02/07/2025

Ժողովրդի իրավունքն էլ պետությունը հանձնող իշխանությանը նաեւ ապստամբությամբ ու հեղափոխությամբ հեռացնել

Այսօր 33-ամյա այս երկիրն ու իր պետականությունն իրենց ամենակարեւոր դասերն են սերտում: Դասեր, որոնք երկրի ներսում ընթացող գործընթացները կառավարելուն եւ նրան դրսից սպառնացող մարտահրավերները չեզոքացնելուն են վերաբերում:

Ու այս համատեքստում շատ կարեւոր է, որ մենք, որպես ազգ ու հասարակություն, այդ դասերը ճիշտ սերտած լինենք, որովհետեւ այս պետությունն ավելի թանկ արժե, քան Նիկոլի՝ իշխանությանը կառչած լինելու մոլուցքն է, քան առանց ծրագրերի, բայց ամեն գնով իշխանափոխություն անելու ընդդիմության մղումը:

Մենք, ի վերջո, պետք է հասկանանք, որ սա այլեւս Մերձավոր Արեւելք է: Իսկ Մերձավոր Արեւելքում լուրջ քաղաքականությունն ինտրիգներից ու կիսաճշմարտություններից, անծրագիր ու անիմաստ հեղափոխություններից ու ապստամբություններից այն կողմ է վարվում: Այստեղ՝ Մերձավոր Արեւելքում, կարգերն այլ են:

Այստեղ իշխանությունը պահելու կամ իշխանություն խլելու համար ազգի ու հասարակության բաժանումն ու թշնամացումը թույլ տվող պետություններին չեն ներում: Այստեղ միայն սեփական սահմանները պահող ու ազդեցության գոտիներ մեծացնող երկրներին են հավատում:

Այս իմաստով, մենք իրոք հետաքրքիր ազգ ենք, որովհետեւ իրար նման անարդյունավետ իշխանություն ու ընդդիմություն ունենք: Անարդյունավետ իշխանություն, որը մինչեւ հիմա չի հասկանում, որ Թուրանը մեզ հետ ու մեզ համար չեն կառուցում, որ Թուրանը մեր դեմ ու մեր հաշվին են ուզում կառուցել, որ Թուրան կառուցողներին ոչ թե ճանապարհ, այլ Թուրան է պետք։

Ոչ թե խաղաղության խաչմերուկ է պետք, այլ՝ Հայաստանի չլինելը: Նույնը՝ նաեւ ընդդիմության վերաբերյալ: Աշխարհի ոչ մի երկրում չես հանդիպի ընդդիմության, որն իշխանությունը չի վերցնում այն ժամանակ, երբ իշխանությունը փողոցում է ընկած (խոսքը Սրբազան շարժման եւ անցած տարվա մայիսի 9-ի մասին է), բայց երբ չկա իշխանափոխություն անելու ոչ մի նախադրյալ, ինքն իր անփույթ գործելակերպով թույլ է տալիս, որ իրեն ներքաշեն մի շոուի մեջ, որն իր շոուն չէ:

Տեսեք, վերջին օրերին հայկական քաղաքական օրակարգն իշխանությունները հագեցրին հակաեկեղեցական արշավով, Սամվել Կարապետյանի ձերբակալության օրակարգով, իսկ հետո հեղաշրջման փորձ կանխելու բեմադրություն բեմադրեցին:

Սակայն, անկախ փաթեթավորումից, իրականությունը ո՛չ եկեղեցու անաղարտությունը պահելու, ո՛չ իշխանության զավթման, ո՛չ էլ էլեկտրացանցերն ազգայնացնելու մասին չէ: Իրականությունը Հայաստանը Ռուսաստանի ազդեցության գոտուց թուրքական ազդեցության գոտու վերածելուն է վերաբերում:

Եվ երբ հարցերին այս դիտանկյունից ենք նայում, իրոք, զարմանում ենք: Զարմանում ենք, թե ինչպես է հնարավոր, որ արդեն յոթ տարի իշխանություն ձեւավորող մեծամասնությունում չեն հասկանում, որ եթե երեկ Ռուսաստանը Հայաստանի համար չուզեց իր հարաբերությունները բարդացնել Թուրքիայի հետ, ապա, առավել եւս, այսօրվա Թուրքիան ինչո՞ւ պիտի ուզենա Հայաստանի համար հարաբերությունները վատացնել Ռուսաստանի հետ: Այս իմաստով, կարծես թե մենք նորից մեր կարեւորությունը ճիշտ չենք հասկանում, մեր սպասելիքներում նորից չափազանցություններին ենք տրվում:

Բայց անգամ այսքանից հետո ուզում ենք հավատալ, որ ամեն ինչ չէ, որ կորած է: Ճիշտ հակառակը՝ մեզ թվում է, որ ավելի շատ բան դեռ կորած չէ: Կորած չէ, որովհետեւ, ի տարբերություն շատերի, մենք հավատում ենք, որ այս 30 եւ ավելի տարիներին մեր պետական համակարգն այնքան է կայացել, որ երկրի ներսում ու դրսում ընթացող գործընթացների համար, այնուամենայնիվ, կարմիր գծերը հստակ սահմանել է:

Ու այդ կարմիր գծերը․ «Եթե պետության խնդիրը երկիրն ապստամբություններից ու հեղափոխություններից հեռու պահելն է, ապա ժողովրդի իրավունքն էլ պետությունը հանձնող իշխանությանը նաեւ ապստամբությամբ ու հեղափոխությամբ հեռացնելուն է վերաբերում:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