15/10/2025

Եկեղեցիների զանգերը մեկ էլ Սարդարապատից առաջ էին ղողանջել

Իրավիճակը Մայր Աթոռում շարունակում է լարված մնալ։ Իրավապահները երեկ քաշքշեցին հոգեւորականներին ու քաղաքացիներին։ Մայր Աթոռի բակում հավաքված քաղաքացիները դիմում էին հոգեւորականներին, որ նրանք հնչեցնեն եկեղեցու զանգերը եւ հայ ժողովրդին հանեն պայքարի՝ ի աջակցություն Միքայել սրբազանի եւ Վեհափառի։ Եվ եկեղեցին հնչեցրեց զանգերը։

Նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ եկեղեցու զանգերը ղողանջեցին` հանրությանն ազդակ հղելով, որ իշխանությունները երկիրը հասցրել են աննախադեպ կրիտիկական վիճակի:

«Սիրելի հավատացյալներ‚ ելնելով ստեղծված իրավիճակից՝ հորդորում ենք գնալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ նեցուկ լինել Մայր Եկեղեցուն»,- հայտարարություն էր տարածել Երեւանի Սբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցին։

Նշենք, որ ԱԱԾ-ն եւ ոստիկանության ուժերը փորձում էին ներխուժել Մայր Աթոռ, որպեսզի բերման ենթարկեին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանին։ Վերջինս սկզբում հայտարարեց, որ կգնա ԱԱԾ-ականների հետ, սակայն հավաքվածները թույլ չտվեցին։

Հավատավոր ժողովուրդն ուղղակի թույլ չտվեց։ Երեւանից հրահանգեցին ԱԱԾ-ին ու ոստիկանությանը՝ հետ գնալ, եւ սկսեցին բանակցել, որ Միքայել սրբազանը կամովին հանձնվի։ Ի վերջո, Գարեգին Բ կաթողիկոսի որոշմամբ Միքայել սրբազանը որոշեց գալ Երեւան՝ Քննչական կոմիտե։ Ճանապարհի մի մասը նա հավատացյալների հետ ոտքով անցավ։

Հայոց պատմության ո՞ր փուլերում է Հայ առաքելական եկեղեցին նման հարձակումների ենթարկվել, ե՞րբ են հնչեցվել եկեղեցու զանգերը: Ցեղասպանագետ, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով թեմային, ասաց. «Եկեղեցին իր զանգերը խփել է Սարդարապատի ճակատամարտի նախօրեին, իսկ առանձին դրվագներով միշտ էլ, եթե եղել են հարձակման ծրագրեր, որոշ եկեղեցիներ զանգերի միջոցով ահազանգել են սպասվող վտանգների մասին: Նորանկախ պատմության ընթացքում նման ահազանգեր սրանից բացի չեն եղել, ունեցել ենք ծիսական բնույթի զանգեր, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ժամանակ, 2023 թվականի Արցախի հայաթափումից հետո էլ աղոթք տեղի ունեցավ, ինչից հետո եկեղեցին զանգերը խփեց»:

Պատմաբան, պատմության դասագրքերի հեղինակ Աշոտ Ղուկասյանն էլ, մեզ հետ զրույցում անդրադառնալով եկեղեցու զանգերին եւ իշխանության գործողություններին, ընդգծեց. «Պատմության այն շրջաններում, երբ հայրենիքը եղել է վտանգի մեջ, օրինակ, Մայիսյան հերոսամարտի ժամանակ Էջմիածնի զանգերը ղողանջել են: Եկեղեցին նաեւ իր զանգերը խփում է այն ժամանակ, երբ վտանգ է տեսնում հենց Եկեղեցու ուղղությամբ: Զանգերի իմաստն այն է, որ ժողովուրդը հավաքվի Եկեղեցու շուրջ, ահազանգ է այն, կոչ: Հայ առաքելական եկեղեցին հայ իշխանավորների կողմից էլի է ենթարկվել հարձակումների, հատկապես` չորրորդ դարում` Տիրան թագավորի ժամանակ՝ 338 թվականին: Նրա օրոք աշխուժացավ հեթանոսությունը, Եկեղեցին փորձեց պայքարել, արդյունքում Տիրան թագավորի հրամանով Հուսիկ կաթողիկոսը բրածեծ արվեց: Պապ թագավորի ժամանակ էլ երկիրը վտանգի մեջ էր, փորձում էր բանակը հզորացնել, սա թագավորին դուր չեկավ եւ պահանջեց, որ բոլոր եկեղեցականներն անցնեն զինվորական ծառայության։ Նա փակել տվեց բոլոր կուսանոցները, որպեսզի կանայք ամուսնանան եւ զավակներ ծնեն, ազգը բազմանա: Մեր Եկեղեցին թշնամիների կողմից եւս հարձակումների է ենթարկվել: Առաջին խոշոր հարձակումը եղավ 5-րդ դարում, հայ ժողովրդին պարսիկները ստիպեցին կրոնափոխ լինել: Եկեղեցին մշտապես պայքարել է ժողովրդի համար, նույնիսկ Հովհաննես Մանդակունի կաթողիկոսը, ձին հեծած, մասնակցում էր կռվում… Այսօր ասել, որ հոգեւորականները չունեն քաղաքականությանը միջամտելու իրավունք, առնվազն անգրագիտության արդյունք է: Այն, ինչ կատարվում է այսօր, այն բամբասանքները, որ գեղջկական ձեւով, գեղցիավարի հասցնում են պետական մակարդակի, պարզապես նողկալի է, մեծ ստորություն է: Տգետ գեղցու բամբասանքները դարձրել են պետական քաղաքականություն: Արհեստական օրակարգեր են բերել, մեր Եկեղեցին խայտառակում են, այն, ինչ անում են այսօր, շատ վտանգավոր է, լավ է, որ ժողովուրդը մասամբ կարողացավ կանխել որոշ գործողություններ»: