02/07/2025

Բաքվի լացը չի կտրվում․ Հիմա էլ Վորոնեժում են ադրբեջանցիներ ձերբակալվել

Վորոնեժում շարունակվում են լայնածավալ խուզարկությունները. տեղի իշխանությունների համաձայն դրանք պայմանավորված են միգրացիոն օրենսդրության ստուգումների հետ: 

Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ ԱԴԾ աշխատակիցների կողմից ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների ձերբակալությունների մասին:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ «իրավախախտների» թվում են Ադրբեջանի, Կուբայի և Կենտրոնական Ասիայի երկրների քաղաքացիներ:

Հիշեցնենք, որ հունիսի 27-ին համանման ստուգայցեր էին տեղի ունեցել նաև Եկատերինբուրգում, ինչի հետևանքով չեզոքացվել էր 2 ադրբեջանցի, մի քանիսը վիրավորվել էին, որոշները՝ ձերբակալվել՝ քրեական մեկ այլ գործի՝ սպանության կասկածանքով:

Միջադեպը լուրջ հիստերիա է առաջացրել Բաքվում, որտեղ չեղարկել են ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այցը, ինչպես նաև չեղյալ հայտարարել Ռուսաստանի կողմից նախատեսված մշակութային միջոցառումները: Բացի այդ, Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունը հրաժարվել է մեկնել Մոսկվա՝ ռուս գործընկերների հետ կայանալիք միջխորհրդարանական հանդիպմանը:

Ադրբեջանի ԱԳՆ-ն իր հերթին Ռուսաստանից պահանջել է միջադեպի հանգամանալից քննություն և մեղավորների պատժում, գերատեսչություն է հրավիրվել նաև ՌԴ դեսպանը: ՌԴ ԱԳՆ-ից էլ արձագանքել են, որ Եկատերինբուրգի դեպքերը քրեաիրավական տիրույթում եմ և գտնվում են ռուս իրավապահների պատշաճ հսկողության տակ:

Ադրբեջանական մամուլն ու քաղաքական շրջանակները շարունակում են հակառուսական հրապարակումներ անել, ընդհուպ՝ ռուսական կողմին մեղադրելով ադրբեջանցիների դեմ ցուցադրական ու խտրական արշավի մեջ: Մեղադրանքի սլաքները ուղղվել են մինչև Կրեմլ՝ մատնանշելով նույնիսկ Վլադիմիր Պուտինի անունը: