ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքում կարծես թե կայացել է համաձայնություն, որ դաշինքի անդամները մինչև 2035 թվականը կավելացնեն իրենց ՀՆԱ տեսակարար կշռում պաշտպանական ծախսերը մինչև ՀՆԱ 5 տոկոս:
Այդ պայմանը Վաշինգտոնինն է: Թրամփի նախագահական վերադարձից հետո նրա վարչակազմը սահմանեց, որ ԱՄՆ մտադիր չէ կրել ՆԱՏՕ հիմնական բեռը ու եվրոպական մասնակիցները պետք է ավելացնեն իրենց ՀՆԱ-ից պաշտպանությանը հատկացվող տոկոսները:
Եվրոպան դիմադրում է դրան, համարելով, որ դա ծանր տնտեսական բեռ է:
Բայց, ԱՄՆ անդրդվելի էր և անգամ ակնարկներ արեց, որ կարող է դիտարկել դաշինքից դուրս գալու հարցը: ՆԱՏՕ գագաթնաժողովից առաջ նախագահ Թրամփը հրապարակեց դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հաղորդագրությունը, որում Ռյուտեն նախ հիացմունք էր արտահայտում Իրանի հարցում Թրամփի հաջողությամբ, իսկ հետո հայտնում, որ դաշինքի անդամները համաձայն են նրա այսպես ասած հինգ տոկոսի պայմանին:
ՆԱՏՕ անդամները այդպիսով կարծես թե Թրամփին «պահեցին» դաշինքում, գոնե առժամանակ: Համենայն դեպս, նրանից կարողացան «ստանալ» տասը տարի ժամանակ:
Չի բացառվում, որ դա ստացան ակնկալիքով, որ այդ տասնամյակի ընթացքում Սպիտակ տանը կփոխվի որևէ բան, Թրամփը այլևս չի լինի, և գուցե հնարավոր կլինի վերադառնալ ԱՄՆ հետ այսպես ասած նախկին հարաբերության:
Եվրոպան Թրամփի պայմաններին զուգահեռ սկսեց քննարկել սեփական բանակի հարցը, գուցե ունենալով ակնկալիք, որ այդ կերպ ցույց տալով ինքնուրույն պաշտպանական համակարգ կառուցելու անհրաժեշտությունը, Թրամփին կստիպեն հրաժարվել իր պայմաններից:
Բայց, դա տեղի չունեցավ, գուցե նաև այն պատճառով, որ չափազանց ակնհայտ են եվրոպական խնդիրները՝ ինքննուրույն անվտանգության համակարգ կառուցելու ճանապարհին:
Եվրոպան ներկայումս պատրաստ չէ արագ անցման, իսկ դա նշանակում է, որ Թրամփի հետ չպայմանավորվելու դեպքում կարող էր առաջանալ շատ մեծ վակուում: Սակայն, պայմանավորվածությունը հաստատու՞ն է:
Այս հարցի պատասխանը թերևս միարժեք չէ, քանի որ տասը տարվա ընթացքում կարող են տեղի ունենալ հիմնարար փոփոխություններ, թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներով: Առայժմ, ըստ էության հաջողվեց «պահել» ՆԱՏՕ-ն, որի մյուս գագաթնաժողովը կլինի 2026 թվականին՝ Թուրքիայում:
Բաց մի թողեք
Ֆրանսիան միջնորդ կարող է հանդիսանալ Կովկասի հարցում
Ադրբեջանը բավականին նվաստացուցիչ տեսանյութով է պատասխանում Ռուսաստանին
Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների «վերբեռնում» Ռուսաստանին չի հաջողվում