02/07/2025

Ինչ է ասել Արայիկ Հարությունյանը Ջալալ Հարությունյանի մասին Բաքվի դատարանում

Բաքվի ռազմական դատարանում այսօր վերսկսվել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների գործով կեղծ դատավարությունը:

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները և նշում, որ «դատական նիստի ժամանակ» ցուցմունք է տվել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա, իբր, հայտարարել է, թե Արցախի պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանին գեներալ-լեյտենանտի կոչումը շնորհվել է 2020 թվականին՝ Հայաստանի այն ժամանակվա նախագահի կողմից։

«Գեներալ-լեյտենանտի կոչումը Ջալալ Հարությունյանին շնորհվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից։ Վարչապետի առաջարկությամբ նախագահը ստորագրել է այս հրամանագիրը»,-Հարությունյանին վերագրվում է հետևյալ ցուցմունքը։

Բացի այդ, Արցախի նախկին նախագահն, իբր, նշել է, թե «Արցախի հանրապետությունը չի ունեցել ռազմական ոստիկանություն, ռազմական դատախազություն կամ ռազմական դատարան՝ ռազմական հանցագործությունները քննելու համար».

«Ռազմական ոստիկանությունը Հայաստանի զինված ուժերի կառույց է։ Ռազմական դատախազությունը նույնպես գործել է որպես Հայաստանի դատախազության մաս։ Ես կարծում եմ, որ ընդհանուր դատավարություններն անցկացվել են Սյունիքի դատարանում։ Այսինքն՝ նման դատավարություններ Ղարաբաղում չեն անցկացվել»։