մեր պաշտպանվածությանը նպաստեին, այլ ոչ թե խանգարեին:

Բայց անվտանգության ամենակարեւոր գործոնը, թերեւս, հանրային համերաշխությունն է, վտանգի պահին միավորվելու, մի բռունցք դառնալու ունակությունը, որը Նիկոլ Փաշինյանը 7 տարվա մեջ իսպառ փոշիացրեց, հանրությունն այնքան պառակտեց եւ միմյանց դեմ թշնամացրեց, որ այլեւս ոչինչ չի կարող միավորել նիկոլականներին եւ հականիկոլականներին, թրքամետներին ու ռուսամետներին: