Երեկ առավոտյան մարզանքից հետո ստիպված էի փոխել դրան հաջորդող լոգանքի ու նախաճաշի հերթականությունը, բայց լոգարանից դուրս գալուց 1-2 րոպե անց լույսն անջատվեց: Շնորհակալություն հայտնելով, որ դա տեղի ունեցավ հենց այդ պահին եւ ոչ թե, ասենք, 10-15 րոպե առաջ, մտածեցի, որ ՀԷՑ-ը որոշել է խաղ խաղալ շարքային սպառողների գլխին:
Հրապարակ թերթը գրել է․ Բայց երբ լուրերում կարդացի, որ նախորդ օրը «Հոմպլեքս» հիպերմոլի բացման ժամանակ եւս լույսն անջատվել էր, իսկ վարչապետի աթոռից կառչածը դրանից օգտվելով ասել էր, թե «ակնհայտ է, որ պետությունը շատ արագ պետք է վերցնի ՀԷՑ-ի կառավարումը», հասկացա, որ դա իր ձեռքի գործն է:
Ոչ անմիջապես իր, բայց իր հրահանգի արդյունքում: Եվ քանի որ Հայաստանում ամեն ինչ ենթարկվում է իրեն՝ ԲԴԽ, դատավորներ, դատախազություն, քննչականներ եւ այլն, ապա հոսանքը քանի՞ գլուխ ուներ, որ «չկատարեր» վարչապետի հրամանը: Կարծում եմ, որ մարդկանց բողոքի են ուղղորդում:
Բայց անցնենք օրվա հիմնական թեմային. Սրբազան պայքարի 2024 թվականի շարժման մասին իշխանության կողմից գեներացված կեղծ թուղթը դրվել էր դարակն ու մոռացվել, քանի որ պայքարը մարել էր հունիսի 12-ից հետո: Հիշել են Սամվել Կարապետյանի անմեղ խոսքից հետո, երբ Նիկոլի վախերն իրեն հանգիստ չեն տվել:
Ու «գնա՜ց կաշը»… ԱԱԾ, քննչական, ոստիկանություն՝ ողջ իրավապահ համակարգը լծվեց մեկ անձի հակաօրինական կամքը կատարելու «սուրբ» գործին: Եվ քանի որ Նիկոլի հակառակորդները կամ, ավելի ճիշտ՝ թշնամիներն արդեն ամբողջովին «բացահայտված» են, մնում էր նիկոլական խեղկատակներին հարձակվելու հերթական հրաման տալը:
Ու կրկին «գնաց կաշը». Յուրաքանչյուրը, իր բարոյական նորմերի բացակայության մակարդակին համապատասխան, լծվեց սոցցանցային արշավի: Քանի որ դրանք բազմաթիվ են, անդրադառնամ միայն վերնախավից մի քանի հոգու գրառմանը: Երեւանի ավագանու փոքրամասնության քաղաքապետ Ավինյան Տիգրանը «հեղաշրջման» մասնակիցների մասին մի «սքանչելի» տեքստ է գրել, բայց մեջբերեմ միայն մի փոքր հատված:
Ահա այն. «…նույն նենգությամբ ու նույն արհամարհանքով ժողովրդի հանդեպ՝ նրան անվանելով էշ, ժեխ ու անասուն»։ Երեւում է, որ մարդը խիստ է վիրավորվել, որ իրենց քվե տվածներին, որոնց որպես ժողովուրդ է ներկայացնում, անվանարկում են: Բայց, որքան հասկանում եմ, մոռացել է, որ հենց իր հայրն էր այդ նույն մարդկանց համբալ անվանում, ինքն էլ արդարացնում էր դա որպես «նյարդի, խցանման, լրագրողի նկատմամբ նյարդի» դրսեւորում:
Պատմության նախկին ուսուցիչ, իսկ Նիկոլի օրոք պաշտպանության նախարար նշանակված Պապիկյան Սուրենը հայաստանյան իրական հայրենասերներին մեղադրում է օտար տերերին ծառայելու եւ պետության հիմքերը խարխլելու մեջ: Միաժամանակ, իրենց ազգադավ իշխանությունը ներկայացնում է որպես պետականության ու, մի թեթեւ էլ, ժողովրդավարության պահապանի:
Պատկերացրեք՝ բռնատիրության վերածվող, բազմահազար զոհեր տված ու Արցախը կորստյան մատնած, Հայաստանի գլխին անվտանգային բազմաթիվ սպառնալիքներ գեներացրած իշխանությունն իրեն ներկայացնում է որպես պետականության եւ ժողովրդավարության պահապան: Չգիտես՝ խնդաս, թե լաս… Վերջում էլ հիշում է, որ ինքը մի ժամանակ պատմաբան է եղել ու դրա հիման վրա Վասակ Սյունու ճակատագրին երանի տալու սպառնալիք է հղում ընդդիմադիրներին: Հետաքրքիր է՝ իշխանափոխությունից հետո ո՞նց է այդ ամենի տակից դուրս գալու:
Թե՞ սրան էլ կոմունիստների նման թվում է, որ Նիկոլի իշխանությունն անվերջ կլինի…
Այս շարքում առանձնանում է ԱԺ նախագահ Սիմոնյան Ալենը, որը, չգիտես ինչու, դեմ է գնում պաշտոնական տեսակետին՝ հայտարարելով, որ Սրբազան պայքարը նախատեսում էր իրականացնել ոչ թե հեղաշրջում, այլ՝ տեռորիստական ակտ:
Ոնց որ թե իրավաբան Ալենը լավ չի հասկացել մեղադրանքը, բայց մտածել է, որ մի քանի որսորդական հրացանով, ատրճանակով, արմատուրայի նմուշներով (հետաքրքիր է, թե ինչ դեր էին խաղալու դրանք) հեղաշրջում է հնարավոր իրականացնել: Կամ էլ երեւի եվրոպական երկրների դեսպաններն են զանգել նրան ու մեղադրել իր վերադասին, որ անլրջացնում է գործընթացը: Բայց երեւի չեն հուշել, թե որպես ինչ կարելի է ներկայացնել ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի նախաձեռնած գործընթացը: Ու ինքն էլ, այլ բան չգտնելով, այն բնորոշել է որպես ահաբեկչական ակտ:
Բայց երեւի չի պատկերացրել, որ վերը նշված առարկաներով ահաբեկչական ակտ չեն անում ու դրա համար ոչ թե բազմաթիվ, այլ ընդամենը մեկ-երկու տասնյակ անձ է անհրաժեշտ՝ ավտոմատներով զինված: Մոտավորապես այն, ինչ տեղի ունեցավ անցյալ տարվա գարնանը ՌԴ Կրասնոգորսկ քաղաքի «Կրոկուս սիթի հոլ» առեւտրի կենտրոնում: Եթե, իհարկե, Սրբազան պայքարը չէր որոշել քննչականի նկարներում ներկայացված գործիքակազմով մարտաֆիլմ նկարահանել:
Իսկ այժմ՝ ավելի լուրջ. ՀՀ քննչական կոմիտեի կայքէջում նախորդ օրը տեղադրվեց մի քանի տեսանյութ, որոնք պետք է ապացուցեին հեղաշրջման իսկությունը: Պատահականորեն դրանցից մեկը՝ «Մաս 2»-ը, դիտեցի Նիկոլի էջում: Ուրեմն տեսանյութի սկզբում Սրբազանի ձայնով անձն ասում է, որ «դուրս ենք գալու փողոց…», եւ այլն: Մի քանի տասնյակ վայրկյան անց նույն ձայնով խոսողն ասում է` «երբ Սրբազանն ասաց…»:
Ստացվում է, որ սկզբում Սրբազանի ձայնով խոսողն իր անունից է խոսում, այսինքն՝ 1-ին դեմքով, իսկ հետո նույն ձայնը, մանուկների նման, խոսում է 3-րդ դեմքով, ինչը նշանակում է, որ ներկայացվածը կա՛մ մոնտաժված ձայնագրություն է, եւ կա՛մ նյութը սարքված է արհեստական բանականության (ԱԲ-ի) կողմից:
Իսկ հաշվի առնելով, որ գործող ԱԲ-երի համար հայոց լեզուն դեռեւս այնքան էլ «հարազատ» չէ, տեխնիկական խոտան է «արտադրվել»: Ու դա, զարմանալիորեն, չի նկատվել: Ի դեպ, ձերբակալվածների փաստաբաններն էլ էին ասում, որ տեսանյութերը մոնտաժված են: Իսկ ինձ նմաններին մնում է հառաչել՝ ողբամ զքեզ, հայոց պետություն, որ ղեկավարդ «մանուկ» է՝ առնվազն:






Բաց մի թողեք
Ով ասես՝ չի առաջադրվել
Պատմության գնահատականները շատ ավելի դաժան են, քան՝ մեր գնահատականները․ Տեր Փառեն
Պաշի տղա Սուրո Լեննականսկի» անունով օրենքով գողը, մյուսներն ազատ են, Սրբազանները կալանավորված