02/07/2025

Նոր ու մեծ թնջուկ Իրանի ու Ադրբեջանի միջև, Ալիևին կհաջողվի՞ ջրից չոր դուրս գալ

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին այսօր տեղի ունեցած ասուլիսում, անդրադառնալով Իրանի տարածքին Ադրբեջանի տարածքից հասցված իսրայելական հարվածների թեմային, ասել է, որ Իրանի արձագանքը կախված կլինի Ադրբեջանի հետաքննությունից:

Հիշեցնեմ, որ թեման Ադրբեջանի նախագահի առաջ բարձրաձայնել է Իրանի նախագահը՝ նախօրեին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում:

Իրանական պետական մեդիան հայտնել է, որ Մասուդ Փեզեշքիանը Իլհամ Ալիևին հորդորել է հետաքննություն անցկացնել այդ մասին հաղորդագրությունների առնչությամբ: Իսկ հաղորդագրությունները Իրանի դեմ Իսրայելի սկսած պատերազմի ընթացքում տարածում էին տարբեր ոչ պաշտոնական աղբյուրներ:

Բայց, եթե Իրանի նախագահը այդ հարցը պաշտոնապես դնում է Ադրբեջանի նախագահի առաջ, ապա դա առնվազն թույլ է տալիս մտածել, որ հարցադրումը ուղեկցվել է նաև կոնկրետ կամ համոզիչ ապացույցներով կամ փաստերով:

Հայաստանում Իրանի դեսպանը ասում է, որ Իրանի վերաբերմունքը կախված կլինի Ադրբեջանի վարած քննությունից: Մինչդեռ, Ադրբեջանի նախագահն այսօր հայտարարել է, թե անհիմն լուրեր են տարածվում Իրանի և Ադրբեջանի հարաբերությունը լարելու համար՝ այդ լուրերը համարելով անհեթեթություն:

Փաստորեն, Իլհամ Ալիևն անհեթեթություն է համարում այն, ինչ նրան հորդորել է Մասուդ Փեզեշքիանը: Եթե լուրերը «անհեթեթություն» են, ապա կնշանակի, որ Մասուդ Փեզեշկիանը Ալիևին հորդորել է հետաքննություն անցկացնել անհեթեթության մասին:

Հենց Ալիևի հայտարարությունն է այն, ինչը կարող է սրել Իրանի հետ հարաբերությունը: Ավելին, բոլորովին պետք չէ բացառել և այն, որ Ալիևը հենց այդպես փորձի «դուրս գալ» Իրանի հարցադրման «տակից», փորձելով, ըստ էության, շանտաժել հարաբերության լարում:

Ի վերջո, ի՞նչ պետք է հետաքննի Իլհամ Ալիևը, եթե՝ Իրանի հարցադրումը, ըստ էության կարող է նշանակել նաև ապացույցների որոշակի ներկայացում: Ալիևը չի կարող հետաքննել և «բացահայտել» որևէ բան:

Դա նշանակում է, որ նա «պարտքի տակ» է մնալու Իրանի հանդեպ: Ահա այդ իրավիճակից դուրս գալու համար բացառված չէ, որ նա փորձի սադրել լարում, առավել ևս, համարելով, որ Իրանը ներկայումս զգայուն կլինի դրա հանդեպ: