Նիկոլ Փաշինյանը սովորություն է դարձրել՝ երբ ներքաղաքական իրավիճակը լարվում է, իր աթոռը՝ երերում, իշխանափոխության վտանգ է զգում, պետական հեղաշրջման սցենարով աղմուկ-աղաղակ են բարձրացնում, մարդկանց կալանավորում, ամիսներով պահում կալանքի տակ, չեն կարողանում ապացուցել մեղադրանքը՝ մարդկանց բաց են թողնում, գործը կարճում:
Հրապարակ թերը գրել է․ Մի կողմից՝ սա հետապնդման մանիակալ վախերի մասին է խոսում, մյուս կողմից` հանրության մոտ որպես զոհ ներկայանալու ցանկության, որ ռեյտինգ բարձրացնի եւ վերարտադրվի։ Բայց եթե առաջ ոմանք հավատում էին իրավապահների մեղադրանքներին, հիմա՝ «սուտ ասողի տունը կրակ է ընկնում` ոչ ոք չի հավատում» տարբերակով, չեն հավատում։
Երեքշաբթի օրը իշխանական լրատվամիջոցը մի թուղթ հրապարակեց, որն իբրեւ թե իշխանություն զավթելու ծրագիր էր: Սկզբում պնդում էին, որ ծրագիրը պետք է իրականացվեր այս ամռանը, սակայն մեկ օր հետո տարածեցին «հեղաշրջման պլանի» լուսանկարը, եւ պարզվեց, որ այն թվագրված է 2024 թ. հուլիսի 23-ից օգոստոսի 30-ը: Փաշինյանն ու թիմը հայտարարեցին, թե հոկտեմբերի 27 է կանխվել։
Իշխանական կուլիսներում խոսում են, որ Եկեղեցու դեմ արշավը, Սամվել Կարապետյանի անհիմն կալանավորումը կարող էին ծանր հետեւանքներ ունենալ իշխանության համար, նվազագույնը՝ վարկանիշի կորուստ, ուստի մոգոնվել է այս «ծրագիրը», որին փորձում են կպցնել բոլորին` Բագրատ սրբազան, Վեհափառ, Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան ու Սերժ Սարգսյան եւ անգամ՝ Լեւոն Տեր-Պետրոսյան։ Իշխանական կայքի լուսանկարային կոլաժում նրանց մի մասը կա, իսկ Փաշինյանը կիսվել էր ու գրել․ «Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես ստահակների ձախողված հեղաշրջում»։
Նկատենք, որ նախորդ «բացահայտված» հեղաշրջումներից ոչ մեկը չի հաստատվել: 2021 թ. փետրվարի 25-ին՝ 44-օրյա պատերազմում պարտությունից ամիսներ անց, երբ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներին միացավ նաեւ Զինված ուժերի գլխավոր շտաբը, Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում արեց՝ ռազմական հեղաշրջման փորձի մասին. «Ես Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը համարում եմ պետական հեղաշրջման փորձ», եւ կոչ արեց իր կողմնակիցներին՝ հավաքվել Հանրապետության հրապարակում:
ԳՇ-ն հայտարարել էր. «Վարչապետը եւ Հայաստանի կառավարությունն այլեւս ի վիճակի չեն համարժեք որոշումներ կայացնել հայ ժողովրդի համար այս կրիտիկական եւ ճակատագրական իրավիճակում։ Հայաստանի զինված ուժերը երկար ժամանակ համբերատարությամբ են դիմացել գործող կառավարության կողմից զինված ուժերի վարկաբեկմանն ուղղված հարձակումներին, բայց ամեն ինչ սահման ունի։ ՀՀ զինված ուժերը պատվով կատարել են իրենց պարտականությունը, ուս-ուսի տված՝ պայքարել են իրենց ժողովրդի հետ թշնամու դեմ։ Գործող կառավարության կողմից իրականացվող անարդյունավետ կառավարումը եւ արտաքին քաղաքականության մեջ թույլ տրված լուրջ սխալները երկիրը հասցրել են փլուզման։ Ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի եւ կառավարության հրաժարականը՝ միաժամանակ զգուշացնելով զերծ մնալ ուժ կիրառելուց այն մարդկանց նկատմամբ, որոնց զավակները զոհվել են հայրենիքն ու Արցախը պաշտպանելիս։ Բանակը միշտ եղել է ժողովրդի հետ, ինչպես որ ժողովուրդը միշտ եղել է բանակի հետ»։
Բայց Նիկոլ Փաշինյանն անմիջապես գործի անցավ` պաշտոնից ազատեց ԳՇ պետ՝ իր հայրենակից Օնիկ Գասպարյանին, ապա իրավապահներին հրահանգեց քրեական գործեր կարել Գասպարյանի ու մյուս գեներալների դեմ: Ուժային լծակներով խեղդեց հանրային ըմբոստությունը եւ ժողովրդից 6 ամիս խնդրեց՝ խնդիրները կարգավորելու համար, իսկ 21-ի ամռանը մուրճով ու հայհոյանքով վերընտրվեց։ «Ռազմական հեղաշրջման» երկրորդ փորձը 2024 թ. հոկտեմբերին էր, երբ Քննչական կոմիտեն հայտարարեց Հայաստանում իշխանությունը յուրացնելու փորձը ճնշելու մասին, որին իբր ներգրավված էին Հայաստանի եւ Ղարաբաղի բնակիչներ։ Իբրեւ թե 2024 թ. ընթացքում 7 հոգի հավաքագրվել է ինչ-որ անձանց կողմից (որոնց ինքնությունը դեռ պարզված չէ) եւ ամսական 220 հազար ռուբլու դիմաց եռամսյա ուսումնամարզական հավաքների են մեկնել Ռուսաստան՝ ծանր զինատեսակներին ծանոթանալու, որ գան եւ հեղաշրջում անեն: «Նրանք տարբեր խմբերով մեկնել են Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաք, այնուհետեւ նրանց հանցակիցները Ռուսաստանում տեղափոխվել են մեկ այլ վայր, որտեղ նրանք ենթարկվել են նախնական ստուգման, այդ թվում՝ պոլիգրաֆի, որպեսզի պարզվեն նրանց անձնական բնութագրերը եւ քաղաքական հայացքները, ինչպես նաեւ կապերը ՀՀ իրավապահ մարմինների հետ»,- հեքիաթ էր հորինել Քննչական կոմիտեն։ Արդյունքում 3 անձ ձերբակալվեց, 4-ը հետախուզման մեջ էր։
«Պետական հեղաշրջման» մի փորձ էլ 2023 թ. նոյեմբերին «բացահայտեցին»` «Հյուսիսային տերեւաթափ» անվանումով․ 5 անձ կալանավորվեց, 2-ին տնային կալանք տվեցին։ Այդ շրջանում էլ կային Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքական ակտիվ զարգացումներ։ «Տերեւաթափի» մասնակիցներն էլ էին «ցանկացել սպանել» Նիկոլ Փաշինյանին կամ նրա իշխանության ներկայացուցիչներից որեւէ մեկին։ Այս գործի շրջանակներում էր ձերբակալվել Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը, որն այդ շրջանում ԵԿՄ-ի իր զինակիցների հետ հակաիշխանական հավաքներ էր նախաձեռնում։ Նկատենք, որ «հեղաշրջման» բոլոր փորձերն իշխանությունը կապել է Ռուսաստանի հետ՝ իբր ՌԴ-ն է Հայաստանում ուզում պետական հեղաշրջում իրականացնել։
ԱԱԾ տնօրենի պաշտոնից 2019-ին Արթուր Վանեցյանի հեռանալն անգամ Փաշինյանը փորձում էր որպես «պետական հեղաշրջման» փորձ ներկայացնել, որն իբր ինքն է կանխել։ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը՝ «Հայկական ժամանակը» գրել էր, թե ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հեռացումով կանխվել է պետական հեղաշրջում։ Ուշագրավն այն է, որ «պետական հեղաշրջման» վարկածն այդ ժամանակ պաշտպանեցին միայն Փաշինյանի տնեցիները՝ աղջիկն ու աներձագը, մեկ էլ՝ Արման Բաբաջանյանը եւ Ստեփան Սաֆարյանը։ Հետագայում ԱԱԾ-ն պաշտոնապես հերքեց Վանեցյանի կողմից «պետական հեղաշրջման» փորձը։ Իսկ ՀԺ-ն մասնավորապես գրել էր․ «…Վանեցյանն այն քաղաքական ֆիգուրը չէր (չէ), որ ի վիճակի լիներ հեղաշրջում անել։ Եթե նման ծրագիր եղել է, նա կարող էր առանցքային դերակատարում ունենալ, բայց՝ ընդամենը որպես գործիք։ Երկրորդ․ եթե ընդունենք, որ նման ծրագիր եղել է, ապա, վստահաբար, Վանեցյանի պաշտոնանկությամբ դա չի կասեցվել, ավելին՝ ծրագիրը հիմա էլ ընթացքի մեջ է ու նույնիսկ ավելի արագացված տեմպերով։ Վերջին հաշվով՝ եթե գիշերը գայլերի ոհմակը շրջապատում է մարդկանց, նրանցից մեկը լապտերով պատահաբար լուսավորում է գայլերից մեկին, ու սա վախեցած ետ է ցատկում, դա դեռ չի նշանակում, որ վտանգը չեզոքացված է։ Խնդիրն Արթուր Վանեցյանի անձը չէ… մեծ է հավանականությունը, որ նույն մեխանիզմներով իշխանական թիմում տասնյակ այլ մարդիկ էլ են հայտնվել ու հիմա էլ այնտեղ են»։
Բաց մի թողեք
Ուսապարկերը նկատելիորեն զգուշավոր ելույթներ էին պատրաստել՝ հասկանալով, որ հակառակ պարագայում էլ ավելի կսրեն իրավիճակը
Երբ լսում ու կարդում ես այս կառույցների ղեկավարներին, հասկանում ես, որ սրանք իրավաբանության այբուբենը չգիտեն
ՀԷՑ-ի պետականացման նախագծերում կան բացեր, ընդունումը կարող է հանգեցնել բյուջեի եկամուտների փոփոխության. Փաշինյան