Հայաստանում Չինաստանի դեսպանատունը հաղորդագրություն է տարածել Հայաստանի ԱԳ նախարար Միրզոյանի ու Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հանդիպման մասին, որ կայացել էր Պեկինում հունիսի 25-ին՝ Միրզոյանի պաշտոնական այցի շրջանակում:
«Չինաստանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ՝ բարեկամությունը ժառանգելու, փոխադարձ վստահությունն ամրապնդելու, համագործակցությունը խորացնելու, երկու երկրների զարգացմանն ու վերածննդին նպաստելու և երկու երկրների ժողովուրդների համար ավելի շատ օգուտներ ստեղծելու համար:
Աշխարհը գտնվում է գլոբալացման դարաշրջանում, «գլոբալ Հարավը» համատեղ բարձրանում է, ճամբարային առճակատումը լիովին հնացած է, և միջազգային լանդշաֆտն, ի վերջո, կանցնի բազմաբևեռացման»,ասված է հաղորդագրության մեջ։
Ըստ էության, Պեկինը վերհաստատում է, թե ինչպես է պատկերացնում Հայաստանի հետ երկկողմ հարաբերության կոնցեպտուալ ողնաշարը՝ «Գլոբալ հարավի» համատեքստում:
Դրա մասին դեռևս ապրիլին հոդված էր հրապարակել Հայաստանում Չինաստանի գործերի այն ժամանակ առ ժամանակավոր հավատարմատարը, անդրադառնալով հայ-չինարական երկկողմ հարաբերությանը՝ դիվանագիտական հարաբերության հաստատման 33-ամյակի առնչությամբ:
Հայաստանի ԱԳՆ խոսնակը Արմենպրեսին մեկնաբանելով Միրզոյանի այցը, նշել է, որ Երևանն ու Պեկինն ունեն հարաբերությունը ռազմավարական մակարդակի բարձրացնելու կամք:
Իհարկե, դա լավ է, բայց հարց է առաջանում, թե այդ դեպքում ի՞նչ խոչընդոտ կա այդ ճանապարհին և ինչու՞ Հայաստանի ԱԳ նախարարի այցը, ըստ էության բացի այդօրինակ հայտարարություններից, այդուհանդերձ աչքի չընկավ որևէ կոնկրետությամբ կամ ստորագրված փաստաթղթով:
Ավելին, չեղավ անգամ նախարարների համատեղ հայտարարություն կամ մամուլի ասուլիս: Սա նշանակում է, որ այդուհանդերձ կան հարցեր, կամ հարց, որը էական է՝ հայ-չինական հարաբերության նոր մակարդակի ճանապարհին:
«ԱԳ նախարարների քննարկումներում առկա է եղել Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» և Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրերի համադրելիության, և գուցե ավելին՝ փոխլրացման վերաբերյալ հստակ ընկալում», ասում է Հայաստանի ԱԳՆ խոսնակն Արմենպրեսին:
Ըստ ամենայնի, հենց այդ «համադրելիության» առարկայացման հեռանկարից է կախված լինելու հայ-չինական հարաբերության առարկայորեն նոր մակարդակը՝ խոսքերից ու հայտարարություններից անդին:
Բայց, այստեղ, իհարկե, առաջանում է մեկ այլ կարևորագույն հարց՝ հայ-չինական որևէ նոր մակարդակի և չին-ադրբեջանական ռազմավարական գործակցության համադրելիության հեռանկարը:
Բաց մի թողեք
Ադրբեջանն ինչ նոր պլաններ ունի, ուր Մոսկվան էլ իբր ուզում է ճնշել
Հայաստանի Հանրապետությունը ծանուցվել է ներդրումային վեճի մասին
Անկումը շարունակվում է․ հուլիսի 1-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են