02/07/2025

Մայր հայրենիքում ենք, բայց Արցախը մեր հետեւից կանչում է

Մեր արմատները մնացին Արցախում, իսկ մենք փախստական ենք։ Հունիսի 20-ին նշվեց Փախստականների միջազգային օրը՝ դա նաեւ հայրենազուրկ արցախցիներիս օրն էր։

Պատերազմից փրկվածներ ենք, մահվան սարսափից փրկվածներ, հրդեհից փրկվածներ, սովահարությունից, ցրտից, մթությունից փրկվածներ, ցեղասպան թշնամու սպանդից ու վայրագություններից փրկվածներ…

Բռնի տեղահանված փախստական արցախցիներին հեռվից կարելի է ճանաչել. նրանք կոտրված են, ջարդված, փշրված, բայց փախստականի ցուպը չէր մեր ձեռքին: Փորձում էինք կյանքներս փրկել։ Մեր հետեւում մահ էր, առջեւում՝ թշնամու որջը, որտեղով պիտի անցնեինք։ Ու անցանք, երբ մահվան ուրվականն էր մեզ հետեւում չռված աչքերով, արյան ծարավ:

Ես, դու, նա… Մենք ինչո՞ւ ենք փախստական, ինչո՞ւ ենք բռնի տեղահանված, ինչո՞ւ այնքան զոհեր տվեցինք, ինչո՞ւ Արցախը մեկուսացրին աշխարհից՝ զրկված կապի միջոցներից, համացանցի հասանելիությունից:

Իննամսյա սովահարությունից հետո շրջափակված արցախցիներիս գլխին կրակ թափեցին՝ չխնայելով մեծ ու փոքր, երբ Աստված էինք կանչում՝ փրկվելու վերջին հույսով։

Հետո՝ Մայր հայրենիքում տեսանք լավ ու վատ օրեր. օժանդակություն արցախցիներիս՝ նյութական, թե հոգեւոր առումով, որը չէր կարող մեր կոտրված սրտերի վերքերին սպեղանի դառնալ, երբ մեր Հայրենիքը մնաց հեռվում ու մշուշների մեջ.

Հետո՝ ամիսներով գիշերային, թե ցերեկային հերթերում՝ փախստականի վկայական ստանալու համար.

Հետո՝ արհեստական դժվարություններ Արցախից բռնատեղահանվածներիս համար, որ մի կերպ հաղթահարում ենք.

Հետո՝ բնակարանային վարձեր, որից ցնցված ենք՝ էլ ի՞նչ փախստական, եթե կարող ես այդքան թանկ գներով բնակարաններում ապրել.

Հետո՝ աշխատանք չունեցող արցախցիներ, անգործության մատնված բուհի դիպլոմներ եւ, ցավոք… արցախցիների հանդեպ տարբերակված մոտեցում՝ ազգի երկու հատվածներին միմյանց հակադրելու, փոխադարձ ատելություն գեներացնելու միտումներ…

Մայր հայրենիքում ենք, բայց Արցախը մեր հետեւից կանչում է։ Խաղով ընկած երեխաների մոր նման: Փախստականը ո՞րն է, երբ մեր վերադարձի ցանկության կողքին Արցախը գերության մեջ է:

Նատաշա Պողոսյան