02/07/2025

Շեկոյի որդին չի ներում Մարտուն Գրիգորյանին այն բանի համար, որ օգնեց քաղաքապետ դառնալ  նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին

Օրերս Գյումրու կենտրոնում՝ «Հացատուն» կոչվող սննդի օբյեկտի հարևանությամբ կրակոցներ էին հնչել։ Տեղի էր ունեցել ծեծկռտուք, որն ավարտվել էր կրակոցներով, որի հետևանքով վիրավորներ կային։

Դեպքից հետո անձինք էին ձերբակալվել։ Նրանց թվում է եղել նաեւ Մարտուն Գրիգորյանի որդին՝ Կամո Գրիգորյանը եւ հորեղբոր որդին՝ Արտյոմ Գրիգորյանը։ Քննչական կոմիտեում դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հոդվածներով։

Գլխավոր դատախազությունից «Հրապարակ»-ին քրգործի վերաբերյալ փոխանցեցին․ «Արտյոմ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 297֊րդ հոդվածի 3֊րդ մասով, 479֊րդ հոդվածի 2֊րդ մասի 4֊րդ կետով և 404֊րդ հոդվածի 2֊րդ մասի 2֊րդ կետով, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, 15մլն դրամ գրավը և բացակայելու արգելքը։

Կամո Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 195֊րդ հոդվածի 2֊րդ մասի 5֊րդ կետ, 334֊րդ հոդվածի 1֊ին մասով, և 297֊րդ հոդվածի 3֊րդ մասով, խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, հայտարարվել հետախուզում։

Վաչագան Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 297֊րդ հոդվածի 3֊րդ մասով, 195֊րդ հոդվածի 1֊ին մասով, 335֊րդ հոդվածի 1֊ին մասով, խափանման միջոցը՝ կալանք, հայտարարվել է հետախուզում»։
Նշենք, որ մեղադրյալներից Վաչագան Կարապետյանը Գյումրիում հայտնի գործարար «Շեկոյի» տղան է։

Ավելի վաղ «Հրապարակ»-ը անդրադարձել էր դեպքին՝ գրելով միջադեպի հանգամանքների մասին։ Այսպիսով, կողմերի միջև տարաձայնությունները առաջացել են դեռևս ՏԻՄ ընտրությունների ժամանակ և դրանից հետո ստեղծված ներքաղաքական զարգացումների հետ են առնչվում։ Մենք գրել էինք, որ վիճաբանության առանցքում եղել են նաև նախկին նախագահներին հետ կապված`  սերժական և քոչարյանական թեզերը։

Ինչպես նաև կա անձնական դրդապատճառ, Շեկոյի որդին չի ներում Մարտուն Գրիգորյանին այն բանի համար, որ օգնեց քաղաքապետ դառնալ  նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, քանի որ Ղուկասյանի եղբոր տղան տարիներ առաջ սպանել էր իր հորը, որի համար  դատապարտված է 15 տարի ազատազրկման։