02/07/2025

ՍԱՏՄ-ն ձգձգում է «Տաշիր պիցցայի» փակված մասնաճյուղերի վերաբացումը

Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո Սննդի անվտանգության տեսչական մարմինը մեկը մյուսի ետեւից փակեց «Տաշիր պիցցա» պիցցերիաների ցանցի մասնաճյուղերը:

Հիշեցնենք, Փաշինյանի հրահանգով Սամվել Կարապետյանին 2 ամսով կալանավորեցին` մեղադրանք առաջադրելով «իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի» հոդվածով։

«Տաշիր պիցցայի» ցանցի մարքեթինգային բաժնի աշխատակից Արտակ Մաթեւոսյանը տասն օր առաջ մեզ ասել էր, որ ընդհանուր 10 մասնաճյուղ է փակվել, որից 7-ի դեպքում խնդիրները վերացված են եւ դիմել են ՍԱՏՄ՝ վերաբացման համար։

Մաթեւոսյանն այսօր անդրադառնալով փակված օբյեկտների թվին՝ ասաց, որ դեռեւս 10 օբյեկտ  փակ է․ «10 օբյեկտները դեռեւս չեն գործում, բայց այլ ինֆորմացիա՝ երբ կբացվի, այդ հարցերին չեմ կարող պատասխանել, որովհետեւ չեմ տիրապետում։ 7-ի համար մենք դիմում ներկայացրել էինք, որ օբյեկտները կարող են աշխատել, մենք ուղղել ենք, շտկել ենք, բայց վերաբացման վերաբերյալ ինֆորմացիայի չեմ տիրապետում։ Այն նկատառումները, որոնք ուներ ՍԱՏՄ-ն, կարգավորված է, մենք դիմումն ուղարկել ենք, սպասում ենք իրենց պատասխանին»։

Դիմեցինք ՍԱՏՄ-ին, մեզ պատասխանեցին՝ դեռեւս 10 մասնաճյուղ փակ է, դիտարկմանը, թե նախորդ շաբաթ են դիմել, ասացին․ «Անցած շաբաթ են ներկայացրել, մենք այս շաբաթ վերահսկողություն կիրականացնենք, եթե ստուգումների արդյունքում կպարզվի, որ խնդիրները վերացված են` կվերաբացվեն»։

Ավելի վաղ «Հրապարակ»-ը գրել էր, որ մեծ եռանդով «Տաշիր պիցցայի» մասնաճյուղերը փակող ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնակատար Տիգրան Պետրոսյանը այդպիսով մեկ նպատակ էր դրել՝ նշանակվել ՍԱՏՄ պետ, ինչն օրեր առաջ տեղի ունեցավ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրամանագիր ստորագրեց եւ Պետրոսյանին նշանակեց։ Սրանով մի կարեւոր հարց է լուծել Փաշինյանը՝ ցույց է տվել, որ իր ապօրինի հրահանգները կատարողները պարգեւատրվելու են, խրախուսվելու են՝ անկախ նրանից արժանի են դրան, թե ոչ։

Աննա Պապիկյան