15/10/2025

Սրբազաններին կալանավորելով իշխանությունը ճանապարհ է բացում դեպի վեհարան

Բագրատ սրբազանին եւ Սրբազան շարժման մեկ տասնյակից ավելի համակիրներին ձերբակալելուց հետո իշխանությունն անցավ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կալանավորելու օպերացիային, որը սկսվեց երեկ՝ վաղ առավոտյան, նախ՝ Շիրակի թեմի առաջնորդարանում ժամեր շարունակ խուզարկություն իրականացնելով, որից հետո իրավապահների գործողությունները շարունակվեցին Մայր Աթոռում, որտեղ դիմակավորված ուժայինները փորձում էին ամեն գնով բերման ենթարկել Միքայել սրբազանին, այն աստիճան, որ հրմշտոց եւ քաշքշոց տեղի ունեցավ, իսկ մեքենա նստելիս Սրբազանին հարվածեցին, որից հետո նրա ինքնազգացողությունը վատացավ, եւ վերադարձավ Վեհարան։

Հրապարակ թերթը գրել է․ Օրվա 2-րդ կեսին արդեն, նախ՝ ոտքով, ապա՝ մեքենայով, Սրբազանը շարժվեց Երեւան՝ ինքնակամ ներկայանալու Քննչական կոմիտե, քանի որ, ինչպես ինքն էր նշել, իրեն ուղղված մեղադրանքը «բացարձակ շինծու է»։

«Իրավիճակը լարվել էր բավականին շուտ, ուղղակի «պայթուցիկը» երեկ գործի դրվեց, երբ հայտարարվեց, որ Միքայել սրբազանի հետեւից են գալու»,- ասում է գյումրեցի գրող, հրապարակախոս Արա Նախշքարյանն ու պատմում, որ Սրբազանի հնարավոր ձերբակալության լուրն առնելուն պես՝ դեռ նախորդ օրը, երեկոյան,  ընկերների հետ շտապել է առաջնորդարան, որտեղ ամեն ինչ դեռ խաղաղ է եղել, բայց վաղ առավոտյան իրավիճակը կտրուկ լարվել է։
«Առավոտյան արդեն այդ բոթը հայտնեցին, որ առաջնորդարանն են պաշարել ենիչերիները եւ փորձում են Սրբազանին ձերբակալել, բայց քանի որ գիտեինք՝ Սրբազանը եկել է Մայր Աթոռ, մի պահ հանգստացանք, բայցեւայնպես, հավաքվեցինք առաջնորդարանի մոտ, որտեղ էլի մարդիկ էին հավաքվել՝ հավատացյալներ եւ պարզապես քաղաքացիներ։ Նրանք իրենց անհամաձայնությունը հայտնեցին այդ գործելաոճին, քանի որ այդ խուզարկությանը թույլ չտվեցիններկա գտնվել ոչ միայն փաստաբաններին, այլեւ անգամ ԱԺ պատգամավորի։ Այսինքն՝ իրենք իրենց են արել այդ ամենը, եւ այստեղ կարելի է նույնիսկ կասկածի տակ առնել այդ խուզարկությունը, գուցե ոչինչ էլ չեն տարել, այլ իրենց սարքածներն են առել գնացել, թեեւ Սրբազանի համակարգիչն առգրավվել է, մի ուրիշ պարկ էլ կար հետները, որի պարունակությունն արդեն չգիտենք»,- ասում զրուցակիցս ու նշում, որ ամեն ինչ շատ անսպասելի ու արագ է տեղի ունեցել։

«Անսպասելի են ներս մտել, քանի որ մինչեւ մեր՝ առաջնորդարան գալն իրենք արդեն ներսում էին, այդ ժամանակ, երբ թույլ չեն տվել ոչ մեկին ներս մտնել, որոշակի սրացումներ են տեղի ունեցել, եւ այդ պահին ձերբակալեցին տղաներից մեկին, իրենց ասելով՝ ոստիկանության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար, իսկ իրականում ոչինչ էլ տեղի չէր ունեցել, այդ տղան ուղիղ եթեր էր մտել եւ կոչ էր արել մարդկանց՝ հավաքվել առաջնորդարանի դիմաց։ Ընդամենը»։

Ուղիղ ռեժիմով հետեւելով Մայր Աթոռում զարգացող իրադարձություններին, մասնավորապես, թե ինչպես են փորձել Միքայել սրբազանին նստեցնել մեքենա, հարվածել են, որից հետո նրա ինքնազգացողությունը վատացել է, ու վերադարձրել են Վեհարան, գյումրեցիներն առաջնորդարանի մոտից գնացել են Շիրակի մարզային դատախազություն՝ իրավապահների գործողությունների վերաբերյալ դատախազից բացատրություն պահանջելու, բայց դատախազը փոխանցել է, որ ինքը բավարար ինֆորմացիա չունի, իրեն որեւէ հրահանգ չի տրվել, իսկ կատարվածն իր տիրույթում չէ։

Դատախազությունից հետո գյումրեցիները նորից վերադարձել են առաջնորդարան, այնտեղից էլ՝  Մայր Աթոռ՝ Սրբազանի կողքին լինելու համար։ «Այլեւս չենք սպասում զարգացումների, որովհետեւ դրանք բավականին զարգացել են եւ սրվել,- ասում է Ա․ Նախշքարյանն ու ընդգծում։- Այս պայքարը ո՛չ սրբազանների, ո՛չ հոգեւորականների եւ ո՛չ էլ Եկեղեցու դեմ է, սա ազգին իր արմատից կտրելու ձեւերից մեկն է։

Այսինքն՝ նպատակ է դրված ինքնությունը բնաջնջելու, իսկ որ հասարակությունն անտարբեր է՝ փաստ է, ինչի առիթով այլեւս չեմ զարմանում, քանի որ սա առաջին անգամը չէ։ Եթե դուրս չեք գալիս ձեր սրբությունների համար, դուրս եկեք ձեր ինքնության եւ լինելիության համար, որովհետեւ, եթե դրանք էլ կորցրինք վաղը, չգիտեմ՝ ինչ կդառնանք հետո․․․»։

Ասում է՝ թեպետ Գյումրիում բազմաթիվ մարդիկ, հավատացյալներ դուրս եկան փողոց, բայց դա այն նույն զանգվածն է, որը մշտապես կա ու եղել է պայքարի խրամատներում։ «Մենք փորձեցինք ինքնաբուխ անել այս ամեն ինչը, թե չէ՝ կարող էինք զանգահարել, հավաքել, մոբիլիզացնել մարդկանց, բայց դրա իմաստը չկա, որովհետեւ այն, ինչ այսօր կատարվում է ՀՀ-ում, կարծում եմ՝ տեղյակ են բոլորը, այդ նյութերը միայն ես չեմ կարդում, այլ նաեւ՝ բոլորը։

Պարզապես ամենավատն այն է, որ վաղը, մյուս օրը, երբ թուրքական կառավարությունը փորձի այստեղ տեղափոխել իրենց երազած 300 հազար ադրբեջանցուն, ճանապարհները բացեն ու բոլոր հարցերը կարգավորեն, դրանից հետո էլ ի՞նչ։ Այսինքն՝ եթե պիտի անենք՝ հիմա, եթե չպիտի անենք՝ ընդհանրապես պիտի չանենք, եւ իմաստ էլ չկա, որովհետեւ կմնա միայն համակերպվելու հարցը, իսկ մնացած 10-15 տոկոս ազգայնականներին կամ հայրենիքի մասին մտածողներին վերջ տալը մի քանի րոպեի պատմություն է»։

Զրուցակցիս համար ակնհայտ է, որ իշխանությունը կանգ չի առնելու եւ հերթով մեղադրանքներ առաջադրելով՝ ձերբակալելու է բոլոր սրբազաններին ու այդպես իր համար ճանապարհ է բացելու դեպի Վեհարան․ «Ցավոք, այդպես է․ «հերթով, շարքով, կարգով» սկզբունքով են շարժվում, եւ կասկած չունեմ, որ հաջորդ թիրախը Վեհափառն է, ու եթե ազգը տեղից չի շարժվում, բնականաբար, իրենք էլ ինչ ուզում՝ անում են։ Եթե մենք սա էլ կուլ տվեցինք, ուրեմն իմաստ չկա այլեւս որեւէ քայլ անելու, միջոցառում ձեռնարկելու, իրոք սարսափելի է․․․։ Այսօր թե՛ Մայր Աթոռի, թե՛ Գյումրու 7 վերք եկեղեցու զանգերն անընդմեջ ղողանջում էին, բայց, մեծ հաշվով, արթնությունը չի գալիս։ Սա այլեւս տրանսպորտի կամ հացի հարց չէ, սա ազգային ինքնության, դիմագծի հարց է։ Հասկանալի է, որ ազգի կեսը կարող է հավատք ունենալ Եկեղեցու հանդեպ, կեսը՝ ոչ, բայց սա ազգային դիմագծի, ազգային նկարագրի հարց է նաեւ, մենք դա ունե՞նք, թե՞ ոչ»։
Այս իրավիճակում ո՞րն է ելքը ու յուրաքանչյուրիս անելիքը։

«Դժվար է ասել՝ որն է ելքը, որովհետեւ իսկապես խճճված պրոցեսի մեջ ենք այս պահին, եւ դժվար է որեւէ անելիք մատնանշել, որովհետեւ հիմա արդեն ամեն բառի հետեւից են գնում, այնպիսի իրավիճակ են ստեղծել, որ ցանկացած գնահատականի հետեւում մի հանցակազմ են գտնում, բայց, ամեն դեպքում, ես կակնկալեի մեր հասարակության արթնությունը, որովհետեւ, եթե սրա դեմը չառնենք, մեր տներին էլ կհասնեն, ու վերջում արդեն ոչ մի իմաստ չի լինի։ Իսկ Եկեղեցին մեր պետականության բացակայության 600 տարիների ընթացքում իր ուսերին է վերցրել հայրենիքի փրկության գաղափարը եւ ամեն գնով կարողացել է այն պաշտպանել ու պահպանել։ Եթե մենք այսօր չկարողանանք Եկեղեցուն շնորհակալություն հայտնել՝ հենց միայն մեր ներկայությամբ, այստեղ լինելով, վաղն արդեն ուշ կլինի, բայց, ցավոք սրտի, անհայրենիքներն այսօր շատ են մեր հայրենիքում, ու դա պայմանավորված չէ նրանով, որ իրենց գիտելիքներն են պակաս, պարզապես ուժեղները պակասեցին, դրա համար թույլերը շատացան»։