15/10/2025

Վրաստանում չեն խաղաղվում․ Բազմահազարանոց հանրահավաք է տեղի ունեցել

Նախօրեին Թբիլիսիում բողոքի ցույցի դուրս է եկել զգալիորեն ավելի մեծ թվով մարդ՝ արձագանքելով իրավապաշտպանների, քաղաքացիական հարթակների և նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կոչերին:

Վրացական լրատվամիջոցները հաղորդում են, որ ընդդիմության մի մասը ևս միացել է բողոքի ցույցին։

Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ ցուցարարների հիմնական ծրագիրը միասնությունն է. «Մեր պատասխանը միասնությունն է: Ծրագիրը միասնությունն է վաղը, մյուս օրը, մինչև մենք արդյունքի հասնենք»,-հայտարարել է նա։

Իշխանություններն իրենց հերթին ցուցարարներին մեղադրել են «արտաքին ուժերին» և «հեղափոխական տրամադրություններին» աջակցելու մեջ։

Բազմահազարանոց հանրահավաքը տեղի է ունեցել մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի մոտ:

Ցուցարարները բողոքի ձայն են բարձրացրել կառավարության քաղաքականության, այդ թվում՝ ընդդիմության առաջնորդների վերջերս տեղի ունեցած ձերբակալությունների դեմ: Նրանցից մի քանիսը դատապարտվել են 7-8 ամսվա ազատազրկման՝ Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության օրոք տեղի ունեցած իրադարձությունները հետաքննող խորհրդարանական հանձնաժողովի նիստին մասնակցելուց հրաժարվելու համար։

Ռուսթավելի պողոտան, որտեղ գտնվում է խորհրդարանը, որոշ ժամանակ փակվել է: Տարածքում եղել են մեծաթիվ ոստիկանական զորքեր:

Նշենք, որ Վրաստանում բողոքի ցույցերը շարունակվում են 2024 թվականի նոյեմբերի 28-ից, այն բանից հետո, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց ԵՄ-ի հետ բանակցությունների մեկնարկի գործընթացը կասեցնելու մասին։