03/07/2025

Հեղաշրջման պլանը՝ հետագա կալանավորումների անոնս

«Հայոց Արեւելից կողմեր․ Գարդման․ պատմություն եւ իրականություն» խորագրով խորհրդաժողովը երեկ մեկնարկեց ճիշտ այն պահին, երբ ԱԱԾ-ն սկսեց խուզարկություններ անել ու բերման ենթարկել ընդդիմադիր պատգամավորներին, Սրբազան շարժման մասնակիցներին, այդ թվում` Բագրատ սրբազանին:  

ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հրաժարվեց այս թեմայով որեւէ մեկնաբանություն տալ, միայն անդրադարձավ արդեն պատմություն դարձած անցյալի իրողություններին՝ նշելով, որ արցախյան գոյապայքարի շրջանում կորուստների շղթան կանգնեցվեց, բայց, ցավոք, չկարողացանք պահել այն, ինչ ձեռք էինք բերել։

«Մենք պետք է կարողանանք հավաքագրել մեր ամբողջ մտածելակերպը եւ կառուցել այնպիսի գաղափարախոսություն, որ ոչ միայն այս կորցնելու տենդենցը կանխենք, այլ նաեւ տեր կանգնենք մեր ժառանգությանը: Դրա համար պետք է անդրադառնալ նրան, ինչ ունեցել ենք Գարդման, Ուտիք նահանգներում, որոնք եղել են հայկական եւ մնում են հայկական։ Ի՞նչ տեղի ունեցավ Գարդման աշխարհում. երբ Արցախում ունեցանք այդ հաղթանակը, մենք անգամ չանդրադարձանք նրան, թե ինչպես Շահումյանի այդ փոքրիկ հատվածը հայաթափվեց»,- Հրապարակ թերթի հետ զրույցում նշեց Սրբազանն ու հավելեց, որ պետք է մշակենք ռազմավարություն, որպեսզի կանխենք այս կործանարար ընթացքը։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով ընդդիմադիրների նկատմամբ իշխանության ձեռնարկած քայլերին, նկատեց, որ այն չակերտավոր հեղաշրջման պլանը, որը հրապարակվեց իշխանական հայտնի կայքում, ըստ էության, հետագա ձերբակալությունների անոնսն էր. «Ես չափազանց լավատես էի եւ չէի կարծում, որ ահաբեկչության հոդված կդրվեր, բայց իշխանությունը բոլոր սպասումներից միշտ փորձում է առաջ անցնել», մինչդեռ, ըստ նրա, տրամաբանությունից դուրս է մարդկանց ահաբեկչություն վերագրելը, սակայն ստեղծված իրավիճակում մարդկանց մեկուսացնելով, տարբեր հոդվածներով քրեական գործեր հարուցելով՝ իշխանությունը փորձում է դիմադրության ներուժն առհասարակ խաղից հանել։

Թե մինչեւ ուր կարող է հասնել իշխանությունը եւ ինչ քայլերի դիմել, Աբրահամյանը նկատում է. «Նախ՝ այս 7 տարիների ընթացքում իշխանությունը ցույց է տվել, որ օրենք ու Սահմանադրություն իրենց համար գոյություն չունեն։ Կա այդ պահին դրված քաղաքական նպատակ, շատ դեպքերում դա նույնիսկ իշխանական քմահաճույքով է դրսեւորվում»։ Աբրահամյանը հիշեցնում է՝ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններից հետո դատախազի կողմից միջնորդություններ ներկայացվեցին՝ ԱԺ պատգամավորներ Սեյրան Օհանյանին եւ Արծվիկ Մինասյանին անձեռնմխելիությունից զրկելու համար։ «Այս իրավիճակում ամենազավեշտալին իրավապահ համակարգի վիճակն է, որոնք մեր երկրում աճող հանցավորության պայմաններում զբաղված են քաղաքական գործերով ու երկրի կառավարչի նախասիրությունների իրացմամբ»,- ընդգծեց Աբրահամյանը։

Անդրադառնալով բուն միջոցառմանը՝ իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը նշեց, որ 2020 թվականից հետո հայկական կողմն իր պայքարի շեշտը դրել է այն տարածքների վրա, որոնք բոլոր դեպքերում ընդգրկված են եղել ԼՂ սահմաններում, բայց պատմական Արցախի տարածքներն անհամեմատ ավելի մեծ են։ Ալավերդյանը  կարեւորեց հատկապես այն հանգամանքը, որ պետք է միջազգային ատյաններում ներկայացվեն այն բոլոր հանցագործությունները, որոնք կատարել է Թուրքիան եւ հետագայում՝ Ադրբեջանը: «Անցածից պետք է դասեր քաղենք, եւ ամենակարեւոր դասն այն է, որ մենք՝ որպես ազգ, այդպես էլ չկարողացանք մի հստակ ճշմարտության հետ հաշտվել, որ եթե միջազգային իրավունքի, միջազգային հարաբերությունների մեջ նորմեր կան, ապա դրանք միշտ կպահպանվեն, եթե դու ուժեղ ես։ Այն չի նշանակում, որ դու ունենաս ամենաուժեղ բանակը, այլ՝ միջազգային հարաբերություններում, դիվանագիտության մեջ»։

Տնտեսագետ Մարգարիտա Միրզոյանն էլ, անդրադառնալով Գարդմանի եւ Արցախի հայերի վերադարձի հնարավորություններին, նշեց, որ, նախեւառաջ, պետք է ապահովել արցախցիների վերադարձը։ «Թեեւ հիմա Սեւրի պայմանագիրը փաստացի չի գործում Հայաստանի եւ Քրդստանի համար, սակայն այն դե յուրե իրավական ուժ ունի, եւ մենք պետք է, որպես իրավական հիմք, հիմնվենք հենց Սեւրի պայմանագրով սահմանված տարածքների վրա։ Վերադարձը պետք է սկսել նախեւառաջ արցախահայության վերադարձից։ Արցախահայությունն իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը, որը միջազգային իրավունք է։ Եվ, լինելով բնիկ ժողովուրդ, արցախցիները եւս մեկ անգամ հաստատել են Ադրբեջանի կազմից դուրս ապրելու իրենց հստակ նպատակն ու որոշումը։ Վերադարձի իրավունքը պետք է իրացնել ամբողջ հայկական պահանջատիրության համատեքստում, նաեւ՝ գարդմանահայության վերադարձի իրավունքը պետք է իրացվի»,- նշեց տնտեսագետը։

Ի՞նչ հիմքով պետք է ապահովվի հայերի վերադարձն իրենց պատմական տարածքներ։ Միրզոյանի կարծիքով՝ այն տարածքները, որոնք այսօր անօրինական կերպով վերահսկում են Թուրքիան ու Ադրբեջանը, բռնազավթվել են բնիկ ժողովուրդներից եւ մեծամասամբ հայերից՝ նրանց ցեղասպանելու, էթնիկ զտումների ենթարկելու հետեւանքով։ Նման հանցավոր ճանապարհով այդ տարածքների վրա իշխանություն հաստատելը դատապարտելի է։ Եվ հայկական կողմի պարտականությունն է՝ հասնել դրա դատապարտմանը։