02/07/2025

Մոսկվան Եկատերինբուրգի գործը «կջրի՞», թե՞ ստեղծվել է, որ Պուտինն Իլհամ Ալիևի հետ «գործարքի առարկա» ունենա

Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկի Բաքու այցը, որ ծրագրված էր հունիսի վերջին, չեղյալ է հայտարարվել: Այդ մասին հաղորդել է ադրբեջանական Trend գործակալությունը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:

Ըստ այդմ, Օվերչուկի այցի չեղարկման պատճառը հունիսի 27-ին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության հատուկ նշանակության ջոկատի կողմից Եկատերինբուրգ քաղաքում իրականացրած գործողություններ են, որոնց հետևանքով «մի քանի ադրբեջանցի դաժանորեն սպանվել է»:

Ադրբեջանական գործակալության աղբյուրներն ընդգծել են, որ «ստեղծված իրավիճակում պաշտոնական Բաքուն Օվերչուկի և Ռուսաստանի Դաշնության ցանկացած պաշտոնական դեմքի Ադրբեջան այցը նպատակահարմար չի տեսնում»:

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ Բաքվում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը հրավիրվել է ԱԳՆ, որտեղ նրան «ամենավճռական բողոքն է հայտնվել» Եկատերինբուրգում տեղի ունեցածի առթիվ: Ադրբեջանը պահանջել է բացահայտել և օրենքի ողջ խստությամբ պատժել մեղավորներին:

Միջադեպի կապակցությամբ ՌԴ Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ Եկատերինբուրգում բերման են ենթարկվել նախկինում հանցագործությունների կատարման մեջ կասկածվող մի խումբ անձինք, որ էթնիկ հանցախմբի անդամ են:

Հղում անելով ՔԿ-ի հայտարարությանը, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ ձեռք բերված փաստական նյութի մասին Մոսկվան իրազեկել է ադրբեջանցի գործընկերներին: Ռուսաստանի քաղաքական իշխանությունն, այսպիսով, որևէ կերպ չի կասկածել Քննչական կոմիտեի ներկայացրած պարզաբանմանը, լրացուցիչ ուսումնասիրություններ անցկացնելու մասին Բաքվին հավաստիացում չի արել:

Կարելի է վստահաբար ասել, որ Օվերչուկի Բաքու այցի չեղարկման գլխավոր պատճառն այն է, որ պաշտոնական Մոսկվան ևս ընդունել է, որ Եկատերինբուրգում ավելի քան քառորդ դար գործել է էթնիկ ադրբեջանցիների հանցախումբը, որի անդամները կասկածվում են վարձկանությամբ մարդասպանություններ իրականացնելու, մահափորձեր կազմակերպելու մեջ:

Ըստ որոշ տեղեկությունների, Եկատերինբուրգում ձերբակալվել է ավելի քան հիսուն ադրբեջանցի, մի քանի տասնյակ անձինք թաքնվում են, նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Ի՞նչ առաքելությամբ էր Բաքու ժամանելու Ալեքսեյ Օվերչուկը: Քառասունչորսօրյա պատերազմից հետո նա զբաղվել է տարածաշրջանի կոմունիկացիաների գործարկման հարցերով, նրա մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մի քանի աշխատանքային հանդիպում է կայացել:

Բայց Օվերչուկն ավելի շատ զբաղվել է Ադրբեջանի տարածքով Իրանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության հաստատման հարցերով:

Իրանում և նրա շուրջ նոր իրավիճակի հետ կապված՝ հնարավոր է, որ այդ ծրագրերի գործնականացման հարցում խնդիրներ են առաջացել: Ադրբեջանը չափազանց դժվարությամբ է համաձայնել Ռուսաստան-Իրան հաղորդակցության տրանզիտի ապահովմանը:

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան պատերազմից հետո, երբ Իսրայելի վարչապետը և Միացյալ Նահանգների նախագահը խոսում են «բոլորովին նոր Մերձավոր Արևելքի» մասին, Բաքվին, բնականաբար, որոշակի ժամանակ է պետք, որպեսզի կողմնորոշվի: Պարզ չէ, մանավանդ, թե Ռուսաստանի հետ հաղորդակցությունն այսօր որքանո՞վ է շահեկան Իրանի համար:

Բաքուն, երևում է, նախապատրաստվում է Մոսկվայի հետ դիվանագիտական տևական «ճակատամարտի», որովհետեւ մերժում է ոչ միայն Օվերչուկին, այլեւ Ռուսաստանի ցանկացած այլ պաշտոնյայի այցը:

Մոսկվան Եկատերինբուրգի գործը «կջրի՞»: Իսկ գուցե այն բացվել է, որպեսզի Վլադիմիր Պուտինն Իլհամ Ալիևի հետ «գործարքի առարկա» ունենա՞, թե ռուս-ադրբեջանական հարաբերություններում իրոք «սառցե դարաշրջա՞ն է սկսվում»: