«Մեր դաշնակից Ռուսաստանը շարունակում է ադրբեջանցիների ցեղասպանությունը: Որպես 1918, 1947-53, 1988, 1992 թվականներին իրականցված փորձերի շարունակություն՝ Եկատերինբուրգում Սաֆարովների ընտանիքի հինգ անդամ է սպանվել, ինը հոգի ձերբակալվել է»,- Facebook-ի անձնական էջում գրել է Միլլի մեջլիսի նախկին պատգամավոր Գյուլթեքին Հաջիբեյլին: Ավելի վաղ Բաքվի լրատվամիջոցները հայտնել են Սաֆարով եղբայրների՝ Զիադինի և Հուսեյնի «դաժան ծեծի հետևանքով մահվան» մասին և հավելել, որ ևս երեք Սաֆարով «ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց»:
Այդ կապակցությամբ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նախ հանդես է եկել հայտարարությամբ, ապա տեղեկություն տարածել, որ հունիսի 28-ին Բաքվում Ռուսաստանի Դաշնության գործերի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Վոլոկովիխը հրավիրվել է արտաքին քաղաքական գերատեսչություն, որտեղ նրան փոխանցվել է «վճռական բողոք՝ կապված Եկատերինբուրգում Ռուսաստանի իրավապահների կողմից իրականացված բնակարանային ներխուժումների հետ»: Ադրբեջանի ԱԳՆ-ն «պահանջել է ամենամանրակրկիտ ձևով հետաքննել կատարվածը և մեղավորներին օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության ենթարկել»:
Այս տեղեկատվությունը հրապարակվելուց ժամեր անց ՌԴ Քննչական կոմիտեն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որտեղ Սաֆարովների սպանության մասին ոչ մի խոսք չկա: ՌԴ ՔԿ-ն հայտնում է, որ Սվերդլովսկի մարզային վարչությունը քննվող գործի շրջանակներում բացահայտել է «էթնիկ հանցախումբ», որի անդամները կասկածվում են 2001, 2010 2011 թվականներին իրականացրած մի շարք սպանությունների և մահափորձերի մասնակցության մեջ:
Ըստ ՌԴ ՔԿ-ի հայտարարության՝ «գործով կան բերման ենթարկված անձինք, որ համագործակցում են նախաքննության հետ եւ տալիս են խոստովանական ցուցմունքներ»: Ահա և՝ Մոսկվայի պատասխանը Բաքվին. խուզարկություններ են կատարվել նախկինում ծանր հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձինք, քանի որ բացահայտվել է էթնիկ հանցախումբ, ձերբակալվածները տալիս են խոստովանական ցուցմունքներ:
Բացառված չէ, որ Զիադին և Հուսեյն Սաֆարովները, ինչպես և հիվանդանոց տեղափոխված մյուս երեքը խուզարկություն իրականացնելու նպատակով իրենց բնակարան մուտք գործող ԱԴԾ-ական զինված դիմադրություն են ցույց տվել: Հնարավոր է՝ ռուսաստանյան հատուկջոկատայիններն իրոք «սպանդ են կազմակերպել»: Էական է, որ Ռուսաստանի Քննչական կոմիտեն Եկատերինբուրգում վնասազերծված և բերման ենթարկված ադրբեջանցիներին անվանում է «էթնիկ հանցախմբի անդամներ»:
Անցյալ տարեվերջին Բաքու-Գրոզնի չվերթի օդանավակի խորտակումից ի վեր ռուս-ադրբեջանական հարաբերությունները նկատելիորեն սառն են: Եկատերինբուրգում էթնիկ հանցախմբի բացահայտման շուրջ պաշտոնական Բաքվի արձագանքը վկայում է, որ գործի քննությունը Ադրբեջանի իշխանություններին կարող է «տհաճություններ պատճառել»: Անհավանական չէ, որ եկատերինբուրգյան «սպանդը» հենց այդ նպատակն է հետապնդում՝ զգուշացնել Բաքվին, որ «ուղեգծից շեղումը պատժվում է տեղում»:
Հունիսի 27-ին Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը Եկատերինբուրգ քաղաքում իրականացրել են Սաֆարովների ընտանիքի բնակության վայրերի ստուգման հատուկ գործողություն:
Ըստ տեղեկությունների, Սաֆարովները ծագումով Ադրբեջանի Աղդամի շրջանից են, Եկատերինբուրգում զբաղվում էին ձեռնարկատիրությամբ, նրանց է պատկանում «Կասպի» ռեստորանային համալիրը:
Բաքվի մամուլի տեղեկացվածությամբ՝ ԱԴԾ հատուկ նշանակության ջոկատը Սաֆարովների տուն է «ներխուժել առանց որևէ զգուշացման՝ առավոտյան ժամը 5-ին և միանգամից անցել բռնի գործողությունների», ինչի հետևանքով եղբայրներ Զիհադին և Հուսեյն Սաֆարովը «ստացած վնասվածքներից տեղում մահացել են, իսկ Ակիֆ, Այզա և Մազահիր Սաֆարովները ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց»:
Սաֆարովների ընտանիքի բերման է ենթարկվել ինը անձ, իսկ առհասարակ իրավապահների կողմից ձերբակալված ադրբեջանցիների թիվն անցնում է հիսունից:
Այլ աղբյուրներ հայտնում են, որ ՌԴ ԱԴԾ հատուկ ջոկոտայինների «կողմից դաժան ծեծի հետևանքով մահացած Հուսեյն Սաֆարովը հանդիսանում է Ադրբեջանի քաղաքացի, Եկատերինբուրգ է մեկնել երկու տարի առաջ, որպեսզի ձեռնարկատիրական գործերում օգնի եղբորը»: Վերջինս Եկատերինբուրգում հաստատվել է ղարաբաղյան առաջին պատերազմից հետո:
Ռուսաստանյան թելեգրամ-ալիքները հաղորդում են, որ ԱԴԾ-ն Սաֆարովների ընտանիքի բնակության վայրերում «հատուկ գործողություն է իրականացրել ՌԴ Քննչական կոմիտեի տեղական բաժանմունքի պահանջով»: Ըստ այդմ, ՌԴ ՔԿ-ն վերաբացել է 2001 թվականին Եկատերինբուրգում կատարված սպանության գործի քննությունը: Սպանվածն, ըստ տեղեկությունների, ծնունդով Աղդամի շրջանից էր՝ Յունիս անունով:
Ամենայն հավանականությամբ, սպանությունը կատարվել է վրիժառության կամ սեփականության իրավունքի շուրջ վեճի հողի վրա: Եվ գրեթե քառորդ դար անց այդ գործով քննության վերաբացումը թույլ է տալիս ենթադրել, որ այն հեռու գնացող հետք ունի: Ճի՞շտ է, արդյոք, ադրբեջանական կողմի տարածած վարկածը, որ Սաֆարով եղբայրներն «սպանվել են դաժան ծեծի հետևանքով», թե՞ նրանց ԱԴԾ հատուկ ջոկատայիններին զինված դիմադրություն են ցույց տվել՝ ռուսաստանյան աղբյուրներն առայժմ տեղեկություն չեն տարածել:
Հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, որով «կատարվածի առթիվ խոր մտահոգություն» է հայտնվում: Ադրբեջանի ԱԳՆ-ն «սպասում է, որ ռուսաստանյան կողմն անհետաձգելիորեն կանցկացնի համակողմանի հետաքննություն և այդ անընդունելի բռնության բոլոր մեղավորներին պատասխանատվության կենթարկի»:
Խիստ ուշագրավ է, որ այս տարվա մարտի 26-ին Ադրբեջանի հատուկ ծառայությունները Եկատերինբուրգում առևանգել և Բաքու են տեղափոխել էթնիկ թալիշ Զիրադին Իբրահիմովին, որին ներկայացվել է պետական դավաճանության մեղադրանք՝ սոցիալական մեդիայում թալիշների պատմության, լեզվի, մշակույթի և ազգային սովորույթների մասին տարածած տեղեկությունների համար: Նման գործողություն, բնականաբար, առանց ռուսական կողմի ներգրավվածության և աջակցության հնարավոր չէր լինի իրականացնել:
Ամիսներ անց ի՞նչ է փոխվել ՌԴ և Ադրբեջանի հատուկ ծառայությունների հարաբերություններում, որ ԱԴԾ-ն նույն Եկատերինբուրգում «ադրբեջանցիների սպանդ է իրականացրել»: Ընդ որում, Բաքվի մամուլն իրավիճակը ներկայացնում է այնպես, որ այդ քաղաքում բնակվող ցանկացած ադրբեջանցի, անկախ քաղաքացիությունից, «գտնվում է խիստ վերահսկողության տակ, մարդիկ տագնապած են»:
Բաց մի թողեք
Ադրբեջանն ինչ նոր պլաններ ունի, ուր Մոսկվան էլ իբր ուզում է ճնշել
Մոսկվան զղջում է, թե՝ չի հավատում Բաքվի արցունքներին
Պուտինի պասով նվեր Ալիևին հենց Բաքվում