02/07/2025

Ռուս-ադրբեջանական, թե իրան-ադրբեջանական փոխհարաբերության լարված նյարդը բոլորովին առիթ չէ ձևավորել Հայաստանում սպասումներ

Բաքվի ԱԳՆ է կանչվել Ադրբեջանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Վոլոկովիխը։ Նրան պաշտոնական բողոք է ներկայացվել Եկատերինբուրգում տեղի ունեցած իրադարձությունների առթիվ։

Խոսքը նախօրեին ՌԴ անվտանգության ծառայության աշխատակիցների իրականացրած գործողությունների մասին է, որոնց հետևանքով զոհվել է երկու ադրբեջանցի, մի քանիսը ձերբակալվել են: Ընդ որում, ադրբեջանական կողմը նշում է, թե զոհերը եղել են ՌԴ քաղաքացիություն ունեցող ադրբեջանցիներ:

Ռուսական անվտանգության ծառայության գործողությունները պայմանավորված են եղել դեռևս 2001 թվականին տեղի ունեցած սպանության գործոն: Բաքվում կասկածամիտ հարց են հնչեցնում՝ պրոպագանդայի միջոցով, թե այդ ի՞նչ նոր իրողություններ են երևան եկել, որ առիթ են դարձել ադրբեջանցիների հանդեպ հետապնդման:

Դատելով ադրբեջանական քարոզչամեքենայից, Բաքուն հակված է խնդրին առնվազն այդ դաշտում հաղորդել քաղաքական երանգ, ընդ որում այն համատեքստով, որ հենց ռուսաստանյան իրավապահներն են քաղաքական նկատառումով հետապնդել ադրբեջանցիներին:

Ըստ Բաքվի, այսպես ասած ռեզոնն այն է, որ Ադրբեջանը շարունակում է Ռուսաստանից իրավական պատասխան պահանջել դեռևս նախորդ տարի դեկտեմբերին կործանված ադրբեջանական օդանավի համար, որն ընկել էր ղազախական Ակտաուի մոտակայքում, բայց վնասվել էր Չեչնիայի երկնքում, ըստ որոշ տեղեկությունների՝ ուկրաինական անօդաչուների դեմ ռուսական ՀՕՊ աշխատանքի հետևանքով:

Ռուսաստանը որևէ ընթացք չի տալիս Ադրբեջանի հարցապնդումներին: Ռուս-ադրբեջանական հարաբերությունում շարունակվում է «անբարենպաստ թռիչքային եղանակը», ինչի պատճառով թերևս մայիսի 9-ին Իլհամ Ալիևը չմեկնեց Մոսկվա շքերթի, թեև նախապես, կարծես թե, համաձայնություն տվել էր՝ ընդ որում Լուկաշենկոյի, Էմոմալի Ռահմոնի ու Պուտինի հետ համատեղ հեռախոսազրույցում:

Ընդ որում` ուշադրության է արժանի, որ մայիսի 6-ին՝ շքերթից երեք օր առաջ ռուսները օդանավակայանից հետ էին ուղարկել Ադրբեջանի կառավարող ուժի պատգամավորին, արգելելով նրա մուտքը Ռուսաստան՝ անցանկալի հայտարարությունների համար:

Մոսկվան այդ պահին գիտե՞ր արդեն, որ Ալիևը չի գնալու, թե՞ այդքան էլ չէր ուզում նրա ներկայությունը Մոսկվայում: Բարդ է ասել միարժեք, բայց, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունը գտնվում է բավականին լարված նյարդի վրա, գործնականում կասկածից վեր է:

Ռուս-ադրբեջանական, թե իրան-ադրբեջանական փոխհարաբերության լարված նյարդը բոլորովին առիթ չէ ձևավորել Հայաստանում սպասումներ, թե ուր որ է Մոսկվան կամ Թեհրանը կպատժեն Բաքվին:

Ավելին, եթե անգամ լինի որևէ պատիժ, այն հազիվ թե որեւէ կերպ ենթադրի Հայաստանի համար անմիջական օգտակարություն՝ այսպես ասած հոգեբանական-բարոյականից զատ: Իհարկե, դա էլ ավելորդ չէ, բայց գործնական քաղաքականության տեսանկյունից այն ավելորդ է որևէ սպասում առաջացնելու իմաստով:

Հայաստանի համար, թերևս, անիրատեսական, իռացիոնալ կլինի քաղաքականություն կառուցել թեկուզ երկրորդային առումով այն ակնկալիքի վրա, որ Մոսկվան ու Թեհրանը կարող են խնդիր ունենալ Բաքվի հետ և դրա բերումով դառնալ այսպես ասած՝ հայամետ:

Սա վերաբերում է ոչ միայն կոնկրետ դերակատարների, այլ միջազգային հարաբերությունների սխեմային ընդհանրապես: Այդուամենայնիվ, ձեռքը զարկերակին պահելը կարող է տալ դիվանագիտական հավելյալ տարածության և աշխատանքի հնարավորություն, որը անհրաժեշտ հմտության պարագայում կարող է անմիջական օգտակարություն ունենալ Հայաստանի համար: