Հունիսի 27-ը, թերևս, խոստանում է «պատմական» լինել Մոսկվա-Բաքու փոխհարաբերություններում՝ ամենևին ոչ դրական լույսի ներքո:
Ադրբեջանը բացահայտ ու արկածախնդիր «մերձամարտի» է բռնվել ռազմավարական դաշնակից Կրեմլի հետ. չեղարկել են ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի այցը, այդ անմշակույթ երկրի չեղած Մշակնախը չեղյալ է հայտարարել Ռուսաստանի մշակութային բոլոր միջոցառումները, ԱԳՆ-ն «գորգի վրա» է կանչել և բողոք հայտնել ՌԴ դեսպանին, իսկ Մեջլիսի պատգամավորներից մեկն այնքան հեռուն է գնացել, որ Եկատերինբուրգում ԱԴԾ-ի գործողության հետևանքով ադրբեջանցիների սպանությունն ու ձերբակալությունները կապել է Մոսկվայի ոչ միայն հակաադրբեջանական քաղաքականության, այլև հայամետ դիրքորշման հետ: Ադրբեջանական մամուլը վերջին ժամերին ողողված է հակառուսական տրամադրություններով և հրապարակումներով: Կրքերն այնքան են բորբոքվել, որ մեղադրանքների սլաքը ուղղվել է ուղիղ Կրեմլ:
Ադրբեջանական իշխանական քարոզչակայքերից «Մինվալ»-ը նույնիսկ ծավալուն հոդված է նվիրել թեմային: «Այսօր Ռուսաստանում ծավալվում է ազգային ատելության նոր, թեև, ըստ էության, շատ հին արշավ։ Ոչ ռուս ժողովուրդների, մասնավորապես Կովկասի և Կենտրոնական Ասիայի ժողովուրդների նկատմամբ բռնության կիրառումը՝ թե՛ ֆիզիկական, թե՛ խորհրդանշական, ավելի ու ավելի ակնհայտ է դառնում։
Ադրբեջանցիները, ուզբեկները, ղրղզները և թուրքմենները հայտնվում են սպառնալիքի, խտրականության և կարծրատիպերի համակարգային արշավի կենտրոնում։ Այս ատելության, խտրականության և իսլամաֆոբիայի ալիքի հետևում կանգնած է ոչ այլ ոք, բացի՝ երկրի ղեկավարությունից և, առաջին հերթին, անձամբ Վլադիմիր Պուտինից։
Պուտինը, հենվելով ռուսական պետության կայսերական ռեֆլեքսների վրա, վերարտադրում է կառավարման ավանդական մեխանիզմները՝ բացառման, ճնշման և հարկադիր ասիմիլյացիայի միջոցով։
Այս մոտեցումը պատմականորեն բնորոշ է հետկայսերական հասարակություններին, որոնք չեն կարողացել կառուցել ներառական, քաղաքացիական ինքնություն։ Միայն հիմա է այս քաղաքականությունը ստացել հատկապես դաժան և ցինիկ ձևեր։
Եթե միջուկային զինանոց ունեցող և մեծ տերություն դառնալու ձգտումներ ունեցող պետությունը կիրառում է կործանարար բռնություն էթնիկ և մշակութային առումով մոտ ուկրաինական բնակչության նկատմամբ՝ ոչնչացնելով քաղաքներն ու քաղաքացիական ենթակառուցվածքները, ապա զարմանալի՞ է, թե ինչպես է այն վերաբերվում ոչ ռուսներին և մուսուլմաններին։
ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանում շովինիզմն ու իսլամաֆոբիան հասան իրենց գագաթնակետին։ Չեչնիայում էթնիկ զտումներ իրականացրած երկիրը այժմ ընդլայնում է այս քաղաքականությունը՝ տարածելով այն այլ ժողովուրդների վրա։ Այն, ինչ տեղի ունեցավ ծայրամասերում, այժմ իրականացվում է կենտրոնում՝ դաշնային հեռուստաալիքների ծափահարությունների ներքո։
Մենք բոլորս հիշում ենք, թե ինչպես էր սքինհեդների /սափրագլուխների – խմբ./ շարժումը գործում առանձնահատուկ ցինիզմով 1990-ականներին։ Նրանց դաժանությունը Կովկասից և Կենտրոնական Ասիայից եկած մարդկանց նկատմամբ, ենթադրաբար, ինքնաբուխ էր։ Բայց մենք հիմար չենք և շատ լավ գիտենք. նրանց ետևում կանգնած էին ռուսական հատուկ ծառայությունները։
