Տպավորություն է, որ ոմանք կամ Հայաստանի պատմությունը վատ գիտեն, կամ միտումնավոր անտեսում է փաստը, որ մեր անկախությունն առաջինը ճանաչել է Օսմանյան Թուրքիան:
Իհարկե, այն ժամանակ էլ գտնվել են ուտոպիստներ, անգամ ծաղրել են, որ տասը հազար քառակուսի վերստ տարածքը «բոլոր հայերի գերեզման կդառնա, բայց հայրենիք՝ ոչ»,- բայց քաղաքականությունը լիրիկա չէ, եթե, մանավանդ, խոստովանենք, որ Հայոց ազգային խորհուրդը ոչ լիարժեք անկախություն հռչակել է … թուրքական կողմի ուլտիմատումով:
Կարելի է ընդունել, որ իբրև գիտաճյուղ՝ պատմությունը «կատարվածի հանդեպ վերաբերմունք է»,- բայց դրանից փաստի կարևորությունը չի նվազում: Ընդհակառակը, որպեսզի վերաբերմունք ունենաս, նախ պետք է ճանաչես «կատարվածը»:
Մոտ երկու տարի հետո Հայաստանի անկախ հանրապետության իրավազորությունը տարածվում էր 60 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա, կառավարությունը բավական արդյունավետորեն զսպում էր Արցախի և Սյունիքի նկատմամբ Ադրբեջանի հավակնությունները, և թե ի՞նչ սահմաններով խաղաղության և համագործակցության պայմանագիր կստորագրեին Բաքուն և Երևանը՝ ոչ ոք այսօր չի կարող ասել:
Բայց ստույգ է, որ 1920 թվականի ապրիլի 28-ին բոլշևիկյան զորքերը մտել են Բաքու, հռչակել խորհրդային իշխանություն, որ մայիսի 2-ին Հայաստանին պատերազմ է հայտարարել: Օգոստոսի 10-ին բոլշևիկյան Ռուսաստանի և անկախ Հայաստանի միջև ստորագրվել է զինադադարի համաձայնագիր, որով Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը ճանաչվել են ռուսական զորքերի կողմից ժամանակավորապես օկուպացված:
Ընդսմին, տվյալ տարածքների իրավական կարգավիճակը պետք է որոշվեր Ռուսաստան-Հայաստան խաղաղության պայմանագրով: Տասը օր հետո Բաքվում գումարվել է Արևելքի ժողովուրդների համագումարը, որի պատվավոր հյուր են եղել հայ ժողովրդի դահիճ Էնվերը, թուրք այլ բարձրաստիճան զինվորականներ, դիվանագետներ, քաղաքական գործիչներ:
Այդ համագումարի ընդունած բանաձևը Հայաստանի անկախ հանրապետությունը որակել է «միջազգային իմպերիալիզմի գործակալ»: Բաքվի համագումարի աշխարհաքաղաքական ծրագրավորումը մեկն էր՝ «միջազգային իմպերիալիզմի դեմ ազգային-ազատագրական պատերազմ վարող քեմալական Թուրքիան պետք է աշխարհագրորեն կապվի խորհրդային Ադրբեջանի հետ»:
Մեկ ամիս հետո՝ 1920 թվականի սեպտեմբերի 26-ին քեմալական Թուրքիան Հայաստանի անկախ հանրապետության դեմ պատերազմ է սկսում, որին Սյունիքի ուղղությամբ ներգրավվում են բոլշևիկան Ռուսաստանի զորքերը:
Այդ պատերազմի հետևանքները հայտնի են՝ անկախ Հանրապետության անկում, նրա տարածքի մեծ մասի թուրքական օկուպացիա, ի վերջո՝ 1921 թվականի մարտի 16-ի ռուս-թուրքական «Բարեկամության և եղբայրության մասին» պայմանագիր, որով գծվել են այսօրվա Հայաստանի սահմանները:
Հայաստանի դեմ քեմալական «հակաիմպերիալիստական» հարձակումից ուղիղ մեկ դար հետո՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմ է սանձազերծել՝ թիրախավորելով նաև Ռուսաստանի ռազմա-քաղաքական դաշնակից, ՀԱՊԿ անդամ ՀՀ ինքնիշխան տարածքները՝ Կապանից մինչև Վարդենիս:
Հետևանքները հայտնի են, և ոչ ոք չի առարկում, որ ադրբեջանական «հաղթանակի» տերը Թուրքիան է: Կարելի է «ոռնալ» կամ «բարձով բերան փակել», բայց իրականությունը մեկն է, Ռուսաստանը Թուրքիայի դեմ ոչինչ չի ձեռնարկել, չի ձեռնարկելու նաև վաղը: Ոչ ոք, առհասարակ, հանուն Հայաստանի Թուրքիային պատերազմ չի հայտարարելու:
Այս իրավիճակում ի՞նչ է մնում Հայաստանին, եթե ոչ՝ ձգտել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, ինչին, ի դեպ, ոչ միայն Ռուսաստանն է դեմ, այլև մեր բոլոր հարևանները, առաջին հերթին՝ Ադրբեջանը: Քաղաքականությունը սառը հաշվարկ է:
Աշխարհաքաղաքական համատարած տուրբուլենտության պայմաններում ո՞վ կարող է Ադրբեջանին «կառուցողականության» բերել: Ռուսաստանը կամ չի ցանկանում, կամ չի կարող, Վրաստանը ներուժ չունի, Իրանը՝ նույնպես: Մնում է Թուրքիան:
Վա՞տ է: Իհարկե, բայց այլընտրանքը ո՞րն է: Հայաստանի մասին ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությու՞նը: Բայց նախ՝ Թուրքիան և Ադրբեջանը դա չեն ընդունում, երկրորդ՝ իսկ ո՞րն է երաշխիքը, որ այդ դեպքում Հայաստանն ավելին է ձեռք բերելու, քան կարող է Թուրքիայի հետ ինքնուրույն պայմանավորվածությամբ հաստատել:
Ի վերջո, ինչքա՞ն կարելի է «միշտ նույն ցնորքին գերի մնալ»: Այսօր ով չի ծուլանում՝ Վանո Սիրադեղյան է ցիտում, բայց, երևում է, քչերն են հիշում նրա շատ պրագմատիկ և «դաժանորեն» արդարացի ձևակերպումը. «Ազգային-ազատագրական պայքարն ավարտվում է անկախ պետության ստեղծմամբ»:
Բաց մի թողեք
Ինչո՞ւ չի հաջողվում այս շփումների պայմաններում հաղթահարել Հունգարյայի արգելքը ԵՄ-ում
Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրի» ստորագրումը չի ենթադրում Հարավային Կովկասից Ռուսաստանի արտամղում
Եվրամիության պատկերացումները Հայաստանի վերաբերյալ՝ փշերը Երևանի համար լուրջ խնդիր են