02/07/2025

Հայաստանում միմյանց դեմ «պայքարում» են Ռուսաստանն ու Թուրքիան

Այն, որ հայության մեջ ռուսամետ ու ռուսամոլ տարրը հսկայական թիվ է կազմում, հայտնի է վաղուց։ Բայց այն, որ մեզանում թուրքամետ ու թուրքամոլ տարրը պակաս մեծ չէ, անկեղծ ասած, մի քիչ անսպասելի էր։

Սակայն մեր նորագույն պատմության մեջ դա մեր ազգի ճակատին դաջված միակ խարանը չէ։ Կա եւս մի մեծ խարան՝ ռուսամետ ու թուրքամետ շրջանակների «պայքար» միմյանց դեմ՝ իբրեւ թե Հայաստանի ու հայության արտաքին հիմնական թշնամուն չեզոքացնելու գործողություն։

Ռուսամետները կուրորեն հավատում են, որ հիմնական թշնամին Թուրքիան է, իսկ թուրքամետները էլ ավելի կուրորեն հավատում են, որ դա Ռուսաստանն է։ Այդ համոզմունքների վրա էլ կառուցվում են նրանց գործողություններն ու դիրքորոշումները:

Ռուսամետները համարում են, որ Ցարն, ի վերջո, տեր է կանգնելու մեր ազգին ու նրա օգնությամբ կարողանալու ենք երկիրն ազատել թուրքական կապանքներից, իսկ թուրքամետներն, իրենց հերթին, վստահ են, որ Սուլթանն, ուր-որ է, օգնության կգա մեզ՝ Հայաստանն ազատագրելու ռուսական շահագործումից։

Իրականում Ցարի ու Սուլթանի միջեւ Հայաստանի հարցում ներկայումս ոչ մի խնդիր չկա։ Ամեն առիթի դեպքում կամ, նույնիսկ, անառիթ դուք կտեսնեք, որ ՌԴ-ն պաշտոնական մակարդակում սուր է արձագանքում Հայաստանի եվրոպական ինտեգրման փորձերին, տարածագոտում ԵՄ դիտորդների ներկայությանը եւ այլն։

Հարցն այստեղ այն չէ, որ ՀՀ-ն Եվրոպայի հետ իրականում խորն ինտեգրացիոն ոչ մի գործընթացի մեջ չէ: Հարցն այն է, որ Կրեմլը պաշտոնական մակարդակում չունի հակասություն պաշտոնական Երեւանի՝ դեպի Անկարա վերաֆորմատավորման գործընթացի առնչությամբ, բայց ունի հստակ դիրքորոշում, որ ՀՀ-ն չի կարող ԵՄ-ի հետ խորը ռազմավարական գործընկերություն ձեռք բերել։

Թուրքիայի հետ ինտեգրման դեպքում Կրեմլը հակասություն ու հակազդեցություն չունի, քանի որ Հայաստանի հարցում նախ կայացվել է համաձայնություն Մոսկվայի եւ Անկարայի միջեւ, հետո է դա սկսել կյանքի կոչվել «գետնի վրա»։

Այն, ինչ կատարվում էր վերջին տարիներին, ամիսներին ու, հատկապես, օրերին՝ այդ ամենը ռուս-թուրքական համաձայնությունների դաշտում է։

Եղել են անշուշտ ամիսներ, երբ նախատեսված ժամկետները խախտվել են, եւ Հայաստանի վերաֆորմատավորման գործընթացն այս կամ այն պատճառով հետ է ընկել ժամանակացույցից։ Սակայն, ընդհանուր առմամբ, տեղի է ունեցել մի գործընթաց, որը մշակվել ու գործի է դրվել երկու կայսրությունների կողմից։

Դա միայն նիկոլական տգետ պաշտոնյաներին ու զանգվածին կարող է թվալ, թե իրենք հանուն ՀՀ ինքնիշխանության մեծ ու կարեւոր քայլ են կատարում՝ Անկարայի հետ ուղիղ հարաբերություններ հաստատելով եւ չտեսնված-չլսված զիջումների գնալով։

Նմանապես Ռուսաստանից սնվող ու Ռուսաստանով ապրող քաղաքական եւ օլիգարխիկ տգետ շրջանակներին կարող է թվալ, թե Կրեմլը կառչած է Հայաստանից, չի ուզում հանձնել Անկարային ու ատամներով պատրաստ է պահել այն։

Հենց վերը գրվածի համատեքստում պետք է դիտարկել իմ խոսքն առ այն, որ այսօր մի այլ մեծ խարան է մեր ազգի ճակատին դաջվում, երբ նայում ես միմյանց դեմ ռուսամետ ու թուրքամետ թեւերի «պայքարին»՝ իբր Հայաստանի ու հայության արտաքին հիմնական թշնամուն չեզոքացնելու հարցում։

Ցարի ու Սուլթանի համաձայնություններից զատ՝ հետնաբեմերում նրանց կողմից խաղարկվում է զուգահեռ մի զավեշտախաղ, որը խնդիր ունի թաքցնելու երկու կայսրությունների միջեւ կայացված պայմանավորվածությունը՝ իրավիճակը ներկայացնելով որպես ներհայկական գզվռտոց պետության ու եկեղեցու, իշխանության ու օլիգարխիայի կամ ռուսական կապիտալի միջեւ եւ այլն։

Մենք այնքան ետ ենք գնացել, որ անգամ ի վիճակի չենք ճիշտ գնահատել տեղի ունեցող գործընթացները, էլ ուր մնաց խոսել դրանց դեմն առնելու մասին։ Քանի դեռ Հայաստանում միմյանց դեմ պայքարում են ռուսամետներն ու թուրքամետները, եւ քանի դեռ ՀՀ-ում միմյանց դեմ «պայքարում» են Ռուսաստանն ու Թուրքիան, մենք չենք կարող ունենալ իրական ազգային օրակարգ։ Այնպես որ, դատարկ տեղն իրար դեմ սրեր մի ճոճեք, պարոնայք ռուսամետներ եւ թուրքամետներ:

Սարո Սարոյան