ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է բժիշկ-ռադիոլոգի կողմից իրավունք վերապահող բժշկական փաստաթուղթ կեղծելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ զորակոչիկը 2023 թվականի նոյեմբերի 10-ին հետազոտվել է բժշկական կենտրոնում, որի ժամանակ վերջինիս մոտ իբր ախտորոշվել է այնպիսի հիվանդություն, ինչը հիմք է տվել զինկոմիսարիատի զորակոչային բժշկական հանձնաժողովին արձանագրելու, որ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ցանկի համաձայն՝ Լ.Մ.-ն պիտանի չէ զինվորական ծառայության համար։
Բժիշկ-ռադիոլոգի տված ախտորոշման իսկությունը պարզելու նպատակով նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն: Ստացված եզրակացության համաձայն՝ զորակոչիկի մոտ նման հիվանդություն չի հայտնաբերվել, որով էլ հիմնավորվել է բժիշկ-ռադիոլոգի կողմից կեղծ բժշկական փաստաթղթի պատրաստման փաստը։
Նախաքննության ընթացքում բժիշկ-ռադիոլոգի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը):
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բաց մի թողեք
Ձերբակալվածներ կան, այդ թվում՝ տեսչական մարմնի ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձինք․ ՀԿԿ
Հերթը հասավ Հայրապետյանների եւ Քալանթարյանների ընտանիքներին, ովքեր իշխանամետ գործարարների ճամբարից են
Սեյրան Օհանյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է