Այսօր սքինհեդների ծառայությունների կարիք այլևս չկա. նրանց առաջադրանքները բացահայտորեն կատարում են ոստիկանությունը, հատուկ նշանակության ոստիկանությունը և ԱԴԾ-ն։
Ավելին, ավելի մեծ դաժանությամբ և լիակատար անպատժելիության զգացումով։ Տեղի ունեցողը ողբերգություն է ոչ միայն այն ժողովուրդների համար, որոնց դեմ այս արշավը սանձազերծվել է։
Դա ողբերգություն է ռուս ժողովրդի և հենց պետության համար, որը մի ժամանակ հավակնում էր մարդասիրական լինել։ Ռուս ուղղափառ եկեղեցին հատուկ դեր է խաղում այս չարագործ կառուցվածքում։ Ոչ թե որպես բարոյական կողմնացույց, այլ որպես ռեպրեսիվ մեքենայի գաղափարական համաձայնության կողմնակից։
Այն ոչ միայն լռում է բռնության մասին, այլև արդարացնում է այն՝ դրան տալով ենթադրաբար հոգևոր հիմք։ Եկատերինբուրգի իրադարձությունները, որտեղ ադրբեջանցիները դարձան իրական պատժիչ գործողության զոհ, պատահականություն չեն։ Սա ախտանիշ է։ Ախտանիշ, որ 90-ականներին ներդրված հին անջատողական ոստիկանության մեթոդները վերադարձել են, բայց հիմա՝ առանց դիմակների և սահմանափակումների։
«Էթնոհանցավորություն» նման նոր տերմինները փորձ են իրավաբանորեն արդարացնելու Կրեմլի հին երազանքը՝ ռուսներից բացի ցանկացած այլ ժողովրդի ներկայացնել որպես վտանգ՝ լռելյայն։ Եվ դա նշանակում է մաքրել, քամել, նվաստացնել։ Ռուսաստանը հող է նախապատրաստում լայնածավալ էթնիկ զտումների համար։ Եվ դա անում է բացահայտ։
Նույնիսկ Ստալինի օրոք խոշտանգումները տեղի էին ունենում ճամբարներում՝ գաղտնի։ Այսօր Ռուսաստանում մարդկանց հրապարակայնորեն խեղում են։ Կրոկուսի համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո ձերբակալվածները ներկայացվել են Բասմանի դատարան. մեկի աչքը հանել են, մյուսի ականջը կտրել և ստիպել ուտել այն, իսկ երրորդին ծեծել են ռազմական «տապիկ» հեռախոսով։
Բոլորն էլ կապտուկներ, վիրակապեր և խեղդամահության հետքեր ունեին։ Դրա համար անվտանգության ուժերը պարգևատրվել են «Արիության համար» մեդալներով։ Այն, ինչ հիմա տեղի է ունենում, իր դաժանությամբ արդեն գերազանցում է Ստալինի բռնաճնշումները։ Այս ամենը նույն քաղաքականության շարունակությունն է։ Ռուսաստանը կանգնած է և կանգնած է հունվարի 20-ի ողբերգության, Խոջալուի ցեղասպանության, ադրբեջանական հողերի երեսնամյա օկուպացիայի ետևում /Բաքվի հնարածին քարոզչաթեզերից է – խմբ./։
«Ոչինչ չի փոխվել։ Փոխվել է միայն դիմակը»,-ասվում է «Ռուսաստանն ընտրել է շովինիզմը. գլխավոր ռեժիսորը Պուտինն է» վերնագրով հոդվածում։ Բաքվի մերկապարանոց մեղադրանքներին Մոսկվայի արձագանքը հստակ է. ՌԴ ԱԳՆ-ից պարզաբանել են՝ կատարվածը զուտ քրեաիրավական գործընթաց է և գտնվում է Ռուսաստանի արդարադատության պատշաճ վերահսկողության ներքո:
Թե որքան կշարունակվի Ադրբեջանի կրքոտ մերկապարը, հայտնի չէ, բայց որ, ինչպես ասում են, «բանը հասել է դիվանբաշուն»՝ այն է՝ Պուտինին, արդեն իսկ հետաքրքրական է: Մնում է՝ սպասել Բաքվի հետագա սեթևեթանքներին…
Բաց մի թողեք
Ադրբեջանն ինչ նոր պլաններ ունի, ուր Մոսկվան էլ իբր ուզում է ճնշել
Մոսկվան զղջում է, թե՝ չի հավատում Բաքվի արցունքներին
Պուտինի պասով նվեր Ալիևին հենց Բաքվում