02/07/2025

Ռուսաստանը ցանկացե՞լ, բայց չի՞ կարողացել այդ հարցում կոնենսուս ապահովել

ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդաժողովից հետո Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսին հայտարարել է, որ Մոսկվան Հայաստանի «իշխող շրջանակների վրա ոչ մի ճնշում չի գործադրում, բայց բոլորն էլ հասկանում են, որ եթե Հայաստանը երես թեքի իր դաշնակիցներից, իր մերձավոր գործընկերներից, հարևաններից, հազիվ թե դա օգուտ տա հայ ժողովրդին»:

Ռուսները մի հայտնի արտահայտություն ունեն՝ «հիվանդ գլխից բարդել առողջին»: Եվ սա հենց այդ դեպքն է: Ոչ միայն նրա համար, որ Ռուսաստանը չի կարող որոշել և չպետք է որոշի, թե ովքեր են Հայաստանի դաշնակիցները և մերձավոր դաշնակիցները, այլ հատկապես նրա համար, որ Հայաստանը, ընդհակառակը, ձգտում է հարաբերությունները կարգավորել հենց հարևան երկրների հետ, որոնցից բոլորովին էլ երես չի թեքում:

Ընդհակառակը, գնում է երես առ երես բանակցությունների: Ինչպես՝ Ադրբեջանի դեպքում, չմիջնորդավորված հարաբերություններ է պահպանում Իրանի և Վրաստանի հետ՝ ձգտելով դրանք բարձրացնել իրական գործընկերության և փոխշահավետության մակարդակի, պատմական հաշտեցման է ձգտում Թուրքիայի հետ:

Ի՞նչն է այստեղ Ռուսաստանին անհանգստացնում, երբ բոլորն են հասկանում, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը մազաչափ, իսկ Ռուսաստանի դեմ չէ: ՌԴ արտգործնախարարին կարելի է հասկանալ. Մոսկվան վերջին տարիներին մերձավոր հարևանների հետ հասցրել է այնքան «փայտ ջարդել», որ կանգնած է ինտեգրացիոն կառույցների, եթե ոչ փլուզման, ապա հաստատ գործնականում արժեզրկման հեռանկարի առաջ:

Բայց դրանում ո՞րն է Հայաստանի պատասխանատվության կամ մեղքի բաժինը: ՀԱՊԿ-ում անդամակցության սառեցման պատճառը պաշտոնական Երևանը հրապարակայնացրել է վաղուց և շատ անկեղծորեն, այդ կառույցը գոնե քաղաքական հայտարարությամբ չի դատապարտել անդամ պետության՝ ՀՀ, դեմ Ադրբեջանի ագերսիան, չի սատարել նրա ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անխախտելիությանը:

Ռուսաստանը ցանկացե՞լ, բայց չի՞ կարողացել այդ հարցում կոնենսուս ապահովել: Շատ հնարավոր է, որ ՀԱՊԿ անդամ թուրքախոս պետությունները, որ Ադրբեջանի դաշնակիցներն են, Մոսկվայի հորդորներին չեն ենթարկվել:

Բայց դա նույնպես Հայաստանի խնդիրը չէ, դրանից չի հետևում, թե Հայաստանը պետք է շարունակի մնալ ռազմա-քաղաքական մի դաշինքի անդամ, որտեղ նրա գործընկերներն իրականում Ադրբեջանի շահերն են սպասարկում:

Ի վերջո, Հայաստանը և Ռուսաստանը դաշնակիցներ են երկկողմ պայմանագրով: Եվ եթե Մոսկվան իրականում շահագրգռված է Հայաստանի և նրա ժողովրդի անվտանգությամբ, բարեկեցությամբ և խաղաղ զարգացմամբ, ապա Երևանին կարող է առաջարկել հարաբերությունների բոլորովին նոր իրավական բազա:

Սերգեյ Լավրովը բոլորովին վերջերս է այցելել Երևան, բայց ոչ մի նախանշան չի հուշում, թե նա Հայաստանի վարչապետին և ԱԳ նախարարին որևէ սկզբունքային առաջարկություն է ներկայացրել: