02/07/2025

Այս իրողությունը պետք է լրջորեն գնահատվի նաև Հայաստանում

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան տասներկուօրյա պատերազմը զուգահեռվում է «Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելու հավաքական Արևմուտքի ծրագրի» հետ և եզրահանգում, որ «այն դապարտված է արմատական անհաջողության, որովհետև թե Ռուսաստանը, թե Իրանը հազարամյա պետական-քաղաքակրթական ինքնության կրող են»:

«Իրանի դեմ հաղթանակը հնարավորություն է, որպեսզի ունենանք բոլորովին նոր Մերձավոր Արևելք, և մենք ոչ մի օր կորցնելու իրավունք չունենք»,- հունիսի 26-ի ուշ երեկոյան Իսրայելի ժողովրդին հասցեագրած տեսաուղերձում հայտարարել է վարչապետ Բենիամին Նաթանյահուն:

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը նույն ժամերին հաստատել է, որ նախագահ Թրամփը պատրաստվում է Սպիտակ տանը հյուրընկալել Իսրայելի վարչապետին՝ «ամենամոտ ժամանակներս»:

Իսրայելական Yenet-ի տեղեկացվածությամբ՝ Իսրայելն «այլևս ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունների համար Դոհա կամ Կահիրե պատվիրակություններ չի ուղարկի, հարցերը կկարգավորվեն շատ բարձր մակարդակներում»:

Ըստ երևույթին, նկատի է առնվում, որ Գազայի կարգավորման համաձայնությունը ձեռք կբերվի Թրամփ-Նաթանյահու հանդիպմանը:

Արաբական աշխարհի լրատվամիջոցները, որոնց հղում են անում իսրայելցի մեկնաբանները, տեղեկացնում են, որ Գազայում կարգավորման ծրագիրը ենթադրում է ռազմական գործողությունների վերջնական դադարեցում, պատանդների վերադարձ, ՀԱՄԱՍ-ի առաջնորդների արտաքսում և պաղեստինյան էքսկլավում «արաբական արտաքին կառավարման հաստատում»:

Ըստ որոշ տեղեկությունների՝ այն կիրականացնի Եգիպտոսը, այլ աղբյուրների ասելով՝ «կներգրավվի նաև Սաուդյան Արաբիան, ինչպես նաև երկու այլ արաբական երկիր»:

Իսրայելական աղբյուրներն ակնարկում են, որ ամենաէական՝ Պաղեստինի պետության ճանաչման, հարցում Նաթանյահուն «հարկադրված է գնալ զիջումների»: Ըստ այդմ, նա «պահանջում է, որ Պաղեստինի ինքնավարության կառավարությունը բարեփոխումներ անցկացնի», իսկ ԱՄՆ-ը «Հուդեայում և Սամարիայում ճանաչի իսրայելական սահմանափակ ինքնիշխանությունը»:

Որքանո՞վ է իրականանալի այս ծրագիրը՝ ոչ ոք չգիտի: Փաստ է, սակայն, որ Իրանի նախագահ Փեզեշքիանը պատերազմից հետո իրանական հանրությանը ոչ միայն ինքնակազմակերպվելու, այլև ներքին բարեփոխումներ իրականացնելու հաստատակամություն է հասցեագրել:

«Նյու-Յորք թայմսի» տեղեկացվածությամբ՝ Իրանի հոգևոր առաջնորդի «առողջական վիճակը կրիտիկական է»:

Ինչ էլ որ իսրայելա-պաղեստինյան հարաբերություններում լինի, Մերձավոր Արևելքն Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմից հետո փոխվելու է: Իրանանակ ազդեցության «շիադավան աղեղը» լրջագույն կորուստներ է ունեցել: Այս իրողությունն, անկասկած, պետք է լրջորեն գնահատվի նաև Հայաստանում:

Ռուսաստանը պատրա՞ստ է «վերակենդանացնել տարածաշրջանի իրանականությունը», աշխարհաքաղաքական նման ծրագիր ունի՞, թե Մերձավոր Արևելքը և Հարավային Կովկասը «հանձնում է» ԱՄՆ-ին, որպեսզի Ուկրաինայում տարածքային ձեռքբերումներն «օրինականցնի՞»: Հայաստանում «ռազմավարական դաշնակցի» հետ հարաբերությունների նախկին «մոդուսին» վերադառնալու ջատագովներն այդ էքզիստենցիալ նշանակության հարցի պատասխանն ունե՞ն: