31/07/2025

Քաղհասարակական անբարոյականությունը Նիկոլ Փաշինյանի «ձեռքբերումներից» է. Կարապետյանց

«Այն  կադրերը, որոնք նայեցի, այստեղ իրավապաշտպանության տեսանկյունից խոսելու ոչինչ չկա»,- «Հրապարակ»-ին ասաց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ խոսելով Վեհարանի բակում իրավապահների գործողությունների մասին։ Նշենք, որ վերջիններս գնացել էին այնտեղ՝ ձերբակալելու Միքայել սրբազանին։

«Իրավապաշտպանները կարող են խոսել օրենքից, իրավունքից, դրա գերակայությունից, այն, ինչ կատարվում է հիմա, ուղղակի դրա մասին խոսքեր չկան, դրանք մի մարդու քմահաճությամբ տեղի ունեցող գործողություններ են, որոնք չեն տեղավորվում ո՛չ Սահմանադրության մեջ, ո՛չ բարոյականության սահմաններում։ Սա ծանր անդրադարձ է ունենալու թե՛ մեր պետականության, թե՛ մեր ազգի վրա, թե՛ հետագայում իրենց վրա։ Իրենք չեն հասկանում՝ ինչ են անում եւ ինչ ատելություն են սերմանում։

Ես հիշում եմ մեծ թվով քաղաքական անբարոյականություններ, բայց քաղհասարակական անբարոյականությունը Նիկոլ Փաշինյանի «ձեռքբերումներից» է, այսպիսի վիճակ մենք չենք ունեցել, եւ այն ատելությունը, որն իրենք սերմանում են, չի կարող չանդրադառնալ իրենց վրա։ Ես գիտեմ, որ իրենք ներսում ունեն այդ անհանգստությունը, ես զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր դեռ շարունակում են մնալ Նիկոլ Փաշինյանի թիմում եւ ովքեր շարունակում են այդ անբարոյականությունը։ Շատ եմ ցավում, վիճակը բավականին ծանր է, ներքին անվտանգությունն ապահովող ոստիկանությանը բերել, բախել հոգեւոր․․․ ուղղակի եթերային հարմար խոսքեր չունեմ։ Մեր հասարակությանը պետք է խնդրեմ՝ չգնա Նիկոլի պրովոկացիաներին, շարունակի մնալ իր դիրքերում, որովհետեւ սա միայն Նիկոլի հայրենիքը չէ, մեր հայրենիքն է, եւ Հայ առաքելական եկեղեցին շատերիս համար նաեւ կրոնական կապվածություն ունի, իսկ Հայաստանի համար եւ հայության համար նաեւ պատմական նշանակություն ունի, եւ թույլ տալ, որ ինչ-որ խուժան, փողոցային, բոսյակ լակոտի պահվածքով մարդիկ այսպիսի վարքագիծ դրսեւորեն մեր պատմական ինստիտուտների նկատմամբ, անշուշտ, անթույլատրելի է»։

Խոսելով նախօրեին Բագրատ սրբազանի եւ վերջինիս աջակիցների կալանավորումների մասին՝ ասաց․ «Բոլոր իշխանությունների ժամանակ թե՛ ոստիկանությունը, թե՛ ԱԱԾ-ն, թե՛ դատարանները, թե՛ դատախազությունը, ամբողջական համակարգը միասին եղել են օրվա իշխանության ձեռքի գործիքները։

Երբ Նիկոլ Փաշինյանը գնաց կեղծ բարեփոխման ճանապարհով, ես այն ժամանակ եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը չի պատժում այն ոստիկաններին՝ նախկինում տեղի ունեցած իրադարձությունների համար, միայն մի պատճառով, որ ինչ-որ պահի ինքը պիտի ապօրինի հրահանգներ տա, եւ այդ հրահանգները պետք է կատարվեն։

Ես ոստիկանությանը, մնացած մարմիններին պրետենզիաներ այդքան էլ չունեմ, որովհետեւ իրենք այլ գործելաոճ չգիտեն, ես նողկանք եմ ապրում քաղհասարակության այն հատվածից, որ դուրս է եկել իր կարգավիճակից, այլեւս օրենքի, իրավունքի, ժողովրդավարության ստանդարտներից եւ դարձել է Նիկոլ Փաշինյանի՝ բոլոր իմաստներով անձնական օգտագործման քաղհասարակությունը։

Սա մեծ կորուստ է մեզ համար, մենք ո՞նց ենք այս վիճակից դուրս գալու՝ չեմ պատկերացնում, բայց համոզմունք ունեմ, որ շեմ կա, որից հետո ժողովուրդը հաշտ չի կարող լինել»։