Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամերը վերջին շրջանում աննախադեպ բուռն են ընթանում՝ գրեթե ամեն անգամ վերածվելով աղմկահարույց միջադեպի կամ, ինչպես նման դիպվածների պարագայում ընդունված է ասել, սկանդալի:
Էլ չասած՝ երբեմն-երբեմն տեղի ունեցող այն դրվագների մասին, երբ սկանդալային «կայծից» կարող է «բոց» բռնկվել, եւ ժողովրդի ընտրյալները որոշեն ազատություն տալ իրենց բռունցքներին: Վեճ ու կռիվ հրահրող կողմը սովորաբար իշխող քաղաքական ուժի՝ «Քաղպայմանագիր» խմբակցության պատգամավորներն են, որոնք ե՛ւ թվով կրկնակի մեծ են ընդդիմադիրներից, ե՛ւ շատ ավելի արտոնյալ, քանի որ «դաս են տալիս» իշխանության քննադատներին:
Այս տարեսկզբից, փառք Աստծո, կարծես թե դեռ բանը բռունցքներին չի հասել, բայց ամեն չորեքշաբթի՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի օրը, սկանդալներն անպակաս են: Հատկապես՝ այն օրերին, երբ հարցուպատասխանին ներկա է վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, իսկ նա, հակառակի պես, բացակա երբեք չի լինում:
Երկրի առաջին դեմքերը նախկինում հազվադեպ էին երեւում ԱԺ-ում, պատգամավորների հարցերին պատասխանելու հանձնառությունը գլխավորապես ՀՀ կառավարության անդամների, ոլորտային ղեկավարների կամ մասնագետների գործառույթների շրջանակում էր, եւս մեկ ներկայացուցիչ էլ, ըստ անհրաժեշտության, հրավիրվում էր Նախագահի նստավայրից:
Այժմ կարգը փոխվել է: Նիկոլ Փաշինյանը, ըստ երեւույթին, իր կյանքը չի պատկերացնում առանց ԱԺ ամբիոնի, որտեղից վերջին 7 տարվա ընթացքում ստերի, մանիպուլյացիաների ու հայհոյանքների այնքան «հեղեղ» է հորդացել, որքան նախորդ 30 տարիներին միասին վերցրած չէր եղել:
Խորհրդարանական հարցուպատասխանի հարթակը Փաշինյանի օրոք երբեք իր կոչմանը չի ծառայել: Այդտեղ ընդդիմության կողմից հարցերը, որպես կանոն, հնչում են իբրեւ մարտահրավեր, իսկ Նիկոլի պատասխաններն՝ իբրեւ սպառնալիք:
Մայիսի 7-ի չորեքշաբթյա հարցուպատասխանը, որին ուշի ուշով հետեւում էինք, ասվածի ցայտուն վկայությունն է:
Հիշյալ անձի վարքաբանական եւ դիմախաղային փոխակերպումները հոգեվերլուծական լուրջ հետազոտության կարիք ունեն: Սկզբում նա հանգիստ էր: Համենայն դեպս՝ խոսում էր թեմաներից, որոնք ինչ-որ առումով նույնիսկ բնական էին:
Օրինակ՝ ԱԺ արտահերթ ընտրությունների բացառումը. դա մի կողմից անուղղակի պատասխան էր իմփիչմենթի թեմայով զբաղվող ընդդիմությանը, ինչն այդ օրերին ներքաղաքական կյանքի առանցքային խնդիրներից էր, մյուս կողմից էլ թիմակիցներին հասցեագրված ազդանշան էր առ այն, որ իշխանության կորստի հարցով առանձնապես անհանգստանալու կարիք չկա. իբր՝ մեկ տարվա նախընտրական ժամանակաշրջանը լիովին բավական է բոլոր խութերը հարթելու համար:
Հետո Փաշինյանն աստիճանաբար սկսեց չարանալ, բորբոքվել, մասնավորապես՝ դարձյալ մեջտեղ բերեց չարչրկված թեմաներից մեկը, որին պարբերաբար անդրադառնում է՝ դա երեք նախկին նախագահներին բանավեճի հրավիրելու մասին սեւեռուն գաղափարն է:
Ինքը լավ գիտի, որ նախագահներից եւ ոչ մեկն իրեն լուրջ չի ընդունում եւ քանիցս հասկանալ են տվել, որ «ազգակործան պատուհասի» հետ բանավիճելու ոչինչ չունեն:
Մանավանդ՝ Արցախի կործանումից հետո: Եթե հանձնել ես, չկա այլեւս բանավեճի առարկան, ինչի՞ շուրջ են բանավիճելու: Եվ ակնհայտ է, որ այդ թեման միայն պատրվակ է՝ ցույց տալու համար, թե տեսեք ինչ համարձակն է, կա՞ մեկը, որ սիրտ կանի իր հետ բանավեճի հրապարակ մտնել:
Բայց հիմնական սկանդալը ծավալվեց այն բանից հետո, երբ ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը կոռուպցիայի թեմայով թիրախային հարց ուղղեց Փաշինյանին: Այստեղ արդեն ջղերը տեղի տվեցին, կորցրեց հավասարակշռությունը եւ, ընդդիմության հասցեին սպառնալիքների իր ողջ պաշարը պարպելով, լքեց ամբիոնը:
Հա, վերջում էլ «դատավճիռ» կայացրեց, որ ընդդիմության տեղը ԱԱԾ-ի նկուղն է, որ ԱԺ-ում նրանք անելիք չունեն եւ այլն: Զարմանալի ոչինչ չկա, որ հենց կոռուպցիային առնչվող հարցը հունից հանեց նրան:
Այս մարդն իշխանության էր եկել կոռուպցիան եւ թալանը արմատախիլ անելու հստակ հավաստիքով, բայց արի ու տես՝ ոչ միայն դրժել է խոստումը, այլեւ ինքն ու իր թիմն են մինչեւ ականջները խրվել կոռուպցիայի տիղմում:
Բաց մի թողեք
Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրի» ստորագրումը չի ենթադրում Հարավային Կովկասից Ռուսաստանի արտամղում
Եվրամիության պատկերացումները Հայաստանի վերաբերյալ՝ փշերը Երևանի համար լուրջ խնդիր են
Իրական լարվածությու՞ն է, թե՝ «մեծ խաղի նախերգա՞նք», ինչ պետք է անի Հայաստանը