«Հրապարակը» քիչ առաջ հղումով տեղադրել էր Մեդիամաքս լրատվական գործակալության մի հրապարակում` ֆրանսիական մամուլից վերցված: Քիչ առաջ սկզբնաղբյուր կայքը հեռացրել է նշված նյութը:
Ըստ ամենայնի, մեր գործընկերները ևս ֆեյքնյուզի զոհն են դարձել, իսկ մենք վստահելով նրանց պրոֆեսիոնալիզմին այն տեղադրել ենք մեզ մոտ: Համացանցում տեղ գտած ահռելի քանակով կեղծ տեղեկատվության մեջ դժվար է երբեմն կողմնորոշվել: Ընթերցողին կոչ ենք անում ներողամտորեն վերաբերվել նման վրիպումներին: Լրատվամիջոցներն այնպիսի հզոր գործիքներ չունեն, որ կարողանան հմտորեն պատրաստված կեղծիքը միանգամից հայտնաբերել:
«Մեդիամաքս մեդիա ընկերությունը ներողություն է խնդրում ընթերցողներից եւ հանրությունից:
Հունիսի 28-ի առավոտյան Mediamax.am կայքի «Հայաստան եւ աշխարհ» խորագրում հրապարակվել էր ֆրանսիական Courrier France 24 պարբերականի Orano envoie secrètement des déchets dangereux en Arménie et fait des dons mystérieux à une fondation liée au Premier ministre arménien հոդվածի հայերեն թարգմանությունը: Դրանում, մասնավորապես, ասվում էր, որ ֆրանսիական պետական միջուկային Orano ընկերությունը գաղտնի կերպով սկսել է օգտագործված միջուկային վառելիք տեղափոխել Հայաստան:
Հոդվածում ներկայացված տեղեկությունները մեկնաբանելու համար այսօր առավոտյան հարցումներ էինք ուղարկել Հայաստանի վարչապետի մամուլի ծառայություն, Շրջակա միջավայրի նախարարություն եւ «Իմ քայլը» հիմնադրամ:
Նախքան մեկնաբանություններ ստանալը պարզեցինք, որ ցավալի սխալ ենք թույլ տվել՝ Courrier France 24-ը շփոթելով France 24-ի հետ: Հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Courrier France 24-ը անհայտ ծագման լրատվամիջոց է: Հաշվի առնելով դա՝ հոդվածի հայերեն թարգմանությունը հեռացրել ենք կայքից:
Հայցում ենք հանրության եւ Մեդիամաքսի ընթերցողների ներողամտությունը եւ խոստանում ենք այսուհետ առավել ուշադիր աշխատել արտասահմանյան աղբյուրների հետ:
Հարգանքով,
Արա Թադեւոսյան, Մեդիամաքս մեդիա ընկերության տնօրեն»։
Բայց այդ մի քանի րոպեների ընթացքում իշխանական գրոհայիններն` իրենց ֆեյսբուքյան ստատուսչի ղեկավարի գլխավորությամբ արդեն գործի էին անցել` թիրախավորելով լրատվամիջոցներին:
Բաց մի թողեք
Էկոնոմիկայի նախարարությունը ջրամբարների կամ կաթիլային ոռոգման մասին տվյալներ չունի
Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է մատնվել
ՀՀ իշխանությունը 28 մլն դրամ է ծախսել առեւտրային կցորդ ունենալու համար, մինչ Իրանին համոզում է, որ «Թրամփի ուղին» դեպի աշխարհ միակ ելքն է