16/10/2025

Վեց տարի քննել են, հիմա՝ մեղադրանք առաջադրել

Նախօրեին Հակակոռուպցիոն դատարանը քննել է Սամվել Դարբինյանին եւ նրա եղբորը կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը եւ որոշել է տնային կալանք սահմանել նրանց նկատմամբ։

Հրապարակ թերթը գրել է․ Հիշեցնենք, որ Վանաձորի նախկին քաղաքապետին ձերբակալել էին եւ մեղադրանք առաջադրել նախկին Քրեական օրենսգրքի 179 եւ 190 հոդվածներով։ Դարբինյաններին մեղադրում են Վանաձորի մաքրման կայանի սեփականաշնորհման հետ կապված չարաշահումների համար:

Նախկին քաղաքապետի նկատմամբ նյութեր էին նախապատրաստում 2018-ից սկսած, սակայն որեւէ կոնկրետ քայլ չէին արել, եւ միայն հիմա, երբ նախօրեին նա հայտնվել էր Սամվել Կարապետյանի տան մոտ` ի պաշտպանություն իր վաղեմի ընկերոջ, հետո էլ` դատարանի բակում, հիշել եւ թարմացրել են այս քրգործը։ Գործով անցնում է նաեւ 2 այլ անձ, որոնք Դարբինյանների ընկերության աշխատակիցներ են եղել: Նրանց կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը դատարանը մերժել է:

Սամվել Դարբինյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց՝ գործը հարուցվել է 2019 թվականին: Ըստ իրավապահների՝ ենթադրյալ դեպքը սկսվել է 2006 թվականին եւ ավարտվել 2011 թվականին։ Իսկ մինչ Դարբինյանի ձերբակալումը նա եւ եղբայրը գործով որեւէ կարգավիճակ չեն ունեցել, անգամ՝ վկայի։

Փաստաբանը  քրեական գործի հանգամանքները չբացահայտեց՝ ասելով, թե կաշկանդված է նախաքննական գաղտնիքով։

«6 տարի քննել են, հենց հիմա է ակտիվացվել։ Ոչ մի ապացույց չունեն, ես, 2019-ից սկսած, միջնորդություններ եմ ներկայացրել, որ կատարեք էս գործողությունը, էն գործողությունը, նույնիսկ իմ միջնորդություններն են  անպատասխան թողնվել, առաջին շահագրգիռ անձինք, որ բացահայտվի` եղել են Դարբինյանները»,- նշեց փաստաբանը։ Դատարանը գտել է, որ հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված է քննիչի ներկայացրած փաստաթղթերով։

Սամվել Դարբինյանի եղբայրը՝ Սեյրան Դարբինյանն էլ այս գործով անցնում է որպես փոխկապակցված անձ, նա եղել է «Արգիշտի 1» ՍՊԸ-ի տնօրենը։ Ըստ էության, սա այն ընկերությունն է, որի միջոցով էլ, ըստ իրավապահների, փողերի լվացում է իրականացվել։

Գլխավոր դատախազությունից մեզ փոխանցեցին․ «1999-2016թթ. ընթացքում Սամվել Դարբինյանը, զբաղեցնելով Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը, անձնական այլ շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ համայնքին պատկանող կեղտաջրերի մաքրման նախկին կայանի առանձնապես խոշոր չափերի շենք-շինությունները ձեւական աճուրդով օտարել է՝ համայնքին պատճառելով էական վնաս: Բացի այդ՝ 2010-2011թթ. ընթացքում համայնքի ղեկավարը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, իր հետ փոխկապակցված ընկերության հետ համայնքի անունից կնքել է խողովակներն ապամոնտաժելու վերաբերյալ պայմանագիր եւ յուրացման եղանակով հափշտակել մաքրման կայանի առանձնապես մեծ չափերի՝ 224 մլն դրամ արժողությամբ խողովակաշարը:

Այնուհետեւ, ապամոնտաժելուց հետո, խողովակաշարն օգտագործել է իր եւ ընտանիքին պատկանող՝ Լոռու մարզում կառուցվող հիդրոէլեկտրակայանի շինարարության մեջ, իսկ խողովակների ձեռքբերմանն օրինական տեսք տալու նպատակով կեղծ փաստաթղթերի՝ հաշիվ-ապրանքագրերի միջոցով, այլ անձանց օժանդակությամբ խեղաթյուրելով գույքի հանցավոր ծագումը, տնօրինման եղանակը, իրական պատկանելությունը, ինչպես նաեւ ստացված գույքը դրել է օրինական շրջանառության մեջ եւ դրան հաղորդել օրինական տեսք»: