02/07/2025

Ով արհամարհում է Հայրապետին ու հալածում եպիսկոպոսներին, նա մերժում է նաև այն միությունը, որի կրողն ենք մենք՝ ամուսնացյալ քահանաներս

Պատասխան առ ՀՀ վարչապետի՝ ամուսնացյալ քահանաներին ուղղված հրապարակային հայտարարությանը:

Տեր Գարեգին քահանա Սարգսյանը  պատասխանել է ՀՀ վարչապետի՝ ամուսնացյալ քահանաներին ուղղված հրապարակային հայտարարությանը։

«Ես՝ որպես ամուսնացյալ քահանա, չեմ կարող եղբայր լինել նրան, ով թշնամանում է իմ Եկեղեցու, ազգի, պատմության ու սրբությունների հետ։

Իմ հոգևոր ընտանիքն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, և իմ Հոգևոր Հայրն է՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Ով մերժում է սրբությունները, պատմական արդարությունը և ազգիս հոգևոր սպասավորներին, չի կարող լինել իմ եղբայրը Քրիստոսով»,- հայտարարել է Տեր Գարեգինը։

***

Տեր Փառեն քահանա Պետրոսյանը գրել է․ ««․․․ով կատարում է կամքը իմ Հօր, որ երկնքում է, նա՛ է ինձ եղբայր եւ քոյր եւ մայր» (Մատթ․ 12։50)

Ես՝ որպես ամուսնացյալ քահանա, հավաստիացնում և հաստատում եմ, որ քեզ եղբայր չեմ կարող լինել։ Քանզի ինձ համար Սրբություն Սրբոց են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Հոգուս ծննդավայրն են Մեր Սրբոց տաճարներն ու վանքերը, և ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅՐՍ է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Մեր Սուրբ Եկեղեցու յուրաքանչյուր Արքեպիսկոպոս ու Եպիսկոպոս հայ ազգի հոգևոր հայրն է, աստվածաբան-վարդապետը, բախումների ժամանակ՝ խաղաղարարը, դժբախտության պահին՝ սփոփիչը։ Ամեն մի Եպիսկոպոսի ձեռամբ օծվում և հոգևոր ծնունդ են առնում բազմաթիվ քահանաներ, որոնք և սպասավորում են Հայ ազգին ու Մեր Տեր Հիսուս Քրիստոսին։

Մի անձ, ով կարող է գործել հայի ինքնության դեմ, կարող է թիրախավորել ազգային Եկեղեցին, ով կարող է ուրանալ իր սրբություններն ու հողը հայրենի, ով կարող է խաբել, ստել ու կեղծել հայ ժողովրդին, մերժել դարավոր պատմությունն ու իր պապերի կերտած ինքնության ճանապարհը, ով կարող է կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանությունը, Արցախը համարել օտարինը, ոտնձգություններ կատարել հոգևորականների դեմ, նա չի կարող իմ եղբայրը լինել»։

***

Որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ կանոնական ձեռնադրությամբ ծառայող ամուսնացյալ քահանա՝ իմ պարտականությունը ոչ միայն Սուրբ Պատարագի մատուցումն ու Աստծո Խոսքի քարոզությունն է և այլ ծեսեր ու արարողություններ, այլև՝ Եկեղեցու միասնության և ամբողջականության պաշտպանությունը, անկախ անձնական հագուրդներից կամ քաղաքական մթնոլորտից։

Վերջերս արված այն հայտարարությունները, թե «ամուսնացյալ քահանաներն իմ եղբայրներն են», արտաքինից կարող են հնչել որպես եղբայրական ջերմություն և կապի հաստատման փորձ։ Սակայն իրական եղբայրը նա է, ով հարգում է ընտանիքը, այլ ոչ թե պառակտում է այն։

Մեր հոգևոր ընտանիքի գլուխը, Եկեղեցու սահմանված կարգով, Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, իսկ եպիսկոպոսաց դասը մեր հովվապետական առաջնորդությունն է՝ ձեռնադրությամբ ու Սուրբ Հոգու շնորհով հաստատված։ Ով արհամարհում է Հայրապետին ու հալածում եպիսկոպոսներին, նա ըստ էության մերժում է նաև այն միությունը, որի կրողն ենք մենք՝ ամուսնացյալ քահանաներս։

Հետևաբար, անհնար է սիրել մեկ անդամին և մերժել Մարմնի գլուխն ու սյուները։
Որպես ծառա Տիրոջ մեջ՝ ես մերժում եմ այն թյուր պատկերացումը, թե հնարավոր է «եղբայրություն» քարոզել մի ձեռքով՝ մինչ մյուսով քանդվում է Հայ Եկեղեցու ինքնիշխանությունը։ Եթե իմ հավատը և նվիրումը հարգանքի են արժանանում, ապա նույնը պարտադիր կերպով վերաբերում է նաև Վեհափառ Հայրապետին, ում օրհնությամբ ու ձեռնադրությամբ է յուրաքանչյուր քահանա իր գոտին կապել։

Խնդրում եմ՝ եթե իսկապես եղբայրական մոտեցում ունեք ամուսնացյալ քահանաների նկատմամբ, ապա ձեր խոսքը թող համընկնի ձեր գործերի հետ, և դադարեցվի այն պետական քաղաքականությունը, որը սանձազերծել է արշավ Հայ Եկեղեցու, Վեհափառ Հայրապետի և եպիսկոպոսաց դասի դեմ։

Աղոթում եմ, որ ճշմարտության լույսը հաղթի մոլորության խավարին։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ամուսնացյալ քահանա Տեր Վրթանես Բաղալյան